ՀՀ կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել «Ասկե գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին: «Ժողովուրդ» թերթի տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է պողպատե ամրանների և պողպատե մանրեցման գնդերի արտադրությամբ Չարենցավան քաղաքում։ Այն հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկություն է և պատկանում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միշա Հարությունյանին, որը եղել է նախկին իշխանության հենասյուներից մեկը: «Փաստորեն, նախկիններին ներող Նիկոլ Փաշինյանն օգտվում է նույն նախկինների, իր խոսքով ասած՝ թալանչիների ծառայություններից: Համաձայնեք՝ Փաշինյանը շատ սկզբունքային է»,- եզրակացրել է թերթը:
Սա, ի դեպ, Հարությունյանների միակ համագործակցությունը չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։ Այս տարվա փետրվարի 3-ի նիստում էլ հաստատվեց Ապարանի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում լեռնային համալիր կառուցող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և Էկոնոմիկայի նախարարության միջև։ Այս ընկերության հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ (Միշա) Հարությունյանի որդին է։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հենց Քերոբյանի ջանքերով է տվյալ նախագիծը հավանության արժանացել։ Իսկ նախագծի բովանդակությունը հետևյալն է․ նախաձեռնվելու է ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և նպատակային նշանակության փոփոխման գործընթաց։ Այս առնչությամբ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել էր, թե ներկայացված պահանջները հակասում են օրենսդրությանը, և հնարավոր չէ մարզպետի կամ համայնքի ղեկավարի որոշումներով ուղղակի վերցնել և տարածքը փոխանցել ներդրողին։ Բայց դե, կառավարությունը նախընտրեց Հարությունյանին լսել։ Այնպես որ՝ նախկինների օրոք օֆշորի գեներալ տիտղոսին արժանացած Միհրան Պողոսյանի գերդաստանը լավ էլ լեզու է գտել Փաշինյանի հետ։ Երևի տեսակով նույնն են։
Գոհար Վեզիրյան