...Եվ ութերորդ օրը ջրերը քաշուեցին, եւ վրանները յաւաքուեցին, եւ բանաձեւ եղաւ ի վերայ ժողօւրդի, եւ ամէնքը լսեցին զկարգախօսն նորոգեալ վասն հրաժարականի, եւ տէսան, որ անյապաղ է։ Ամէն։
Այնժամ յամակիրներից մեկը մօտեցաւ առաջնորդին, եւ խօսեց նորա առաջին եւ ասաց. «Տե՛ր, ահա Հրեաստանի մեջ շուրջօրեայ եղաւ եւ ամենքս վրանների մեջ էինք, եւ գուցե թե կազմաքանդեալ լինի զբուրգն աւազակապետական։ Մի՞թե իրաւ Աստուած վեց օրուայ մեջ երկիրը ստեղծեց եւ յոթերորդ օրը հանգստացաւ, բայց մենք ութ օրուայ մեջ մեր երկիրը կարգի չբերեցինք, որ քարտէզի վրայ մանանեխի հատիկի պես է»։ Սա էլ պատասխանեց, եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` մարդուն ստեղծելուց առաջ Աստուած ամէնայն բույսերը ստեղծեց` եւ խօտերը, եւ ծառերը, բայց երբ մենք հրապարակ մտանք, դորանք արդեն ստեղծուած էին, եւ յոնջաների պակաս բնաւ չկար, եւ դորանք ամէնքը ֆէյսբուքի մեջ էին։ Եվ դարձեալ ասում եմ ձեզ` հետո Աստուած կենդանիները ստեղծեց` եւ միջատներին, եւ սողուններին, բայց ահա մենք հրապարակ մտանք, եւ դորանք արդեն ստեղծուած էին եւ ճանապարհներն էին փակում, ինչպես որ իրենց խասեաթն է։ Հիմա մենք պիտի մարդ ստեղծենք, բայց մի՞թե երկնային տիրոջ պես ենք, որ կաւից մարդ սարքենք, եւ սորանք բազմանան, եւ լեցնեն հրապարակը։ Եվ եթե առաջներում մեկ գումարած մեկ էինք ասում, հիմա հինգ գումարած հինգ ասենք, որ կատարուի մարգարեութիւնը, թե յաղթելու ենք»։
...Եվ երբ այսպես էր ասում, Սերժի պատուիրակները երեւացին նորանց առաջին, եւ սորանցից մեկը խոսեց, եւ ասաց. «Տե՛ր, ահա երկխօսութեան եկայ, որ ասեմ, թե բնաւ չենք երկխօսելու ի վերայ անյապաղի, զի մենք բնաւ շտապելու տեղ չունենք»։ Սա էլ ծիծաղեց եւ ասաց. «Ահա այդպէս խօսեցիք եւ հաճելի եղաք ձեր տիրօջ առաջին, որ գուցե թէ ցուցակի մեջ յայտնուեք, որ եբրայերեն նախընտրական կոչուի։ Բայց մի՞թե տերեւները շտապելու տեղ ունեն, որ ահա աշունը գալիս է, եւ դորանք չօրանում են եւ թափվում։ Ձեր օրերը մօտենում են, եւ զգոն պիտի լինեք, զի ոչ ոք չգիտի օրը եւ ժամը»։ Եվ սորանք ամէնքը լսեցին, եւ իմացան, որ իրենց համար է ասում։ Ամէն։
«Չորրորդ իշխանություն», 13 հոկտեմբերի, 2011թ.