ՀՅԴ երիտասարդական ու ուսանողական միության անդամները բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց: Ակցիայի անցկացման պատճառն էր Ուկրաինայի հայտարարությունը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի հետ:
«Դուք սեպ եք խրում Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների մեջ: Բոլորիս պարզ է դրա պատճառը, դրա հետևում կանգնած են մեծ ֆինանսներ, տարբեր, տարբեր շարժառիթներ: Մենք եկել ենք ձեզ փոխանցեք ձեր եփած ճաշը, ձեր եփած բորշչը, ուզում ենք ասել՝ կերեք այդ բորշչը և սուս մնացեք»,- հայտարարել են երիտասարդ դաշնակները և ափսեներով բորշչ նետել դեսպանատան ուղղությամբ:
«ՉԻ». Այ, սա ուրիշ բան: Մեղք էին այս ջահելները, անգործ, անկապ թրև էին գալիս: Իշխանություն էլ չկա, որ հետը կոալիցիա կազմեին: Վերջապես իրենց ռազմահայրենասիրական ջիղը ցուցադրելու շանս ստացան: Անկասկած, սա հրաշալի, փայլուն, իսկական դաշնակցական ակցիա էր: Համարյա «Բանկ Օտտոմանը» գրավելու պես մի բան էր:
Իսկ որ բորշչ են թափել ուկրաինական դեսպանատան առջև, դա ցույց է տալիս, որ Դաշնակցությունն այլևս 19-րդ դարի հայդուկային մտածելակերպը թոթափել է, հասկացել է, որ պետք է 21-րդ դարին համահունչ քայլել, կրեատիվ լինել, հայրենասիրական մոդերն գաղափարներ կենսագործել:
Պետք է տեմպը չթուլացնել: ՀՅԴ-ին խորհուրդ ենք տալիս հետագայում էլ այսպես գործել:
Օրինակ՝ եթե բողոքի ակցիա անեք ԱՄՆ-ի դեսպանատան առջև, պետք է համբուրգեր թափել:
Ճապոնիայի դեսպանատան առջև՝ սուշի լցրեք, ծովախեցգետնով, ծովային կաղամբով, բանով:
Ֆրանսիայի դեպքում՝ ժարիտ արած խխունջներ:
Գերմանիայի դեպքում՝ մի ցիստերն գարեջուր:
Իտալիայի դեպքում գործը հեշտ է. Քոչարյանից պիցցա կվերցնեք, ինչքան պետք է, կբերեք, բոլ-բոլ կլցնեք:
Վրաստանի դեսպանատան առջև վատ չի դիտվի խինկալիի և չեբուրեկիի համատեղ «թափումը»՝ տղեմալիի սոուսով:
Բրազիլիայի դեպքում՝ միայն թսկած գնդակներ:
Չինաստանի դեպքում՝ ինչ էլ լցնեք, կանցնի:
Ռուսաստանի դեպքում... չէ, էս մեկը պետք չի, Ռուսաստանը մեր ավագ ընկերն է, հավերժ բարեկամը, մարդ ես, կարող է բարկանան, ՀՅԴ-ն կիսով չափ անտեր մնա: