Երեկ Սերժ Սարգսյանի ծնունդն էր: Եվ նրա կուսակիցներն ու աջակիցներն իրենց առաջնորդի ծնունդը շնորհավորելիս հերթական անգամ որպես նրա գլխավոր ձեռքբերում նշեցին առանց արյան իշխանությունը հանձնելու կամքը:
Իհարկե, հասկանալի է շնորհավորողների վիճակը: Եթե պետության ղեկավարը, 10 տարի աշխատելով նախագահի պաշտոնում, չի ունեցել որևէ ձեռքբերում, ավելին՝ ամբողջ պաշտոնավարումը ձախողումների մի ամբողջ շղթա է, ստիպված ես այսպիսի փաստարկներով գունազարդել հոբելյարին հղվող բարեմաղթանքները:
Արյուն չթափելու և զինված ուժերը չօգտագործելու մասին բարձրաձայնողները միտումնավոր մոռանում են մեկ կարևոր հանգամանք: 2018 թվականի ապրիլի 22-ին՝ հրաժարականից մեկ օր առաջ, Մարիոթ հյուրանոցում Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասաց ամենակարևոր խոսքը՝ դուք այլևս չեք տիրապետում իրավիճակին: Հաջորդ օրը հրաժարականի տեքստում Սերժ Սարգսյանը ամբողջովին ընդունեց Փաշինյանի գնահատականը՝ հատուկ շեշտելով, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ:
Ապրիլի 23-ի առավոտյան փողոց դուրս եկան նաև պաշտպանության նախարարության առանձին ստորաբաժանումների զինծառայողներ, և Սերժ Սարգսյանը հասկացավ, որ արյուն թափելու փորձը առաջնահերթ կարող է վնասել իրեն և իր հարազատներին: Մի իրավիճակ է գիտակցված հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մեկ այլ իրավիճակ՝ ունենալ հեռատեսություն չգնալու արկածախնդրության՝ հաշվեկշռում ունենալով բավականին աղքատիկ ելակետային հնարավորություններ:
Սերժ Սարգսյանին վերագրել, թե նա առանց արյան իշխանություն է հանձնել նույն է, թե ռեցեդեվիստին գովես, որ հերթական անգամ չի գնացել գողության՝ քաջ գիտակցելով, որ ոստիկանությունը դարանակալել է և սպասում է նրան:
Այս համատեքստում չափազանց կարևոր է դառնում նաև Մարտի 1-ի խնդիրը: Եթե Սերժ Սարգսյանը այդպիսի հիանալի անձնավորություն է՝ հավատարիմ ներքաղաքական հարցերում զինված ուժերի չգործադրման սկզբունքին, 2008 թվականի Մարտի 1-ին ինչո՞ւ կրկին վարչապետի պաշտոնում ոչինչ չձեռնարկեց կանխելու մարդկանց գնդակահարությունը: Ինչո՞ւ չհայտարարեց, որ չի ցանկանում այդ գնով ստանալ նախագահի պաշտոնը:
Իրականում Սերժ Սարգսյանի աջակիցների շնորհավորանքը և ևս մեկ անգամ հիշեցնելը, թե նա առանց արյուն թափելու իշխանություն է հանձնել, որևէ արժեք չունեն հասարակության աչքերում: Դա ևս մեկ հերթական քարի նետումն է Քոչարյանի կողմը, որ իբր Սարգսյանը ունի առավելություն Քոչարյանի հանդեպ: Իրենց հաշվարկներում դա խաղաքարտ է, որ դիրքային առավելություն է տալիս ընդդիմության առաջնորդի համար պայքարում և ռևանշիստներին իր շուրջը համախմբելու մրցավազքում:
Ցավը միայն այն է, որ հեղափոխությունից երկու տարի անց մենք դեռևս ականատեսն ենք այդ երկուսի իրար դեմ հյուսվող ինտրիգներին, ճիշտ է, այս անգամ ընդդիմադիրի կարգավիճակում: Մինչդեռ նրանք վաղուց պետք է ազատազրկված լինեին և իրենց հաշիվները մաքրեին, ասենք՝ կալանավայրի ճաշարանում:
Արիս Վաղարշակյան