...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ինքը մեկուսարանում է. միանգամից երկու գործ է անում. կարդում է Խոշտանգումների անթույլատրելիության մասին Ժնևի կոնվենցիայի պատկերազարդ բրոշյուրը և Վիկտոր Սողոմոնյանին է թելադրում ինքնակենսագրության 6-րդ հատորը:

«Հլը, հլը, այս հոդվածով ես խոշտանգվում եմ, իսկ էս մեկով՝ սեփականության իրավունքն են խոշտանգում: Ա՜խ, Նիկոլ, Նիկոլ, ուզում ես ինձ միլիարդատերից միլիոնատեր դարձնե՞ս, սպասի դուրս գամ...»,- ասում է ինքը ու Վիկտորին թելադրում. «Չնայած իշխանությունների աննախադեպ կտտանքներին, Հայկական երկու պետությունների միակ և էքսկլյուզիվ հիմնադիր, անվախ հերոս, քաջ Ռոբերտը պահպանեց իր տոկունությունը, մեդիադաշտի վրա իր ազդեցությունը և Հյուսիսային պողոտայի շենքերը»:

Այդ պահին ներս է մտնում Հովիկ Թամամյանն ու մի հատ թարս չափալախ տալիս իրեն: «Էս ի՞նչ ես անում, արա»: «Ձեր հրամանն եմ կատարում, պարոն նախագահ»,- ասում է Թամամյանը ու պարզաբանում. «Դուք 2004թ. ապրիլի 12-ին գաղտնի հրաման էիք տվել, որ կամերաներում ինչքան ընդդիմադիր ձեռներս ընկնի, կողերը ջարդենք»: «Հա, բայց ինչքա՞ն ժամանակ ա անցել»,- զայրանում է ինքը: «Հրամանը մինչև հիմա ուժի մեջ է»,- ասում է Թամամյանն ու մի հատ քացով խփում իր պոչկեքին: «Վախ, վախ, չեղարկում եմ այդ հրամանը»,- հայտարարում է ինքը: «Խնդիր չկա»,- ասում է Թամամյանը. «Բայց պետք  է այդ հրամանը քննարկվի Ազգային Ժողովում, ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունի, նախագահը՝ վավերացնի, հետո դա փոխանցվի Հրայրին, ինքը ՍԴ-ում նիստ հրավիրի, հրամանի չեղարկման սահմանադրականության հարցը դնի քվեարկության, հետո որոշումը մուտքագրվի «Մարլբորո» համակարգ, հետո՝ հանրաքվեի միջոցով».... «Լավ, լավ, բոլ ա»,- հուսահատված բացականչում է ինքը:

Ներս է մտնում Լևոն Երանոսյանը: Մի հատ թաց սրբիչ է հանում, դնում իր գլխին, հանում է դուբինկեն ու իր գլխին հարվածում, հո չի խփում, հո չի խփում: «Արա, էս խոսքներդ մեկ եք արե՞լ»,- մի կերպ ձայն է տալիս ինքը: «Ես գործում եմ համաձայն 0038/01.03.2008 հրամանի, պարոն նախագահ»: «Բա սրբիչը ինչի՞ ես գլխիս դրել»: «Ձեր կարգադրությունն ենք կատարում. ասել էիք, նենց ծեծեք, որ կապտուկներ չերևան, էն միջազգային կառույց-մառույց հետո զահլա չտանեն»: 

«Վըըը, ես չգիտեի, որ դուբինկով խփելիս սենց ցավում ա»,- հոգոց է հանում ինքը ու ասում. «Խնդրում եմ ինձ բժիշկ ուղարկել, համաձայն Հելսինկյան հռչակագրի 6-րդ դրույթի, խոշտանգվածները բուժօգնության իրավունք ունեն: Պահանջում եմ, որ վստահելի, փորձված բժիշկ լինի: Վիկտոր, հերիք է էդ կռավաթի տակ պախկվես, դուրս արի»: 

Այդ պահին խցիկի դուռը բացվում է և ներս է մտնում իր պահանջած փորձառու ու վստահելի բժիշկը: Ինքը նայում է ու աչքերը չռվում են. հայտնի նեյրոխիրուրգ Մարինա Խաչատրյանն է: «Չէ՛, չէ՛, ինձ մի խոշտանգեք, ավելի լավ ա բժշկի փոխարինիչ ուղարկեք»:

Արթնանում է 7-րդ հատորի վրա: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ