«Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանի նկարը ՀՔԾ քննիչի աշխատասենյակում է կախված եղել։ Ես երբեք չեմ ասել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը չի կարող կախված լինել։ Հեղափոխության սկզբնական շրջանում, այո, չի եղել, բայց հետագայում հասկացել ենք, որ պետական ատրիբուտների հարցում երկչոտ չպետք է լինենք՝ եթե պատասխանատվություն ենք ստանձնել, ուրեմն, արարողակարգերին էլ պետք է ուշադիր լինենք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Մի առիթով Վանո Սիրադեղյանն ասել է, թե «իշխանությունը մարդուն հիմարացնելու հատկություն ունի»։ Պատկերացնո՞ւմ եք, եթե տակից մարդը մի քիչ էլ այդպիսին է լինում՝ ի՞նչ կարող է պատահել նրա հետ։ Սա՝ իմիջիայլոց։ Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը սկզբում գետնին ընկած դրոշի համար էր հարձակվում շարքային տեսուչի վրա և հրահանգում նրան աշխատանքից հեռացնել՝ սիմվոլների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Հետո էլ սկսեց «թարսվել» այն պաշտոնյաների հետ, որոնք իրենց աշխատասենյակներում չէին փակցրել վարչապետի մեծադիր նկարը։ Նրանք համառորեն չէին հասկանում, որ վարչապետի նկարը պետական ատրիբուտ է, և ուրեմն՝ օրենքը պահանջում է «արարողակարգերին ուշադիր լինել»։ Բայց որպեսզի այս հարցը մեկընդմիշտ փակվի, ժամանակն է, որ ԱԺ-ն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա և հստակեցնի, թե Նիկոլ Փաշինյանի նկարները ո՞ր գերատեսչություններում պետք է պարտադիր փակցվեն, և որոնք կարող են կամընտրական սկզբունքով առաջնորդվել։ Օրինակ՝ համարել, որ նախագահի նկարն էլ է պետական ատրիբուտ, և իրենց աչքին ավելի հաճելի է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Արմեն Սարգսյանի նկարը։ Կարելի է ավելի հեռուն գնալ և մերձիշխանական օլիգարխներին հանձնարարել իրենց պլազաներում և ժամանցի վայրերում ևս փակցնել Փաշինյանի նկարը։
Գոհար Վեզիրյան