...

Սահմանազատում ՀՀ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև

Սահմանազատում ՀՀ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց արդեն սովորական դարձած մանիպուլյացիաներին՝ հակադրելով պատմական և իրական Հայաստաններն ու հայտարարելով, թե այս պահին փաստացի տեղի է ունենում սահմանազատում պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև։

Այս հայտարարության մանիպուլյատիվ բնույթն այն է, որ մարդը գիտակցաբար լղոզում ու իրար է խառնում երկու տարբեր հասկացություններ՝ «պատմական Հայաստանն» ու «հայկական կենսատարածքը»։ Հասկանալի է, չէ՞, որ պատմական Հայաստան է, օրիակ, Վանը, Կարսը, Անին և այլն, իսկ Արցախը մինչև 44-օրյա պատերազմը ոչ թե պատմական Հայաստան էր, այլ միանգամայն իրական հայկական կենսատարածք, չճանաչված պետական կազմավորում, որի գոյության իրավունքը, ի դեպ, ընդունում էին և՛ միջազգային հանրությունը, և՛ Ադրբեջանը։ Ընդ որում, Հայաստանի՝ այդ կենսատարածքի անվտանգությունն ու փաստացի անկախությունն ապահոված իշխանությունները երբեևէ չեն հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ», փոխարենը ասել են «Արցախը հայկական է, և վերջ», ու խնդիրն էլ հենց այդպես են ձևակերպել՝ «Արցախը 3 հազար տարի եղել է հայկական ու առնվազն ևս 3 հազար տարի պիտի մնա հայկական»։ Պարզ ասած՝ կար իրական Հայաստան (Հայաստանի Հանրապետությունը), կար իրական հայկական կենսատարածք (նախկին ԼՂԻՄ-ը), իրական Հայաստանի խնդիրն էր՝ ապահովել ՀՀ-ից դուրս հայկական կենսատարածքի հարատևությունը, բուն «սահմանազատումն» էլ պիտի տեղի ունենար ոչ թե «պատմական և իրական Հայաստանների», այլ միանգամայն իրական և լեգիտիմ հայկական կենսատարածքի (նախկին ԼՂԻՄ-ի) ու ադրբեջանական 6 շրջանների միջև։

Լավ, ենթադրենք՝ Քոչարյանին այդ հարցն ընդհանրապես չէր հետաքրքրում, նա եկել էր Հայաստան՝ «փողի վրա նստելու», դրա համար էլ հայտարարում էր, թե «Ղարաբաղի հարցը լուծված է» ու իր համար բասկետբոլ էր խաղում, սերֆինգ քշում և այլն, Սերժ Սարգսյանն էլ, հասկանալով, որ եթե պատասխանատու քայլեր չարվեն՝ «Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու», այնուամենայնիվ համարձակություն չունեցավ անկեղծորեն խոսել ժողովրդի հետ։ Բա Նիկոլ Փաշինյանի՞ն ինչ էր պատահել, նա՞ ինչու մինչև 2020-ը չարեց այդ սահմանազատումը։

Չնայած՝ այս հարցին հենց ինքն էլ պատասխանում է։ Ընդ որում՝ միանգամից երկու բացատրություն է ներկայացնում․ «հիմար եմ եղել» և «վախկոտ եմ եղել»։ «Հիմար եմ եղել»-ը ձևակերպում է այսպես՝ «ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ․․․» և այլն։ Մի խոսքով՝ մինչև 2022-ը բութ է եղել, հետո հանկարծ հասկացել է։ Իսկ «վախկոտ եմ եղել»-ը ձևակերպել է բազմիցս՝ չէր համարձակվում անգամ ինքն իր հետ խոսել այդ թեմայով, ուր մնաց, թե ժողովրդի հետ խոսի, որովհետև հաստատ ճիշտ չէին հասկանա ու «դավաճան» կասեին։

Մի խոսքով՝ մարդը եկել-ասում է «ես վախկոտ ու հիմար եմ եղել, դրա համար էլ ունեցել ենք շատ ավելի մեծ կորուստներ, քան կարող էինք ունենալ, բայց հիմա միանգամից համ խելոքացել եմ, համ քաջացել, թողեք, թող շարունակեմ սկսածս՝ բալքիմ մի բան ստացվի»։ Բայց երաշխիք կա՞։ Չէ, ոչ թե «մի բան ստացվելը» նկատի ունենք, այլ «խելոքանալն ու քաջանալը»։ Ակնհայտորեն՝ ոչ միայն երաշխիք չկա, այլև իրադարձությունների ընթացքը ճիշտ հակառակն է ապացուցում։

Այնպես որ՝ իրական սահմանազատումը պիտի տեղի ունենա Հայաստանի Հանրապետության և Նիկոլ Փաշինյանի միջև։ Որովհետև դրանք, նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերով, «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ