...

Սանասար-Բասարգեչար տրանզիտ

Սանասար-Բասարգեչար տրանզիտ

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե մատ էլ թափ կտա, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտա, Քոչարյանի խմբակցության պատգամավոր մի բեղիկներով նախկին դաշնակցական էլ հակադարձում է, թե քո վրա Ալիևը ինչ ասես թափ է տվել։ Ի՞նչ կասեք, Հայաստանի Հանրապետության հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիներ, գո՞հ եք ձեր ընտրությունից։ Ութ ամիս առաջ այդ երկու ուժերին միասին համարյա 80 տոկոս ձայն եք տվել։ Հիմա մեկը դիմացինին «թալանչի» է ասում (բա եթե թալանչի են, ինչո՞ւ են Կոշի գաղութի փոխարեն ԱԺ դահլիճում նստած), մյուսն էլ հոխորտում է, որ թշնամի երկրի ղեկավարն իր երկրի ղեկավարի վրա․․․ Լավ, անցնենք առաջ։

Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ թափ տալուն զուգահեռ փորձեց նաև տրամաբանորեն իր ասած թալանչիների «պորտը տեղը դնել»՝ թե բա եթե Կուբաթլին Սանասար էր, ինչո՞ւ էիք բանակցում Ադրբեջանին վերադարձնելու համար, ուրեմն՝ դավաճանը հենց դուք եք։ «Հայաթի բեսեդկի» քաղաքական լեզվակռիվների մակարդակով՝ բան չունենք ասելու, լավ փաստարկ է, բայց այդ մակարդակով պետություն ղեկավարելու արդյունքը լինելու է այն, որ երկիրն ի վերջո հենց «բեսեդկի» էլ վերածվելու է։ Նույն Ալիևն, օրինակ, Վարդենիսը Բասարգեչար է անվանում ու միաժամանակ բանակցություններում պնդում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և Բաքվում որևէ մեկի մտքով չի անցնում ասել՝ «բա որ Վարդենիս չի, Բասարգեչար ա, ինչո՞ւ ես բանակցում, որ ճանաչես Հայաստանի կազմում, ուրեմն դավաճան ես»։ Իսկ Հայաստանում այդպես չէ։ Մեզանում մինչև հիմա էլ ում պատկերացրած Հայաստանը մ․ թ․ 1-ին դարի Մեծ Հայքից պուճուր է լինում՝ համարվում է դավաճան։ Խորհրդարանական «ընդդիմությունն» էլ հպարտ-հպարտ ասում է «այո, մեզ համար Կուբաթլուն Սանասար է», փոխանակ ասի «Նիկո՛լ, բա եթե Սանասար չէր, Կուբաթլու էր, ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին այդ մասին չասացիր ու պատերազմը չկանգնեցրեցիր, ինչո՞ւ մի քանի հազար կյանք զոհաբերեցիր»։ Չեն ասում, որովհետև իրենք է՛լ նույնը կանեին, պարզապես բախտները բերել է՝ Նիկոլն է արել։ Իսկ հիմա կարելի է պատգամավորական աշխատասենյակներում «հով լռված»՝ իրար վրա ինչ-որ բաներ թափ տալ, իսկ երեկոները որևէ շքեղ ռեստորանում խորհրդակցություններ անցկացնել, թե ինչ նոր հայհոյանքներ են հնչեցնելու հաջորդ նիստի ժամանակ։ Այսօրվա, թե 10-20 տարի առաջվա բյուջեի միջոցներով՝ ի՞նչ տարբերություն։

Ու սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ սահմանային բնակավայրերը գնդակոծվում են, թշնամին էլ հայտարարում է, թե հայկական կողմն է սադրել, ու ՀՀ տարածքի բնակավայրերը և նույնիսկ ամբողջ շրջաններ կոչում է ադրբեջանական անվանումներով։ Իսկ մեր ՊՆ-ն, փոխանակ հայտարարի, որ Հայաստանում նման անվանումներով բնակավայրեր չկան, նույն խեղճուկրակ հերթապահ տեքստն է copy-paste անում «հերթական ապատեղեկատվության» մասին։ Բա իհարկե, դուք շարունակեք Կուբաթլու-Սանասար թեմայով վիճել, ի՞նչ ՀՀ սահմաններ, ի՞նչ անվտանգություն, «Կալավանի էն տղուն էլ նշանակեցինք Սյունիքի մարզպետ, հեսա տեսեք ոնց ա էքստրեմալ էկոտուրիզմ զարգացնելու»։ Եվ ընդհանրապես՝ արժե՞ արդյոք այլ թեմաներ քննարկել, եթե կառավարության օրակարգում իսկապես դարակազմիկ հարց է՝ 30 հազար դրամով տուգանել հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղ դնելու համար։ Համաձայնվեք՝ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում մարիխուանայի օրինականացման մասին օրենքն այնուամենայնիվ գաղտնի ընթացակարգով ընդունվել և ուժի մեջ է մտել։

Հ․Գ․ Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ Ուկրաինայի նախագահ Միխայիլ Զելենսկին, այսպես ասենք, բավականին էմոցիոնալ պահվածք է դրսևորում։ Ու զարմանալի զուգադիպությամբ՝ «հականիկոլականները» համարում են, որ նա կամ հարբած է, կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ, իսկ «նիկոլականները» վստահ են, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես մարդը հոգնած է։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այդպես։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ