Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը․
«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:
Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:
«ՉԻ». Մեր մեջ ասած՝ լավ էլ անում է, որ նման հայտարարություններ է տարածում: Ինչո՞ւ պետք է չտարածի. երկու տարի է անցել տոտալ մերժումից, հիմա էլ կորոնավիրուս է, և Աստված գիտի, թե երբ կսկսվի իր դատավարությունը: Կամ եթե սկսվի էլ, առանձնապես վախենալու չէ թավշյա արդարադատության և վնգստացող դատավորների առկայության պարագայում:
Բայց ամեն դեպքում Սարգսյանի տեքստ գրողները կարող են մի քիչ զուսպ լինել: Հիասթափություն կա, բայց այն առաջնահերթ կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Սարգսյանը դեռ ունի գրասենյակ, թիկնազոր և ընդհանրապես՝ գտնվում է ազատության մեջ: Կարող է այսպես խոսելը թավշոտ իշխանությանը դրդի արմատական քայլերի, և Սարգսյանը հայտնվի Քոչարյանի կողքին:
Ի վերջո, տարիների փորձը պետք է ինչ-որ բան սովորեցներ Սարգսյանին: Երկու տարի առաջ՝ ապրիլի կեսերին, Սարգսյանի խոսնակները գրեթե նույն խոսքերով էին հեգնում հայտնի լայվերը: Ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր: Անպայման չէ կրկնել նույն սխալը և այս անգամ ստիպված ասել՝ տհաս եմ, չեմ հասկանում, մինչև չբամփեցիք՝ չհասկացա: