...

Սասնա բևեռ

Սասնա բևեռ

Գործող իշխանությանը հիմա քննադատում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, իսկ նրանց համակիրները դա ավելի անբռնազբոս են անում սոցիալական կայքերում: Մի մասը քննադատում է իշխանությունը յուրացնելու և պետությունը կործանելու համար, մյուս մասը՝ անսկզբունքայնության համար, իսկ մեկ այլ հատված էլ թավիշի և կրկին երկիրը կործանելու համար:

Այն, որ գործող իշխանությունը երկու տարվա ընթացքում հասցրել է անել շատ սխալներ, ունենալ վրիպումներ ու բացթողումներ և պարզապես անշրջահայացություն դրսևորել, աներկբա է: Միայն Սահմանադրական դատարանի ոդիսականը կարող է դառնալ քաղաքագիտություն առարկայի մի ամբողջ գլուխ, թե ինչպես չպետք է ղեկավարել երկիրը: Իսկ դատական համակարգը ավգյան ախոռներից մաքրելու անկարողությունը պետք է դառնա ուսումնական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են փոշիացնել հեղափոխությունները:

Բայց վերադառնանք քննադատությանը: Զավեշտալի է, որ երկիրը կործանելուց ու ավիրելուց խոսում են Քոչարյանի աջակիցները և հանրապետականները, վերջիններիս հետ բազմիցս կոալիցված Դաշնակցությունը և Բարգավաճը: Եվ, իհարկե, նրանց քննադատության պատասխանը կարող է լինել մեկը՝ եթե ձեր օրոք չկործանվեց, ապա հիմա հաստատ չի կործանվի: Ներկաները շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ ունենան ձեր հմտությունները երկիրը կործանելու առումով:

Անսկզբունքային լինելու առումով, իհարկե, կարելի է օրինակներ բերել, բայց չպետք է մոռանալ, որ աշխարհում չկա իշխանություն, որ 100 տոկոսով իրականացրած լինի իր բոլոր նախընտրական խոստումները: Տոտալ անսկզբունքայնության մեջ կարելի է մեղադրել, եթե պարզվի, որ խոստումների կեսից ավելին չի կատարվել: Մինչդեռ այս իշխանությունը քսան ամսական է. դեռ վաղ է գնահատական տալ, թե քանի տոկոսը կկատարի, իսկ քանիսը կմոռանա:

Թերևս ավելորդ թավիշի վերաբերյալ քննադատությունն է ավելի հիմնավոր և օր օրի դրա ապացույցները ավելի են շատանում՝ ռևանշիստների ահագնացող լկտիության պայմաններում:

Բայց կա մի ուժ, որ քննադատում է բոլոր ճակատներով՝ հռետորաբանության սանձարձակության մեջ երբեմն գերազանցելով անգամ Քոչարյանի աջակիցներին:

Սասնա ծռերը կամ Բևեռը իրենց քննադատության մեջ օգտագործում են այնպիսի բառամթերք, ինչպիսին է հանցավոր ռեժիմ, նիկոլապաշտներ, իսկ արդեն մի քանի օր առաջ սպառնացին հնչեցնել նաև «Մահ ռեժիմին» իրենց հայտնի լոզունգը:

Անհասկանալի է Ծռերի այսպիսի նախատրամադրվածությունը: Նրանց փորձերը՝ զուգահեռներ անցկացնելու նախկին ռեժիմի և գործող իշխանությունների միջև, երբեմն անցնում են խելամտության բոլոր սահմանները: Իհարկե, արմատական դիրքերից հանդես գալու մեջ, իր շարժառիթն ունի նաև այն հանգամանքը, որ շուտով ՊՊԾ գունդը գրավողների մասով դատավճիռ է կայացվելու: Հայտնի է, որ նրանց կգոհացնի միայն ամբողջական արդարացումը, հակառակ դեպքում քննադատությունը և կոնկրետ քայլերը ավելի կարմատականանան:

Նախորդ ռեժիմի օրոք դուք բոլորդ կալանավորված էիք, իսկ ձեզանից շատերին ծեծում էին ոչ միայն բանտախցերում, այլև դատարանների շենքերում: Ոչ թե քաղաքական, այլ մարդկային պարզ տրամաբանությունը հուշում է, որ գոնե Սասնա ծռերը չպետք է զուգահեռներ անցկացնեն գործողների և նախկինների միջև:

Սակայն այս պարզ իրողությունը զիջում է քաղաքական խարդավանքներին, հատկապես այն խութերին, թե ինչու էին քոչարյանական մեդիաները և աջակիցները ինքնամոռաց պաշտպանում ՊՊԾ գնդի գրավումը: Երբ բացահայտվի այդ մետամորֆոզը, թերևս հասկանալի կդառնա նաև Բևեռի արմատականության դրդապատճառները:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ