...

ՍԴ-ն մերժեց՝ հաստատելով փաստերը

ՍԴ-ն մերժեց՝ հաստատելով փաստերը

ՌԵՏՐՈ խորագրով ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթի մի հրապարակում՝ պարզելու, թե ինչու պետք է չունենանք Սահմանադրական «դակարան»:

«Չորրորդ իշխանություն», 2 մարտի, 2017թ.

Ինչպեսև սպասվում էր, Սահմանադրական դատարանը մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը։ Միաժամանակ, սակայն, նույն այդ որոշմամբ ՍԴ-ն, ըստ էության, հաստատել է ընդդիմադիրների պնդումները։

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունները չկիրառեցին ընտրակեղծարարության ավանդական մեխանիզմները՝ այս անգամ լցոնումներ չարեցին, քվեատուփեր չգողացան ու չփոխեցին, դիտորդներին և վստահված անձանց չծեծեցին ու տեղամասից դուրս չհանեցին, տեղամասերում ընտրությունների արձանագրությունները չկեղծեցին։ Փոխարենը գործի դրեցին շատ ավելի աննկատ մեխանիզմներ. վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ընտրողների նկատմամբ ճնշումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, քվեարկության օրն էլ՝ տեղամասերում վերահսկողություն։ Ընդ որում, այդ ամենը չարվեց մեկ օրում, այլ այդ ուղղությամբ նրանք աշխատել էին տևական ժամանակ, հետևողականորեն՝ երկրում ստեղծելով համապատասխան մթնոլորտ և մարդկանց գիտակցության մեջ սերմանելով, որ ընտրությունները պարզապես ձայնի առքուվաճառքի մեծ միջոցառում են, ուրիշ ոչինչ։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի մեջ հենց այդ իրողություններն էին մատնանշված և դրանք հաստատող փաստերը ներկայացված։ Ու չնայած պատասխանող կողմը, հանձին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, փորձում էր համոզել՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՍԴ-ն քննում է մի հայց, որը «զուրկ էր ինչպես իրավական, այնպես էլ ապացուցողական հիմքից», ՍԴ որոշմամբ անուղղակի հաստատեց ընդդիմադիրների ներկայացրած պնդումները։

Եվ այսպես, ՍԴ որոշման մեջ նշված է. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային և տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես՝ քաղաքական կոռուպցիայի դրսևորումների առնչությամբ։ Ընդհուպ ԵՄ փորձագետների և պաշտոնյաների անունից հայտարարվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին և անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության և երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։

Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսևորման իրավական ռիսկերը»։ Այլ կերպ ասած, ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է՝ Հայաստանում կա քաղաքական կոռուպցիա, որը սպառնում է երկրի անվտանգությանը, ավելին՝ հիմա պետական քաղաքականության և իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթությունը պետք է լինի քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելը։ Այսինքն՝ ՍԴ-ն ձայնագրել է համատարած ընտրակաշառք բաժանելու մասին պնդումները, թեև առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու, բայցև՝ խոսել այդ մասին։ Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես ասում էին ընդդիմադիրները։

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, ապա դրանք ևս ՍԴ-ն անուղղակի հաստատել է՝ տալով կոնկրետ հանձնարարականներ առ այն, որ գործատու-վարձու աշխատող հարաբերությունների մակարդակը պետք է որակապես բարելավել, վարձու աշխատողը պետք է լիարժեք իրավասուբյեկտ դառնա ընտրական գործընթացներում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու համար։

Ուշադրություն դարձրեք՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունեցել ընտրակաշառքը, վարչական ռեսուրսների կիրառումը։ Ու հիմա ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է այդ ամենը, բայցև՝ մերժել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը։ Սա իհարկե, միանգամայն սպասելի էր. ի վերջո, Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը միշտ էլ եղել է օրվա իշխանությունների սպասարկուն, և անկախ ՍԴ ներկայացրած փաստերի հիմնավորվածությունից, անկախ ընտրություններում ընտրակեղծիքների չափից, մերժել ընդդիմադիրների բողոքները։ Այդպես վարվեց նաև այս անգամ։

Արման Գալոյան 

Հ.Գ. Ի դեպ, հիմնավոր կասկածներ կան, որ ընտրողների բազայում ներառված են մոտ 400-500 հազար գոյություն չունեցող քաղաքացիների տվյալներ, որոնց փոխարեն կոնկրետ անձինք համապատասխան կեղծ փաստաթղթով քվեարկում են։ Գոյություն չունեցող ընտրողների մասին առաջին անգամ խոսվեց 2007թ., երբ լուրեր տարածվեցին մի քանի հարյուր հազար կեղծ անձնագրերի տպագրության մասին։ Բայց սա կոնկրետ փաստերով հնարավոր կլինի ապացուցել միայն իշխանափոխությունից հետո, երբ պետական լծակներից հեռանան ընտրակեղծարարության հեղինակները։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1409 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ