...

Սերմը՝ նախկիններին, սաղմը՝ ներկաներին

Սերմը՝ նախկիններին, սաղմը՝ ներկաներին

«Եթե Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ նախկինները սերմ գողացող մկներ էին, այսօրվա իշխանություններն ավելի սարսափելի բանի են գնացել, սրանք արդեն սաղմն են ուտում, մեր ազգի գոյաբանական հիմքն են ուտում: Արցախը չկա, հայկական չէ, արդեն քարեր են նետվում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- այսօր Կառավարության դիմաց կայացած ակցիայի ժամանակ հայտարարել է «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը: Տեղեկացնենք, որ այսօր Արցախի տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց, որտեղ էլ բարձրաձայնել են իրենց պահանջները։

Շատ պատկերավոր է նկարագրված։ Այո, մեկի համար սերմի գողությունն է աններելի, մյուսի դեպքում՝ սաղմի։ Բայց ժամանակն է, որ հանրային գիտակցությունը արձանագրի՝ այս երկու «գողությունները» նույն տրամաբանության շղթայում են, դրանք շարունակում են իրար։ Տեսեք, եթե չլինեին սերմ գողացողները, հնարավոր է բոլորովին այլ Հայաստանում այսօր ապրեինք։ Չէինք ունենա կոռուպցիայի մեջ խեղդվող, անպատժելիության մթնոլորտում ապրող յուրայինների, ոչ յուրայինների, աղքատների ու ծայրահեղ հարուստների Հայաստան։ Արդյունքում՝ մարդկանց դժգոհությունը չէր վերաճի ատելության, հետո էլ՝ սիրո թավշյա հեղափոխության։ Շարունակաբար՝ թավիշով իշխանության եկածն էլ իր լեգիտիմության բազայով չէր սկսի առաջնորդվել բնազդներով ու սաղմը չէր ոչնչացնի, գոյաբանական վտանգներ էլ չէին առաջանա։ Այո, պետք է մեղսագրվող արարքները հասցեագրել, բայց դրանց կրկնությունից խուսափելու համար մակերեսը պետք է թողնել ու խորանալ խնդիրների էության մեջ։ Թե չէ գալ ու կառավարությունից պահանջել, թե հետ բերեք Շուշին ու Հադրութը, նրանից պատասխան չստանալով՝ ապավինել նրանց, որոնք ասում են, թե Շուշին ու Հադրութը հետ բերելու հնարավորություն կա, ինքնախաբեություն է։ Ինքնախաբեությունն էլ նույնքան վտանգավոր է «գոյաբանական հիմքի» համար, որքան սերմի ու սաղմի յուրացումը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1558 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ