Քաղաքական
09.07.2020 / 22:00
Սատիրիկոն
09.07.2020 / 20:00
Հարցազրույց
09.07.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
09.07.2020 / 16:00
07.01.2020   09:30
5873

«Սոցիալապես անապահով խավը». ով ով է


«Չորրորդ իշխանություն» թիվ 9

Ռուսական «Վերսիյա» պարբերականը հանդես է եկել սենսացիոն հրապարակմամբ, որտեղ մանրամասն ներկայացված է Հայաստանի ներկա քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, նրա առանձնահատկությունները, և ամենակարևորը` մեկ առ մեկ նշված է, թե մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ինչ բիզնես ունեն, որ ոլորտներում, որքան կապիտալ են կուտակել: Վստահաբար, այս սկանդալային փաստերը շատ լուրջ արձագանք են ունենալու: Մենք ձեզ ենք ներկայացնում ռուսական պարբերականի` «Ինչո՞ւ են Հայաստանի շարքային քաղաքացիների` կյանքը բարելավելու բոլոր փորձերը դատապարտված» վերնագրով հոդվածը:

ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական և սոցիալական կարևոր գործընթացները բուռն արձագանք են գտնում ոչ միայն Ռուսաստանի հայության շրջանում, այլև ընդհանուր առմամբ ռուսական հասարակությունում: Տարբեր գնահատականներով, Ռուսաստանում աշխատում է Հայաստանի մոտ 800 հազար քաղաքացի: Պետության շահերը պետական ապարատի գրեթե բոլոր օղակներում ձևափոխված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների շահադիտական ձգտումներով, ստեղծված է կազմակերպված հանցավորության աննախադեպ բուրգ, որը ամբողջությամբ իրեն է ենթարկել իրավապահ մարմինները, դատական համակարգն ու խորհրդարանը:

Պաշտոնապես հռչակված ֆինանսաբյուջետային համակարգին զուգահեռ պետական համակարգում գործում է ստվերային ֆինանսական հոսքերի ձևավորված համակարգ, որը էականորեն գերազանցում է պաշտոնական բյուջետային համակարգը: Ինչպես մենք գտնում ենք, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկով սկսվեց փողոցային քրեական տարրերի կտրուկ ներհոսքը պետական կառավարման բարձրագույն մարմիններ, ինչը հանգեցրել է հանցավորության կտրուկ աճի:

Ըստ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի, իշխանությունը կեղծիքների և ուժային ճնշման ճանապարհով ձևավորված է օլիգարխներից, կրիմինալից և արտաքին ազդակներից: Նշելով, որ իշխանության վերին հատվածը իր ձեռքերում է պահում երկրի բոլոր ակտիվների և ձեռնարկությունների 85%-ը, ինչպես նաև վերահսկում է ֆինանսական հոսքերի գրեթե 90%-ը, Կարախանյանը ընդգծել է, որ նման իրավիճակում հեգնանք են առաջացնում Հայաստանի ղեկավարների խոսքերը կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի մասին:

Ռուսական պարբերականի կարծիքով, Հայաստանում օլիգարխիկ և կոռուպցիոն սխեմաների առանձնահատկությունը դրանցում քրեական աշխարհի ուժեղ և հրապարակային ներկայությունն է: Բացի այդ, առկա է նաև օլիգարխների, կոռուպցիոներների և կրիմինալիտետի ամուր խմբվածություն ղարաբաղյան կլանի բուրգի գագաթի շուրջ: «Նշենք, որ կլանի անդամների մեծամասնությունը ծագումով Ղարաբաղից չէ, սակայն ստիպված է խաղալ այն կանոններով, որոնք թելադրվում են բուրգի գագաթի ներկայացուցիչների կողմից», նշել է «Վերսիյա»-ն:

Ի տարբերություն նախկին խորհրդային երկրների, Հայաստանում այդպես էլ լուրջ հակակոռուպցիոն օրենսդրություն չձևավորվեց:

ՔՐԵԱԾԻՆ ՓՈՂԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Կապիտալի արտահանումն ու լվացումը հայկական օլիգարխները և բարձրաստիճան պաշտոնյաները իրականացնում են նման գործերի համար ավանդական դարձած վայրերում. Շվեյցարիա, Կիպրոս, Լիբանան, ԱՄԷ, Լիխտենշտեյն, Ջերնսի կղզի (Մեծ Բրիտանիա) և այլն:

Սակայն, աչքի է զարկում նաև այլ երկրներում փողերը «թաքցնելու» և լվանալու միտումը: Այդ առումով, «Վերսիյա»-ն նշում է Հարավային Եվրոպայի և Բալկանների երկրները (Խորվաթիա, Չեռնոգորիա, Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա և Հունաստան), Իսրայել (օրինակ, «Ապոալիմ» բանկը), և որոշ այլ տվյալներով, նույնիսկ Թուրքիան (անշարժ գույքի ձեռքբերում), իսկ Լատինական Ամերիկայի երկրներից` Արգենտինան և Բելիզը: Դատելով մամուլի որոշ հրապարակումներից, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նույնպես արձանագրել են իրենց երկրում փողերի լվացման փորձեր` Հայաստանի օլիգարխների, կոռուպցիոներների, ինչպես նաև նրանց լիազորված անձանց կողմից:

Եվ ահա, մինչև բուն փաստերի հրապարակումը, «Վերսիյա»-ն ուշադրություն է հրավիրել դեռևս 2006թ. դեկտեմբերին լույս տեսած «Ֆորբս-Հայաստան» ամսագրի առաջին համարի մի հրապարակման վրա: Ամսագիրը հրապարակել էր Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակը` առանց նրանց հարստության մասին տվյալների: Ռուսական թերթը ևս մեկ անգամ ներկայացրել է այդ ցուցակը (ցուցակում ընդգրկված մարդիկ նշված են այն ժամանակվա պաշտոններով կամ դիրքով):

1. Գագիկ Ծառուկյան - ԲՀԿ նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր

2. Արմեն Ավետիսյան* - Մաքսային վարչության պետ

3. Միխայիլ Բաղդասարով - «ՄԻԿԱ» ընկերության նախագահ և «Արմավիայի» սեփականատեր

4. Հրանտ Վարդանյան - «Գրանդ Տոբակոյի» և «Գրանդ Քենդիի» նախագահ

5. Սուքիասյանների ընտանիք - «ՍԻԼ» կոնցեռն

6. Երվանդ Զախարյան* - Երևանի քաղաքապետ

7. Ռոբերտ Քոչարյան* - Հայաստանի նախագահ

8. Սերժ Սարգսյան* - ՀՀ ՊՆ նախարար

9. Անդրանիկ Մանուկյան* - կապի և տրանսպորտի նախարար

10. Դավիթ Հարությունյան* - արդարադատության նախարար

«Վերսիյա»-ն հատուկ ընդգծել է, որ այս 10-ից 6-ը (*) պաշտոնապես գտնվել են գործադիր իշխանությունում և միայն աշխատավարձով են ապրել:

ՓԱՍՏԵՐ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏԿՈՄԻ ՄԱՍԻՆ

Ահա այսպիսի, կարելի է ասել, ներածականից հետո ռուսական պարբերականը անցնում է սկանդալային փաստերի: Ըստ պարբերականի, լինելով գործող համակարգի հիմնադիր, երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը (1998-2008թթ.) կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել փոքր երկրի չափանիշներով ահռելի հնարավորություններ: Դրանք ունեն ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական տեսք: «Ինչպես մենք ենթադրում ենք, իր կառավարման տարիներին, «իշխանության կուսակցության» ներսում համաձայնեցված քվոտայով Քոչարյանը վերահսկել է (կամ փայ է ունեցել) շահույթ բերող հետևյալ ոլորտներում`

  • հարկային,
  • հեռահաղորդակցություն,
  • շինարարություն,
  • գազամատակարարում,
  • թանկարժեք քարերի վերամշակում և արտահանում-ներմուծում,
  • ընդհանուր ներմուծում (որոշ գնահատականներով` 30-40%),
  • հանքային հանածոների արդյունահանում և վերամշակում,
  • կոմունիկացիա և տրանսպորտային ենթակառուցվածքներ (փոստ, քաղավիացիա և այլն):

Քոչարյանի հիմնական ակտիվները կենտրոնացած են վերոհիշյալ ոլորտներում: Ըստ «Վերսիյա»-ի մոտավոր հաշվարկների, Քոչարյանի ընտանիքի նյութական և ոչ նյութական ակտիվները կազմում են ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար:

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վերահսկում է տնտեսության հետևյալ ոլորտները` մաքսատուրքեր, նավթամթերքների, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծում, մետաղների և մետաղի ջարդոնի արտահանում, ոսկու ներմուծում և վաճառք, ավիափոխադրումներ և ավիաընկերություններ, ընդհանուր ներմուծում (մոտ 35-45 %):

«Վերսիյա»-ն նաև ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի տարածքով թմրանյութերի մի շարք տարանցիկ փոխադրումներ են իրականացվում` սկսած հարավային սահմաններից մինչև Երևանի ու Գյումրիի հիմնական երկաթուղային կայարաններն ու օդանավակայանները, որտեղից էլ բեռները կամ երկաթուղով անցնում են Վրաստանը, հետո Ուկրաինան, կամ էլ օդային ճանապարհով հասնում են ռուսական Նովոռոսիյսկ և Անապա (մի մասը մնում է Ռուսաստան), այնտեղից էլ Եվրոպա:

Սրա համեմատ աննշան է թվում ոսկյա իրերի և թանկարժեք քարերի մաքսանենգությունը, հատկապես չհաշվառված ադամանդների, որոնք հիմնականում տարվում են Ռուսաստան և Եվրոպա: Բազմաթիվ ուղղակի և անուղղակի փաստեր վկայում են այն մասին, որ Հայաստանի մոտ 150 քաղաքացի (չնայած կլիմայական պայմաններին) հավատարիմ զինյալների վերահսկողության ներքո, հերթափոխով աշխատում է աֆրիկյան երկրների (հիմնականում Նիգերիայում և Նամիբիայում) հանքերում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի ղեկավարների կողմից ստեղծված օֆշորային ընկերությունների կողմից:

«Վերսիյա»-ն նշում է, որ չմշակված թանկարժեք քարերը հիմնականում մաքսանենգ ճանապահով բերում են Հայաստան (հետագայում մշակելու համար) արաբական երկրների, Սիրիայի, Կիպրոսի և Բուլղարիայի ճանապարհներով: Շատ մասնագետներ հենց դրանով էլ բացատրում են այն փաստը, որ վերամշակվող թանկարժեք քարերի քանակը բազմակի անգամ գերազանցում է պաշտոնապես ներմուծվող քարերի քանակը: Առանձին թեմա է յուրացված ձեռնարկությունների թեման: Ինչպես ժամանակին գրել է ռուսական «Տրուդը»-ը, իշխանությունները յուրացրել են այնպիսի լուրջ ձեռնարկություններ, ինչպիսիք են «Բազալտ» գործարանը, Ագրինեքս ջերմոցային տնտեսությունը, Սևանի Մոթելը, Սևան-2-ը, Ինտերմոտոր Մերսեդես-կենտրոնը, Կարի ֆաբրիկան, Ղափանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Երևանի քիմռեակտիվների գործարանը, Երևանի N1, N2 և N7 շուկաները:

Այս ամենը կոնկրետացնելու համար Սմբատ Կարախանյանը հայտարարել է. «Վստահորեն կարող եմ տեղեկացնել, թե ինչ ունեցվածք ունեն Հայաստանի առաջին դեմքերը»:

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Եվ այսպես. Ռոբերտ Քոչարյան (նաև լիազորված անձանց և ընտանիքի անդամների միջոցով).

  1. Արցախբանկ,
  2. ՄԱՊ (50%),
  3. Առէկսիմբանկ,
  4. Յունիբանկ (համասեփականատեր),
  5. Հայբիզնեսբանկ (համասեփականատեր),
  6. Ռենկո (Renco Construction),
  7. Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ (ավելի քան 90%),
  8. Արդշինինվեստբանկ (ավելի քան 50%),
  9. Կոնվերսբանկ (տարբեր տվյալներով` 30-ից 50%),
  10. «Բիշին» շինարարական ընկերություն (100%),
  11. «Դաունթաուն Երևան» շինարարական ընկերություն (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով),
  12. «Հ2» հեռուստաընկերություն (50%, համասեփականատերերն են Սամվել Մայրապետյանն ու ներկայիս փոխվարչապետ Արմեն Գևորգյանը),
  13. SAS խանութների ցանցը (50%` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով),
  14. «Սթար» խանութների ցանցը (30%-ը պատկանում է Սեդրակ Քոչարյանին),
  15. «Նոյ» կոնյակի-գինու կոմբինատը (50%, մյուս համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է),
  16. «Զվարթնոց» օդանավակայան (50%, 30 տարվա վարձակալություն, համասեփականատերը Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանն է),
  17. «Հայփոստ» (Սեդրակ Քոչարյանի միջոցով, մյուս սեփականատերը` Էդուարդո Էռնեկյան),
  18. բջջային հեռախոսների ներմուծում (80%),
  19. խոշոր առևտրական կոմպլեքս Մոսկվայում (համասեփականատեր` Սամվել Կարապետյան),
  20. կազինո Մոսկվայում (համասեփականատեր` Շաքրո),
  21. «Տոյոտա» ընկերության ներկայացուցչություն Հայաստանում:

Բացի այդ, Քոչարյանը ընդգրկված է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում` անկախ տնօրենի կարգավիճակով: Մասնագետների կարծիքով, այս հանգամանքը ենթադրում է «Սիստեմայի» ակտիվների առկայություն Քոչարյանի մոտ:

Այն ակտիվները, որոնք Քոչարյանը նախկինում ունեցել է կամ էլ խոշոր մասնաբաժին է ունեցել.

  • «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը` «Վիվասել»),
  • «Ագրոձեռնարկություն» ՍՊԸ (1870 հա),
  • «Գոլդեն Փելաս» հյուրանոց Երևանում (83%-ի իրական սեփականատերը եղել է Սեդրակ Քոչարյանը),
  • «Արարատցեմենտ» (33%),
  • «Կոնվերսբանկ» (Սեդրակ Քոչարյանի միջոցով):

Այս բանկը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուշադրությունը գրավեց, երբ պարզվեց, որ նրա միջոցով միջազգային ահաբեկչության հետ կապված մի շարք կեղծ ընկերություններ և բանկեր փողեր են լվացել (մոտ 800-900 մլն դոլար): Այս սկանդալի արդյունքում պաշտոնաթող եղավ բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը և Քոչարյանի ընտանիքի փայաբաժինը վաճառվեց մյուս սեփականատիրոջը` Է. Էռնեկյանին: Սակայն բավական հիմքեր կան ենթադրելու, որ Սեդրակ Քոչարյանի փայաբաժնի վաճառքի գործարքը կեղծ է եղել, և նա իրականում մնում է «Կոնվերսբանկի» համասեփականատեր:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Սերժ Սարգսյան (այդ թվում լիազորված անձանց, եղբոր` Ալեքսանդրի և փեսայի` Միքայելի միջոցով).

  1. «Ֆլեշ» ընկերության ակտիվներ (համասեփականատեր` Բարսեղ Բեգլարյան),
  2. բենզալցակայանների ցանց,
  3. գինու 3 գործարան Լեռնային Ղարաբաղում (Ստեփանակերտ, Մարտունի, Կարմիր Շուկա),
  4. օղու գործարան (Կարմիր Շուկա, Հայաստանում վաճառվող օղու 1/3-ը, 2-3 մլն լիտր),
  5. «Արարատ» բանկ,
  6. «Արարատ» ռեստորանների ցանց (թվով մոտ 30),
  7. «ՄԻԿԱ» ընկերության ակտիվներ (վառելիքի, բենզինի, դիզվառելիքի, ավիակերոսինի (մենաշնորհ) ներմուծման մասով, համասեփականատեր` Միխայիլ Բաղդասարով),
  8. «Արմավիա» ավիաընկերություն,
  9. «Միկա» ֆուտբոլային ակումբ (գնահատվում է մոտ 40-50 մլն դոլար),
  10. «Միկա-ցեմենտ»,
  11. «Միկա հաուս» շինարարական ընկերություն (ավելի քան 5 մեծ էլիտար շենքեր Երևանում),
  12. հյուրանոցա-ռեստորանային համալիր Մոսկվայում,
  13. սեփական տուն Լոնդոնում,
  14. ՎՏԲ բանկ (գնել է 300 հազ. դոլարով, վաճառել է 28 մլն դոլարով),
  15. «Ջազվե» սրճարանների ցանց,
  16. ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ Բուլղարիայի մասնավոր ձեռնարկությունների կողմից արտադրվող զենքի մատակարարումների միջնորդ է հանդիսացել դեպի երրորդ երկրներ,
  17. լիազորված անձանց միջոցով փեսան` Միքայել Մինասյանը, հանդիսանում է «ՀայTV» հեռուստաընկերության սեփականատերը:

Մեկնաբանություններն ավելորդ են: «Հայաստանի ի՞նչ բարգավաճման մասին կարող է խոսք գնալ նման պետական համակարգի դեպքում», հայտարարել է Սմբատ Կարախանյանը:

Գ. Արամյան

No 51 (Չորրորդ ինքնիշխանություն), Փետրվարի 2, 2010 թ.



Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Սմբատ Կարախանյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, «Չորրորդ իշխանություն»


››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված



Տիկին կոշկակարը












































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
04.07.2020 / 569