ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանի՝ ընդդիմության՝ փողոցում շուրջ երկամսյա պայքարի արդյունքներով վերլուծությունները երկու բան են արձանագրել՝ ունենք քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ, պետական գիտակցության ցածր մակարդակ և վախ: «Բայց այդ վախը երկար կյանք չի կարող ունենալ. այն ավարտվում է կամ ձեր, կամ ձեր զավակների կամ՝ ձեր և ձեր զավակների մահով»,- News.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀԿ-ական գործիչը: Վերջինիս դիտարկումները հիմնված են վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցումների վրա, ըստ որոնց՝ հանրության մեծամասնությունը համաձայն չէ գործող իշխանության վարած քաղաքականությանը, չի վստահում նրանց անվտանգության հարցերում, բայց և փողոց՝ պայքարելու դուրս չի գալիս:
Քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակը մի օրում չի ձևավորվում։ Տասնամյակներ շարունակ ՀՀԿ-ին շատ մոտ կանգնած Միքայել Մինասյանն այդ գիտակցությունն իր իշխանության գործիք հանդիսացող մեդիահոլդինգներով այնպես է քնեցրել, որ այն արթնացնելու համար մի քանի սերունդ է պետք։ Երկրորդ՝ պետական գիտակցության մակարդակը վերջին տասնամյակներում համեմատելի է եղել մականունավոր օլիգարխիայի IQ-ի հետ։ Իսկ այստեղ պատկերը, մեղմ ասած, օրհասական է եղել։ Ինչ վերաբերում է վախին․ երբ ընտրություններ էին կեղծում նույն ՀՀԿ-ի գահակալության շրջանում՝ այդ ժամանակ մարդկանց վախը չափելի էր բաժանված ընտրակաշառքի «կուրսով», բայց անհանգստացողներ ՀՀԿ-ում չկային։ Իրականում սոցիոլոգիական հարցումները մեկ այլ բան էլ են ուրվագծում․ այսօր փողոցում կանգնած ընդդիմությանը հայ հասարակությունը չի վստահում։ Առանձնապես տարբերություն էլ չի գտնում ընդդիմության և իշխանության միջև։ Դրանք նույնական են հանրային գիտակցության մակարդակում։ Դրա համար էլ փողոց դուրս չի գալիս։
Գոհար Վեզիրյան