...

«Սպառողների խորհրդատվական կենտրոնի» հորդորը թուրքական ապրանքը մերժողներին

«Սպառողների խորհրդատվական կենտրոնի» հորդորը թուրքական ապրանքը մերժողներին

Սահմանին հայ-ադրբեջանական լարվածության և Մոսկվայում շուկայի ադրբեջանցի սեփականատերերի կողմից հայկական ծիրանի վաճառքի բոյկոտից հետո Հայաստանում կրկին վերսկսեցին թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ կոչերը։ Սոցցանցերում ֆլեշմոբի միջոցով օգտատերերը կոչ են անում հրաժարվել թուրքական ապրանքներ գնելուց:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է, որ միշտ սպառողներին հորդորում է նախապատվությունը տալ տեղական արտադրանքին՝ այսպիսով խթանելով նաև հայկական արտադրության զարգացումը:

Բայց չի ընդունում այս կամ այն երկրի արտադրության ապրանքներից հրաժարվելու կոչերն այն դեպքում, երբ չունենք դրա այլընտրանքը:

«Եթե կենցաղային ապրանքների 80 տոկոսը թուրքական է, դրա այլընտրանքը որտեղի՞ց գտնենք: Այլընտրանքը դեռ չունենք: Եթե իրար կողքի դրված է թուրքականը, ռուսականը և վրացականը, այդ դեպքում չպետք է ընտրել թուրքականը: Նույնիսկ ասում են, որ թուրքական ապրանքներ գնողները հայրենասեր չեն, դրանք պոպուլիստական հայտարարություններ են: Այս պահին նման հայտարարություններ անել և ասել, որ չպետք է ձեռք բերել թուրքական ապրանքներ, ճիշտ չէ՝ սխալ մոտեցում է»,- նշեց նա:

Թուրքիայից Հայաստան ներկրվում են մասնավորապես ավտոմեքենաների յուղեր, լվացող և մաքրող միջոցներ, հագուստ, տրիկոտաժե, բամբակյա կտորեղեն, կոշիկ, էլեկտրական սարքավորումներ, ցիտրուսային մրգեր և այլն:

Կարեն Չիլինգարյանի դիտարկմամբ՝ թուրքական ապրանքների բոյկոտի արդյունքում հայ սպառողն է տուժելու:

«Չպետք է միանգամից ասենք՝ չենք գնում ու վերջ, պետք է նախ մտածենք, թե ինչպես զարգացնենք տեղական արտադրանքը, նոր հրաժարվենք այլ երկրներից ներկրվածից: Առաջին հերթին մեր քաղաքացին ու ներկրողն են տուժելու: Գումար են ներդրել, ապրանքը հասցրել Հայաստան, մաքսազերծել: Ինչքան էլ մարդիկ խոսեն, որ չեն ուզում թուրքական ապրանք գնել, բայց, երբ այլընտրանք չկա, ստիպված պետք է գնեն: Ինչքան էլ հայրենասիրական նկրտումներով հայտարարություններ անեն, այս պահին մենք չունենք թուրքական ապրանքների փոխարինիչը: Ցանկացած տնտեսական խանութ ես մտնում, ամբողջը թուրքական ապրանք է: Այլընտրանք եթե չկա, ինչպես հրաժարվենք դրանից»,- տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահը:

Մինչդեռ որոշ սպառողների պնդմամբ՝ թուրքական արտադրանքն ավելի որակյալ է: Կարեն Չիլինգարյանը նկատում է, որ բոլոր երկրների արտադրանքում էլ կան որակյալ և անորակ ապրանքներ:

Հիմա մի քանի փաստ Թուրքիայից ներկրումների մասով:

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։

Պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․ օրինակ՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։

«Սպառողների խորհրդատվական կենտրոնի» նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրությունը և նոր միայն հրաժարվել մասնավորապես թուրքական ապրանքներից: Այս ամենի հետ մեկտեղ մատնանշում է, որ պետք է հասկանանք նաև տեղական արտադրանքի զարգացման հնարավորություն ունենք, թե՝ ոչ. չէ՞ որ մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում:

«Գործարարներն այս ուղղությամբ պետք է աշխատեն, ինչու չէ իշխանությունն այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի, որ այս ոլորտը զարգանա: Ժամանակին ունեցել ենք քիմիական արտադրություն, ոլորտը զարգացած է եղել, բայց հիմա բարձիթողի վիճակում է: Եթե հնարավորություն լինի, պետք է զարգացնենք մեր արտադրությունը»,- շեշտեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ