...

Թալանի դեմ պայքարը պետք է համոզիչ լինի

Թալանի դեմ պայքարը պետք է համոզիչ լինի

Առաջիկա շաբաթները որոշիչ են լինելու Նոր Հայաստանի  հեռանկարի համար: Վերջին ամիսներին որոշակի անտարբերություն ու հիասթափություն էր առաջացել հեղափոխության ամենակարևոր օրակարգերից մեկի հանդեպ: Բոլոր թալանչիներին պատժելու և կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելու մասին լոզունգը սկզբում հեղափոխության շարժիչ ուժերից մեկն էր: Նոր իշխանության հաստատումից հետո այն սկսվեց կյանքի կոչվել: Գրեթե ամեն օր կառավարության պատասխանատուները կոնկրետ թվերով նշում էին, թե որքան գումար է վերադարձվել բյուջե: Բայց 2-3 ամիս հետո այդ մասին լրատվությունը դարձավ հատուկենտ, իսկ վերադարձվող գումարները սկսեցին պարզապես չաճել: Հատկանշական էր, որ բյուջե վերականգնված գումարների մասին ամեն օր ազդարարող վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը գործուղվեց խորհրդարան, իսկ հաստիքը լուծարվեց: Դրա փոխարեն սկսեցին հասարակությանը հրամցնել տնտեսական աճի, տնտեսական ակտիվության, մի խոսքով սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման վերաբերյալ ինչ-որ թվեր:

Հասարակությունը սկզբում բավական հատուկենտ, իսկ այնուհետև ավելի բարձրաձայն սկսեց հարցեր ուղղել կառավարությանը` ի՞նչ եղան թալանչիները և նրանց թալանած միջոցները: Փաշինյանը հավաստիացնում էր, որ խոստումներն ուժի մեջ են, պարզապես կան օբյեկտիվ խոչընդոտներ` օրենքները` մի կողմից, քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը` մյուս կողմից: Բայց քաղաքական կամքը կա, և հատուցումը, միևնույն է, վրա է հասնելու:

Այնուհետև սկսվեց Քոչարյանի գործի էպոպեան, տեղի ունեցան Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրություններ, նոր կառավարության ձևավորում և այլն: Ինչ-որ պահից անգամ հանրապետականները սկսեցին խոսել թալանի մասին: Ասում էիք` միլիարդներ ենք թալանել, բա ուր է: Իշխանությունը ձեր ձեռքում է, բայց կոռուպցիոն բացահայտումներ չկան: Անգամ սկսեցին կասկածի տակ դնել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը: Պարզվեց` Հայաստանում չկա գեթ մեկ գործարար, որ պատրաստ կլինի հաղորդում ներկայացնել Սաշիկ Սարգսյանի հանրահայտ 50/50-ի վերաբերյալ: Իսկ Հայաստանի ամենահարուստ ընտանիքի` Քոչարյանների մասով կա ընդամենը մեկ գործարարի ցուցմունք` կաշառք տալու վերաբերյալ: Գործարար, որի անունը ավելի շատ ծիծաղ առաջացրեց, քան հույս, որ կբացահայտվի Քոչարյանին վերագրվող կոռուպցիոն գործարքները: Սիլվա Համբարձումյանը դարձավ անգամ մեմերի և ֆլեշ-մոբերի հերոս: Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր գրում էին, որ Սիլվա Համբարձումյանը իրենց էլ է առաջարկել կաշառք:

Հիմա կարծես թե ստանում ենք բոլոր այս հարցերի պատասխանները: Թալանչիների դեմ պայքարի և թալանվածը հետ բերելու թիվ մեկ պատասխանատուն այնքան էլ շահագրգռված չի եղել իր վրա դրված միսիայի հաջողությամբ: Այսօր հայտնի է դառնում, որ Վանեցյանի մայրը բիզնես շահեր է ունեցել Քոչարյանի ավագ որդու հետ: Նրանք տարիներ շարունակ մասնաբաժին են ունեցել մի ընկերությունում, որը զբաղվել է Հայաստան բջջային հեռախոսների ներմուծմամբ: Թերևս պետք չէ հիշեցնել, թե այդ տարիներին ինչ միջոցներով էին շուկայից հեռացվում մրցակիցները: Իսկ Քոչարյանների կողմից Վանեցյանին դատի տալու հանգամանքը, թերևս, ծառայել է որպես կասկածները ցրելու նպատակ: 

Այժմ Վանեցյանը պաշտոնանկ է արվել, չկա խոչընդոտ ամբողջ ծավալով և խորությամբ բացահայտելու` 20 տարի Հայաստանը թալանելու կազմակերպված հանցագործության բոլոր էպիզոդները: Առաջիկա շաբաթների ընթացքում իշխանությունը պետք է շատ արագ ցուցադրի իր պատրաստակամությունը և կամքը` թալանը բացահայտելու գործում: Հակառակ պարագայում, հասարակությունը հետևություն կանի, որ Վանեցյանը միայն քավության նոխազ էր, իսկ պատճառները ավելի խորն են: Նման հեռանկարի դեպքում, դժվար թե հասարակությունը նոր շանս տա իշխանություններին:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», 2, 2019

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

ՎԱՐԿԱՆԻՇ

   5824 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ