Ռոբերտ Քոչարյանի համակիր Մարինե Սուքիասյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրառմանը, որը կապված էր 500 հազար դրամ աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու հարցի հետ, գրել է. «Լենան և իր թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այդպես էլ չհասկացան, որ նախորդ բոլոր իշխանությունների մեջ եղել են զգալի թվով պարկեշտ, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ոչ թե 500 հազարով, այլ կոպեկներով աշխատել են։ Աշխատել են մեծ նվիրումով, անտեսել են սեփական ընտանիքների խնդիրները։ Լուծել են աներևակայելի բարդության խնդիրներ։ Եվ այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր Լենայի համար 500 հազարն արդեն քիչ է թվում»:
«ՉԻ». Լենա Նազարյանի տեսակետն իսկապես վիճահարույց է, բայց որ քոչարյանականներն են փաստարկներ բերում դրա դեմ ու նույնիսկ դասեր տալիս...
Իհարկե, նախորդ իշխանությունների մեջ շատ են եղել պարկեշտ, պրոֆեսիոնալ մարդիկ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը: Ազնվության տիպար է: Այնպիսի նվիրումով է աշխատել, այնպիսի նվիրում, որ ընդհանրապես չի նկատել սեփական ընտանիքի խնդիրները: Իսկ խնդիրները շատ էին, բա գիտեք հե՞շտ էր մոտ 40 էլիտար բնակարան ու տարածք ձեռք բերել, գիտե՞ք, թե որքան ջանջալ գործ է դրա հետ կապված փաստաթղթեր հանելը, կադաստր գնալ, նոտարի մոտ հերթ կանգնել, հազար ու մի թղթի տակ ստորագրել: Ու Ռ. Քոչարյանը, աշխատանքի մեջ սուզված, ընդհանրապես մատը մատին չի տվել ընտանիքի տառապանքները մեղմացնելու համար:
Սերժ Սարգսյանը կոռուպցիան Հայաստանում ջարդեց, փոշի սարքեց: Մինչև հիմա սեփական տուն չունի: Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը... ո՞ր մեկն ասես, ո՞ր մեկը: Ամբողջ կյանքում այս մարդիկ երբեք չեն նայել աշխատավարձին, իրենց համար էական չի եղել, 1 դրամ կստանայի՞ն, թե՞ 500 հազար:
Որովհետև անշահախնդիր էին, հայրենիքի համար պատրաստ էին օրերով սոված մնալ, բերանի հացը կտրում, տալիս էին աղքատներին: Քոչարյանականները պետք է հպարտանան նման ասկետներով: