Թալիբան
1918-ի մայիսից մինչև 1920թ. դեկտեմբեր, 1998-ի փետրվարից մինչև 2001-ի սեպտեմբեր
Հայաստանի պատմության այս երկու շրջանները զարմանալիորեն նման են իրար: Զարմանալիորեն, որովհետև տարբեր էին դրանց նախորդող տարիները, տարբեր էին դաշնակցական գաղափարախոսությամբ երկիր կառավարելու մեկնարկային հնարավորությունները:
Այսպես. մինչև 1918 թվի մայիսի 28-ը մենք՝ հայերս, ապրել էինք ծանրագույն աղետ՝ 1915-ի ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի հայաթափումը, Արևելյան Հայաստանը բզկտված, հյուծված էր առաջին աշխարհամարտի հետևանքով, չուներ պետական որևէ կառույց, չուներ բանակ, կառավարման համակարգ: Ռուսական կայսրության մեր խուլ անկյունը տուժել էր նաև այդ մեծ երկրում ծավալվող հեղափոխական իրադարձություններից: Բոլշևիկները մինչև Անդրկովկասի՝ կայսրությունից անջատվելը հասցրել էին առևտուր անել նաև այդ տարածքներով (Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը):
Իսկ մինչև 1998-ի փետրվարը Հայաստանը, բազում դժվարությունների դիմակայելով, այնուամենայնիվ անցել էր 7-ամյա պետականության ճանապարհ: 1991-ից անկախ Հայաստանի առաջին իշխանավորները կարողացել էին ստեղծել պետականության հիմքը՝ կառավարման համակարգ, բանակ, հանրաքվեով ընդունել էինք Սահմանադրությունը, հաղթել էինք ազատագրական պատերազմում, խուսափել էինք քաղաքացիական կռիվներից: Հայաստանը ուներ միջազգային վարկ, իսկ պետության նախագահը առանց «կոմպլեմենտար» քաղաքականություն վարելու շատ երկրների ղեկավարների հարգանքն էր վայելում: 1998-ին մենք ունեինք մեկ կարևորագույն չլուծված խնդիր՝ Արցախի խնդիրը: Հիշեցնենք, որ հենց դրա լուծումից էր կախված թե՛ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելը, թե՛ ՀՀ ապաշրջափակումը և տնտեսական բարգավաճումը:
Եվ ուրեմն՝ մեկնարկային պայմանները տարբեր էին, սակայն նույնն էր իշխող գաղափարախոսությունը՝ ՀՅԴ-ական, պահանջատիրական: Եվ սա արտաքին քողն էր երկու ժամանակահատվածներում էլ: Քանի որ 18-ին իշխանության եկածները, ծովից ծով Հայաստան ճչալով, պատրաստ էին կատարել թշնամու կողմից առաջադրվող բոլոր ստորացուցիչ պայմանները (օրինակ՝ Անդրանիկին զինաթափելն ու չեզոքացնելը), միայն թե չզրկվեին իրենց անձնական իշխանությունից: 1998-ին իշխանությունը զավթածներն իրականացրին պալատական հեղաշրջումը հասարակությանը Արցախի խնդրով խաբելու միտումով, սակայն մինչ օրս էլ ձգձգում են դրա լուծումը՝ աթոռներից պինդ կառչած:
1918-ից 1920-ը նույնպես արտաքին քաղաքականությունը խիստ «կոմպլեմենտար» էր, և սրա արդյունքը դարձան 1920թ. դեկտեմբերի 2-ին միաժամանակ ստորագրված երկու խայտառակ պայմանագրերը՝ մեկը՝ բոլշևիկների, մյուսը՝ թուրքերի հետ: Եվ դեռ պիտի գոհ լինենք, որ Հայաստանն իր անկախությունը կորցրեց բոլշևիկների «օգնությամբ», այլապես մենք այսօր երկիր չէինք ունենա, լավագույն դեպքում կունենայինք 10000 ք/կմ կիսով չափ հայաբնակ տարածք:
1998-ից նույնպես մեր պետությունը դրսում վարում է անհասկանալի, թեթևաբարո քաղաքականություն և անընդհատ կողմնորոշվում է: Հայդատական գաղափարախոսները Արցախի հարցը դարձրին պահանջատիրության մի մաս, և ղարաբաղցիները զրկվեցին իրենց հարցի մասին ընթացող բանակցություններում որպես կողմ հանդես գալու հնարավորությունից, Հայաստանին սպառնում է Մեղրիի կորստյան խնդիրը, իսկ այսօր արդեն մեր երկիրն արհամարհում են, և ՌԴ պաշտպանության նախարարը կարող է հայտարարել, թե այստեղ նա իրեն զգում է, ինչպես իր տանը: Եվրոպան մեզ ապտակ է հասցնում՝ օկուպանտ և թմրաբիզնեսով զբաղվող անվանելով, իսկ ՀՀ փոխարտգործնախարարը հանգիստ ասում է՝ մեր դիրքերն այսօր միջազգային ասպարեզում ավելի ամուր են, քան 1998-ից առաջ (սուտն ու կեղծիքը դարձել են պետական չինովնիկների հիմնական զենքը):
1918-ից 1920-ը Հայաստանում իշխողները նույնքան անհանդուրժող էին «այլախոհ» հայերի նկատմամբ, որքան այսօրվանները: Ավելին, 1917-1918թթ. դաշնակցականները երեք մահափորձ էին կազմակերպել զորավար Անդրանիկի դեմ, ատում էին Պողոս Նուբարին, մաուզերիստները Երևանի փողոցներում հաշվեհարդար էին տեսնում հակառակորդներին սպանելով, մոլեգնում էր տեռորը: Անպատիժ: 1998-ից սկսած Հայաստանում հաստատվել է տեռորի նույն մթնոլորտը, որի գագաթնակետն էր հոկտեմբերի 27-ի ոճիրը: Անպատիժ են մնացել և՛ Հ. Խաչատրյանի, և՛ Ա. Մարգարյանի, և՛ Վ. Խոռխոռունու սպանությունները: Եվ զարմանալի չէ, որ տեռորի գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանությունները իրենց մեջ «ուժ չեն գտնում» անգամ իսլամական ահաբեկիչներին դատապարտելու:
1918-ից 1920-ը Հայաստանը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով չէր կարող երազել տնտեսական զարգացման մասին:
1998-ից սկսյալ իշխանություններն այնպես են «խրվել» տնտեսական հակառակորդներին վերացնելու գործում, որ ստիպված են օտարներին ծախծխել այն, ինչ իրենց անձնական օգտագործման բիզնեսմենները մարսել չեն կարող:
Դառնանք կողմնորոշումներին: Ռ. Քոչարյանն այս երեք տարում մի քանի կաշի փոխեց: Հիշու՞մ եք՝ ՀՀ նախագահի աթոռին հավակնող մարդու կարդացած գիրքը որն էր: Այն անգլերեն էր և գլոբալիզացիայի մասին: Կարելի էր եզրակացնել, որ նա այդ պահին ամերիկամետ էր, հետո՝ 1998-ի հոկտեմբերի 27-ից ամիսներ անց, մենք շռնդալից մտանք Եվրախորհուրդ ու «ըմբոշխնեցինք» Ռ. Քոչարյանի անգլերեն ելույթը: Ուրեմն՝ նա եվրոպամետ էր: Այսօր մենք ռուսամետ ենք, որովհետև Պուտինը եկել էր Հայաստան՝ եղած-չեղած պիտանի բաները տանելու, իսկ ՀՀ նախագահի պաշտոնը զավթած մարդը անթաքույց քծնում էր ռուսաց թագավորին, որպեսզի մեր ռուսասեր ազգակիցների «հոգում» քվե ունենա և... Եվ 2003-ին նորից Սահմանադրությունը խախտելով մնա աթոռին՝ հույսը դնելով ռուսական աջակցության վրա: Կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները սկսել են երկիրը ռուսներին հանձնելու գործընթացը և թափով առաջ են գնալու մինչև պետականության վերջնական անկում: Սա՛ է տեռորիստական, կեղծ ազգայնական, հիմքում՝ անձնական շահերից ելնող քաղաքականության պտուղը: Այսպես մեկ անգամ արդեն եղել է: Այսպես գեներալ Դրոն է բոլշևիկներին «ստիպված» աջակցել: Եվ երևի մտքում նա էլ է խոստովանել՝ «մենք տարբեր քաշային կարգերում ենք»: 2001-ին ՀՀ նախագահ ներկայացող մարդը ի լուր աշխարհի քծնում է ՌԴ սառնասիրտ նախագահին՝ «մենք տարբեր քաշային կարգերում ենք»:
Բայց, բարեբախտաբար, Հայաստանը դեռ անկախ պետություն է, Հայաստանի քաղաքացիների բանական մասը չի տառապում հիշողության կորստով: Բարեբախտաբար, անկախության ապադաշնակցական 7 տարում մեր բանակը հաղթել է, մենք աշխարհին հպարտ ու քաղաքակիրթ ենք ներկայացել ու չենք ստորացել: Այնպես որ, հույսներս դեռ չենք կորցրել, քանի որ 1991-ին մեկ թանկարժեք սկզբունք էինք որդեգրել՝ մեր հույսը միայն մենք ենք: Իսկ Ռ. Քոչարյանին ու նրան ստրկամտորեն ծառայողներին պետք է ցույց տալ իրենց իրական արժեքը Հայաստանի ներսում, որպեսզի անկախ պետության ազատ քաղաքացին ճիշտ որոշի իր դերն ու կշիռը սեփական հայրենիքում, իսկ օտարամոլները, անողնաշարները ու մորթապաշտ ընդոծինները Հայրենիքի տեր չկարծեն իրենց:
Լ. Ասատրյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 267, սեպտեմբերի 25, 2001 թ.