...

Տես, երազախաբ չլինես

Տես, երազախաբ չլինես

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է պատմական նոր փուլ մտնելու և «Չորրորդ հանրապետություն» ստեղծելու թեմաներին:

Արմեն Սարգսյանը մասնավորապես հետևյալ մտքերն է հայտնել.

1.    Առաջին անգամ հարյուրամյակների ընթացքում հայերն իրենց տարածքները չկորցրեցին, այլ 1990-ականներին հետ բերեցին պատմական տարածքներ՝ իր ռեսուրսներով մեզ բազմապատիկ գերազանցող հակառակորդի կողմից պարտադրված պատերազմի ընթացքում: Մեզ դա հաջողվեց անել, որովհետև մեր շարժիչ ուժը երազանքներն էին ու ազգային գաղափարներին նվիրումը:

2.    1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, և ընդհուպ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական:

3.     Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր:

4.    «Իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն»:

5.    Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի, սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում: Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները:

Ծանր գործ է՝ մեկնաբանել այս մտքերը, բայց ճար չկա, պիտի անենք, քանի որ ասողը երկրի նախագահն է: Կետերով անդրադառնանք:

1.    Փաստորեն, 1990-ականներին արցախյան պատերազմում մեր ունեցած հաջողությունների հիմնական պատճառը մեր երազանքներն էին, ազգային գաղափարներին նվիրումը: Ոչ թե Տեր-Պետրոսյանի իշխանության վարած ներքին, արտաքին, քաղաքական, դիվանագիտական աշխատանքի արդյունքն էր, այլ երազանքները:

Այսինքն, պատերազմի ելքը որոշվում է նրանով, թե ով ավելի լավ կերազի: Այս վերջին պատերազմում Նիկոլ Փաշինյանը երևի այնքան էլ լավ չերազեց, կամ Իլհամ Ալիևի երազանքներն ավելի հզոր էին: 

Ինչ վերաբերում է նրան, որ 1990-ականներին հետ բերեցինք պատմական տարածքներ, ապա զգացվում է, որ Լոնդոն մեկնելիս Արմեն Սարգսյանը հետը դաշնակցական կոնսպեկտներ է վերցրել և այնտեղից մեջբերումներ արել: Միջազգային իրավունքի տեսանկյունից պատմական տարածք հասկացություն չկա, բայց դե, դա կարևոր չէ: Կարևորը՝ լավ է հնչում:

2.    Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ եղել է երկու հստակ տեսլական. մեկը՝ հարցը լուծելն էր, մյուսը՝ չլուծելը: Հարցը լուծելու տեսլականը ենթադրում էր փոխզիջումներ, հարցը չլուծելու տեսլականը՝ ոչ մի թիզ հող թշնամուն: Մանավանդ, որ այդ հողերը պատմական էին:

3.    Բա որ գիտեիր, որ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկան ի սկզբանե դատապարտված էր, բա 20 տարի ինչո՞ւ ես մաս կազմել մի իշխանության, որի ընտրած տակտիկան մեզ տանելու էր դատապարտման: Ինչո՞ւ չես արտահայտվել, ինչո՞ւ չես հրապարակավ քննադատել Վարդան Օսկանյանին, որը հոխորտում էր, թե 100 տարի էլ փակ սահմաններով կզարգանանք: Ինչո՞ւ դեսպանի պաշտոնից չես հրաժարվել, վախենում էիր՝ բիզնեսներիդ վնաս տայի՞ն:

4.    Իսկ ինչի՞ց ես որոշել, որ Նախագահի ինստիտուտը իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկն է: Ինչո՞վ է այս ինստիտուտն ավելի օրինական ու անաչառ, քան գործադիր ու օրենսդիր ինստիտուտները: Այդ ո՞վ է իրավունք տվել ձեզ վեր դասել իշխանության այլ ինստիտուտներից. «Բրիթիշ Փեթրոլիո՞ւմը», թե՞ Լոնդոնից ձեզ Հայաստան բերած անձը: Ազգային համաձայնության կառավարությունը ձեր մասնակցությամբ միայն Ազգային անհամաձայնության կառավարություն կդառնա: 

5.    Այս վերջին կետը շատ երկակի է. Արմեն Սարգսյանն ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե նախագահի ինստիտուտը կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում: Շատ լղոզված միտք է: Եթե «նախագահի ինստիտուտ» ասելով՝ նկատի ունի վերադարձը դեպի կառավարման նախագահական համակարգ, դա ողջունելի միտք է: Բայց եթե նկատի ունի անձամբ իրեն, ապա՝ հաջող Վալոդիկ: Սա պետություն է, ոչ թե՝ տուն-տունիկ: Բառախաղերով ճգնաժամ չեն լուծում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ