...

Թեզ, որ ներկաները և նախկինները ծառայեցրին իրենց նպատակներին

Թեզ, որ ներկաները և նախկինները ծառայեցրին իրենց նպատակներին

Կա մի թեզ, որ երկու տարի է, ինչ երկու հակադիր քաղաքական բևեռները անխնա շահագործում և տիրաժավորում են: Խոսքը նախկինների վերադարձ չի լինելու թեզի մասին է՝ տարբեր փաթեթավորումներով:

Ինչպես հայտնի է՝ առաջինի հեղինակը գործող իշխանություններն են, իսկ երկրորդինը՝ հենց նախկինները: Եվ բացարձակապես նշանակություն չունի, որ թեզը շրջանառում են նախկինների հետ առերևույթ կապ չունեցող շրջանակներ:

Պատմության մեջ կան բազում օրինակներ, որ մերժված ուժերը ժամանակ հետո վերադառնում են իշխանության: Դրան նպաստում են ինչպես հեղափոխությամբ եկած ուժերի ապաշնորհությունը, այնպես էլ արտաքին քաղաքական բարենպաստ պայմանները:

Հեղափոխությունից երկու տարի անց ակնհայտ է՝ բովանդակությամբ միևնույն թեզը ընդամենը հռետորաբանություն և քաղաքական տեխնոլոգիա է: Գործող իշխանությունների պարագայում դա ընդամենը հռետորաբանություն էր, որի միջոցով փորձ էր արվում մի շարք տատանվող խմբերին հանգստացնել: Առաջնահերթ դա վերաբերում էր բյուրոկրատական և տնտեսական խմբերին: Մի երկմտեք, մի վախեցեք, մի մտածեք այլ երկրներում գործունեություն տարածելու մասին, նախկինները չեն վերադառնալու և վրեժխնդիր չեն լինելու գործող կառավարության հետ համագործակցության համար:

Բոլորովին այլ նկատառումներից ելնելով, շրջանառության մեջ դրվեց թեզի երկրորդ ինտերպրիտացիան: Պետք է մոռանալ նախկին հանցագործությունները, իմաստ չունի համեմատություններ անել նախորդ և ներկա իշխանությունների միջև, նախկինները այլևս վտանգ չեն ներկայացնում և այլն: Նախկինների կողմից այս թեզի շահագործումը ունի մեկ հստակ նպատակ՝ հեռացնել հասարակության ուշադրությունը իրենցից, որպեսզի ժամանակ ունենան վերակազմակերպվելու և վերախմբավորվելու:

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի՝ միևնույն թեզը, երկու հակադիր բևեռների համար, ծառայեց հեղինակների նպատակներին: Գործող իշխանությունը չունեցավ բյուրոկրատական ապարատի կազմաքանդում, միջին և ցածր պաշտոնյաների զանգվածային արտահոսք: Չունեցավ նաև կապիտալի մեծ արտահոսք: Տնտեսական խմբերը հիմնականում մնացին Հայաստանում և փորձեցին խաղի նոր պայմաններով գործունեություն ծավալել Հայաստանում:

Թեզը աշխատեց նաև հօգուտ նախկինների շահերի: Այսօր արդեն կարելի է արձանագրել. նրանք ոչ միայն ամբողջովին չվերացան քաղաքական թատերաբեմից, այլև բավական հաջող կազմակերպվել են և առաջին հայացքից ցրված և անջատ խմբերը վճռական գրոհից առաջ կմիավորվեն ու կդառնան մեկ բռունցք:

Այսպիսով հեղափոխությունից երկու տարի անց պետք է փաստել՝ այլևս ժամկետանց է պնդումը, թե չկա վերադարձ անցյալին և պետք չէ խոսել նախկինների մասին: Հեղափոխությունից երկու տարի անց, քաղաքական պայքարը ընթանում է գործող և նախկին իշխանությունների միջև:

Աներկբա է՝ եթե այսօր գործող կառավարությունը ձախողվում է և զիջում իշխանությունը, կա միայն մեկ ուժ, որ գտնվում է ոտքի վրա և որն էլ կվերցնի իշխանությունը:

Այս իրողության հետ պետք է հաշտվել, գիտակցել, որ դա է մեր իրականությունը և այդ փաստից ելնելով կառուցել քաղաքական նախապատվությունները: Մնացածը լիրիկա է և կատարում է ծխածածկույթի դեր:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ