...

Տիգրան Ուրիխանյանի երազը

Տիգրան Ուրիխանյանի երազը

2023 թվականն է: Ինքը հոբելյանական 10-րդ անգամ մտել և դուրս է եկել ԲՀԿ-ից:

Առավոտյան սուրճ է խմում և կարդում համաշխարհային մամուլը: Օրինակ՝ «Վաշինգտոն Պոստը» գրում է. «Տիգրան Ուրիխանյանի մասշտաբը շատ փոքր է Հայաստանի համար: Այդպիսի լիդերները պետք է ղեկավարեն գերտերություններ»: «Ֆայնեշնլ Թայմսը» գրեթե համակարծիք է ամերիկյան թերթի հետ. «Տիգրան Ուրիխանյանի մեծությունը կարելի է համեմատել Ռուզվելտի, Չերչիլի և Դը Գոլի մեծությունների հետ: 21-րդ դարում, դեռևս չկա նրա հավասարը»: «Բլումբերգը» և «Ֆորբսը» նույն գլխագրերով են այսօր թողարկվել. «Ուրիխանյանը այսօր աշխարհում ամենապոպուլյար քաղաքական գործիչն է: Նրան համակրում է աշխարհի բնակչության 90 տոկոսը»: «Ջափըն Թայմսը» անցկացրել է հարցախույզ. «Ճապոնացիների 90 տոկոսը ճանաչում է Ուրիխանյանին, նրանց 89 տոկոսը կցանկանար, որ հենց նա լիներ Ճապոնիայի վարչապետ»:

Գրեթե գոհ է միջազգային մամուլի այսօրվա հրապարակումներից: Ճիշտ է՝ նրանք ավել բան չեն արել, միայն արձանագրել են իրողություններ, բայց օրինակ հայկական ԶԼՄ-ները չունեն այդ համարձակությունը, որ հաշտվեն իր համաշխարհային հեղինակության հետ: Մյուս կողմից էլ մտքի մեջ ասում է. «Տիգրան ջան, մի տխրի, առաքյալներին իրենց հայրենիքում չեն ճանաչում»:

Ահա այսպիսի մտորումների մեջ զանգահարում է հեռախոսը: «Ալո, պարոն Ուրիխանյան, ձեզ անհանգստացնում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Այսօր հերթական 1254-րդ միջնորդությունը կներկայացվի դատարան՝ վերացնելու նրա կալանքը: Կխնդրենք ներկայանալ դատարանի բակ՝ ձեր համախոհների և կուսակիցների հետ»: «Գիտեք, մեծ սիրով, բայց իմ կարգավիճակը և միջազգային հեղինակությունը թույլ չեն տալիս գալ դատարանի բակ և շարքային ցուցարարի պես գոռալ՝ ազատություն հերոսին: Կինս, ցավոք սրտի, այսօր ուրիշ ծրագրեր ունի: Երեխաներս անչափահաս են: Կարծում եմ բացատրեցի, որ աջակիցներս նույնպես չեն կարող մասնակցել այսօրվա ակցիային»:

Արթնանում է Էրեբունի պլազայի առաջին հարկում: Քաշել է կտրոնը և սպասում իր հերթին: Այսօր թոշակի օր է, իրենից առաջ Նուռն է, հետո՝ Լարիսա Ալավերդյանը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ