...

Թող Սերժ Սարգսյանն ինքն իրեն փրկեր

Թող Սերժ Սարգսյանն ինքն իրեն փրկեր

Սերժ Սարգսյանին առաջադրվել է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանք։ Շատ չանցած ասուլիս է հրավիրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է, և այն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան»։  

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը թողնենք պատկան մարմիններին, որ իրենք որոշեն՝ առաջադրված մեղադրանքն օդ է, թե՞ մի ուրիշ բան է, իսկ մենք տեսնենք, թե Արմեն Աշոտյանն ո՞ւմ կարող է կոնսոլիդացնել։ ՀՀԿ փոխնախագահը չի մանրամասնել, թե որ հականիկոլական ուժերին է կոնցոլիդացնելու։ 

Երբ Քոչարյանին մեղադրանք էին առաջադրել, նրա կողմնակիցներն էլ առաջադրված ծանրագույն մեղադրանքը ջուր էին համարում, իսկ Քոչարյանն էլ հայտարարում էր «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի մասին, որը պետք է ապահովեր թեժ աշուն։ Շատերի կարծիքով Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» ակումբը Քոչարյանի «Կոնսենսուս մինուս մեկն» է, որը պետք է թեժ  աշուն ապահովեր։ Ինչպես տեսանք, աշունը ամենևին էլ թեժ չէր։ «Վերնատունը» աշնան վերջին օրերին մի ժողով արեց, դրան հաջորդեց հայտարարություն, դրանով «թեժ» աշունն ավարտվեց։ Ինչքան հականիկոլականներ կային կոնսոլիդացվեցին Քոչարյանի շուրջը։ Աշոտյանին մնում է ՀՀԿ-ով կոնսոլիդացվեն Քոչարյանի աջակիցների հետ։ Հանրությունը չի էլ առանձնացնում Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին։ Քսան տարի նրանք նույն քաղաքականությունն են իրականացրել, նրանց կողմնակիցները՝ հականիկոլականները, նոր չէ, որ պետք է կոնսոլիդացվեն։ Նրանք միշտ էլ կոնսոլիդացված են եղել։ Այնպես որ՝ Աշոտյանը կոնսոլիդացնելու ոչինչ չունի։ 

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանից դժգոհողներին, ապա Արմեն Աշոտյանը պետք է հասկանա, որ ընդամենը մեկուկես տարի է, որ իրենց մերժել է հանրությունը, և իսկապես կան Նիկոլ Փաշինյանից դժգոհություններ, իսկ դժգոհությունների պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրավաքաղաքական գնահատական չի տալիս իշխանությունների անցած քսան տարիների գործունեությանը և դատական համակարգում բարեփոխումներ չի անում, իսկ կոռուպցիոներները մնում են անպատիժ։ Եթե Արմեն Աշոտյանը մտածում է, որ այդ դժգոհողները կոնսոլիդացվելու են իրենց հետ, ապա չարաչար սխալվում է։ Մոլորություն է։ 

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, բրատիսլավյան հանդիպման արդյունքներին՝ Աշոտյանը զավեշտալի բան է ասել. «Սերժը փրկեց Նիկոլին: Այս մեկ ու կես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան-Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան-Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակից»: Իհարկե մեկուկես տարվա ղեկավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հստակ չէ, հակասական հայտարարություներ է արել, բայց սա չի նշանակում, թե Արմեն Աշոտյանը կարող է նման հայտարարություն անել։

Իսկ երբ Աշոտյանն ասում է. «Սերժը փրկել է Նիկոլին», ժպիտ է առաջացնում։ Գաղտնիք չէ, որ իշխանության են եկել և քսան տարի իշխանություն են պահել՝ շահարկելով Ղարաբաղի հարցը, իսկ հիմա էլ Աշոտյանը Սերժ Սարգսյանին ներկայացնում է Ղարաբաղի հարցում ճգնաժամից ու կատաստրոֆայից փրկող։ Սերժ Սարգսյանը 10 տարի բանակցում էր, թող ինքն իրեն փրկեր, որ ապրիլյան քառօրյա պատերազմը չլիներ, չունենայինք հարյուրից ավելի զոհեր և 800 հեկտարի կորուստ։ Այնպես որ՝ աշոտյաններին մնում հանգիստ նստեն իրենց տեղերը, վերադարձ չկա, իրենց ոչ մի կոնսոլիդացիա էլ չի փրկի։ Այո, Նիկոլ Փաշինյանից դժգոհողներ կան, և կհայտնվեն ուժեր, որոնք չեն ունենա արատավոր անցյալ և կզբաղեցնեն ընդդիմադիր դաշտը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ