...

Ճկուն քաղաքականությունից մինչև պետություն «պո վիզովու»

Ճկուն քաղաքականությունից մինչև պետություն «պո վիզովու»

ԾՈՑԱԳՐՊԱՆ

Բարձրաշխարհիկ հասարակության մեջ կանայք հաճախ են տարբեր մարդկանց հետ սիրախաղով զբաղվում՝ տարբեր խնդիրներ լուծելու նպատակով: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ սիրախաղն ավարտվի անկողնում: Խաղի կանոններն են այդպիսին: Հասարակության ստորին խավերից պատահաբար բարձրաշխարհիկ հասարակությունում հայտնված կանայք, որոնք ընդհանուր գծերով պատկերացնում են խաղի կանոնները, որպես կանոն, դրա իմաստը չեն հասկանում: Ավելի ճիշտ՝ սխալ են հասկանում: Ու սխալ հասկանալով՝ փորձում են կապկել: Արդյունքում ամեն ինչ շատ արագ վերածվում է «փողի բազարի», և երեք օրում ութ անկողին փոխելով՝ «գյոռմամիշն» ի վերջո հայտնվում է փողոցում: Դրա համար էլ ժողովուրդն ասում է՝ «Աստված հեռու պահի գեղցու զարգացածից»: Սա՝ իմիջիայլոց:

Անկախության առաջին տարիներին հանրապետության առջև ծանրագույն խնդիրներ էին դրված: Մի կողմից, Հայաստանին անհրաժեշտ է մասնավոր տնտեսական համակարգ և ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու նպատակով ստանալ Արևմուտքի աջակցությունը, մյուս կողմից՝ փաստացի պատերազմական վիճակը ստիպում էր ջերմ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ: Հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրները: Մի կողմից, պետական և ժողովրդավարական ինստիտուտի կայացման առումով Հայաստանն Անդրկովկասում անվիճելի առաջատարն էր (Հայաստանը համարվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակն ու բնակչության մեկ շնչի հաշվով ամենամեծ օգնությունն էր ստանում), մյուս կողմից կարողացավ փայլուն հաղթանակ տանել պատերազմում և ոչ միայն խուսափել նման դեպքերում պարտադիր միջազգային սանկցիաներից, այլև հասնել նրան, որ նման սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:

Իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց 98-ի փետրվարյան իշխանափոխությունից հետո և ինքնամոռաց ընթացքի մեջ մտավ հատկապես հոկտեմբերի 27-ից հետո: Եվ որպեսզի ժողովուրդը հանկարծ չզգա այդ փոփոխությունը, հապճեպ ձևավորված պալատական ընդդիմությունը սկսեց քարոզել, թե «իշխանափոխություն չի եղել, նույն թալանչիներն են»: Իրականում այս մտքի միայն կեսն էր ճիշտ. թալանչիներն իսկապես նույնն էին, բայց իշխանափոխություն եղել էր: Միջազգային հանրության բարձրաշխարհիկ հասարակությունում պատահաբար հայտնվել էին ստորին խավերի «ձելավոյ» տղերքը, որոնք լսել էին միայն, որ քաղաքականությունն անբարոյականություն է: Ու սկսվեց...

Հայաստանն անմիջապես նետվեց ԱՄՆ-ի գիրկը: Տրամաբանությունը պարզ էր՝ այնտեղ շատ փող կա: Իշխանություններին թվում էր, թե փողն ավելի շատ կլինի, եթե ԱՄՆ-ին տրվելուն զուգահեռ մի քիչ էլ Ռուսաստանին հայհոյեն: Բան դուրս չեկավ: Առավոտյան ԱՄՆ-ը ոչ միայն փող չտվեց, այլև մի լավ հայհոյեց ու մի բան էլ ինքը պահանջեց (պետդեպարտամենտի հայտարարությունը ՀՀ-ում նախագահական ընտրությունների մասին, Մեղրիի տարբերակը): Իսկ ուրիշ ի՞նչ կերպ են վարվում նմանների հետ, մանավանդ, եթե բողոքելու տեղ չունի:

Մերոնց թվաց, թե իրենք բողոքելու տեղ ունեն: Շտապ նետվեցին Ռուսաստանի գիրկը: Ռուսաստանը ոչ միայն գրկաբաց չընդունեց, այլև նախկինում վճարածը ետ ուզեց (պահանջեց անհապաղ վճարել գազի դիմաց կուտակված պարտքը): Իսկ ուրիշ ի՞նչ կերպ են վարվում նման դեպքերում: Արդյունքում Հայաստանը հայտնվեց այնտեղ, որտեղ հայտնվում են նման դեպքերում. բորդյուրին: Ու մնաց պատահական հաճախորդների հույսին. Համաշխարհային բանկը մի բան կտա, Սփյուռքը մի բան կտա, մի բան մենք կծախենք...

Ամեն դեպքում, երկու-երեք գիշերվա մեջ գետնին հավասարված հեղինակությունը վերականգնելու համար տարիներ են պետք: Ամենաափսոսը հենց այդ տարիներն են:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 192, մայիսի 2, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ