Պատրաստվում է խորհրդարան գնալ՝ մասնակցելու իր թեկնածության հարցով քննարկումներին: Բայց դեռ ահագին բան կա անելու, չի հասցնում: Ֆեյսբուքի ստատուսները ստուգելով հետ է գնում: Որը կասկածելի է, ջնջում է: Հասել է մինչև 2015 թվականը, մնացել է 4 տարի: «Արփինե»,- մեսինջերով գրում է Արփինե Հովհաննիսյանին,- «սենց ստատուս եմ գրել 2014-ին. «Մեր արդարադատության համակարգը լավագույնն է տարածաշրջանում: Հատկապես՝ Վճռաբեկի քրեական պալատը»: Էս ջնջե՞մ»,- հարցնում է ինքը:
«Չգիտեմ, ջանուլ, հեսա Աննա Վարդապետյանին հարցնեմ»,- պատասխանում է Արփինեն: Մինչև պատասխանի, ինքն այդ ընթացքում հասցնում է ջնջել Արփինե Հովհաննիսյանի հետ համատեղ լուսանկարները: «Շառ ա էլի, հետո կվերականգնեմ»,- ասում է ինքը և Արփինեից նամակ է գալիս. «Աննան ասում ա, մտի, ընդե «edit post» կա, գտա՞ր, ապրես, սեղմի, խմբագրի, գրի՝ «Մեր արդարադատության համակարգը 2020 թվականին լավագույնն է լինելու տարածաշրջանում: Հատկապես՝ Վճռաբեկի քրեական պալատը»: Սեյվ արա, թող մնա այդպես»:
Սենյակ է մտնում Դավիթ Ավետիսյանը. «Datalex-ի հետ խոսել եմ, մինչև էս ղալմաղալի վերջը մեր սաղ գործերը «բլոկի» տակ են լինելու: Էն ընտանեկան լրատվամիջոցին էլ «Մարտի 1-ի» գործով անցնողների դոսյեներն եմ տվել, թող դրանց սատկացնեն»:
Ավարտում է ստատուսները ջնջելը ու գնում խորհրդարան:
Եվ ահա ինքը ամբիոնում է: Ահավոր լարված է: 47 ընդդիմադիր լրատվամիջոց ուղիղ եթերով հեռարձակում է նիստը: Սկսվում է հարց ու պատասխանը: «Իմ քայլից» մեկը հարցնում է. «Պրն Ավետիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին ՍԴ-ն բռնազավթելու գործընթացին»:
Ինքը կարմրում, քրտնում է, ջուրը ծլլում է վերնաշապիկով, ճար չկա, պիտի պատասխանի, Սիսակ Գաբրիելյանի տված շպարգալկեքն էլ անցակետում վերցրել էին: «Գիտեք, ԵԽԽՎ 2011թ. թիվ 154 բանաձևի համաձայն, եթե ՍԴ նախագահը խախտել է Ժնևի կոնվենցիայի 14-րդ հոդվածի «ա» կետը, ապա մենք չենք ասում, որ նա լեգիտիմ է, որովհետև լեգիտիմության կանխավարկածը չի հերքվել, եթե հերքվել է, ապա օրինականությունը բարձրագույն արժեքն է, որի պոստուլատներով պետք է առաջնորդվենք, իսկ դե յուրեն ավելի կարևոր է, քան դե ֆակտոն»:
Պատգամավորներն իրար երեսի են նայում, թե յանի էս ինչ ասաց: Մենակ Վլադիմիր Վարդանյանն է աչքով անում իրեն ու բութ մատը տնկում:
Հարց տալու հերթը Էդմոն Մարուքյանինն է. «Մենք հիմա մի պատգամավոր պակաս ունենք, հիմա ի՞նչ եք ասում, բա դա Սահմանադրության խախտում չի՞»:
«Պրն Մարուքյան, հայտնի շրջանակներից ու ֆեյքերից հրահրվող ձեր հարցին չեմ պատասխանում, դա ակնհայտ սադրանք է պարունակում, ինչը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության 3-րդ հոդվածի 1-ին կետին»,- պատասխանում է ինքը:
Հաջորդը Նաիրա Զոհրաբյանն է. «Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որն էնքան բան է արել այս երկրի համար: Նա ամեն տարի նոր աշխատատեղեր է բացում, զբաղվում է բարեգործությամբ, ֆինանսավորում բազմաթիվ ծրագրեր, նրա պատկերով բրոշյուրները հիմա էլ ձեռից-ձեռ են խլում, 4 եկեղեցի է կառուցել, վերջին երկու տարում հարկեր է վճարել...»: Ինքը զարմացած արձագանքում է. «Կներեք, ձեր հարցը չհասկացա»: «Չէ՜,- ծոր է տալիս Նառան,- սա հարց չէր, ռեպլիկ էր, հարցեր չունեմ»:
Քննարկումն ավարտվում է, խմբակցությունները գնում են խորհրդակցական սենյակներ: Ինքը նյարդայնացած միջանքում քայլելով գնում-գալիս է: 20 րոպեն անցնում է, ձայն չկա: Մի ժամ է անցնում, երկու ժամ, արդեն մթնել է, դեռ մարդ չի երևում:
Մեկ էլ խորհրդարանի բարձրախոսով հայտարարում են, որ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ մի պատգամավոր չի հերիքում: 5 րոպե անց հայտարարվում է, որ ԲՀԿ-ն էլ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ «Լուսավոր Հայաստանը» չի միացել իրենց ստորագրահավաքին: 10 րոպե հետո էլ հայտնի է դառնում, որ շոգերի պատճառով «Իմ քայլը» ամառային արձակուրդ է վերցրել և գնացել Սևան՝ փարթիի: Տեղում ուշաթափվում է:
Ուշքի է գալիս Վճռաբեկ դատարանում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020