Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին, որն անցկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում։ «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, և գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթի» մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարևոր օրերին: Իհարկե, միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է, բայց գավաթի միջոցառումները նվիրված են հենց պետական տարբեր օրերին, և նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու, անհատի միջև, ցույց տալ ապրելու և արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը, ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներն իրագործելու»,- հայտարարել է Փաշինյանը մրցանակների հանձնման ժամանակ։
Շատ, շատ կարևոր նախաձեռնություն է։ Բա անվանո՞ւմը՝ «Վարչապետի գավաթ»։ Ավելի հնչեղ կլիներ, եթե համեստությունը մի կողմ դնեին ու նախագիծը միանգամից «Նիկոլ Փաշինյանի գավաթ» անվանեին։ Պետության համար կարևոր օրերի հետ իր անձը նույնականացնելու կիրքն էլ ձեռքի հետ կբավարարվեր։ Օրինակ՝ կոնկրետ օրվա խորհուրդը կդրվեր մի կողմ, և առաջին պլանում կմնար Փաշինյանի գավաթը։ Ճիշտ երեկվա պես։ Բայց այստեղ մեկ այլ նրբություն էլ կա․ Սևանա լիճն այն օրին է, որ հաջորդող տարիներին գուցե Փաշինյանն այլևս լողի մրցաշար ստիպված լինի կազմակերպել իր կառավարական առանձնատան լողավազանում։
Գոհար Վեզիրյան