...

Վարդուհի Իշխանյանի երազը

Վարդուհի Իշխանյանի երազը

Ինքը կառավարության ամֆիթատրոնի օթյակում՝ կայսր Վազգենի կողքին նստած, սպասում է գլադիատորական մարտերին: Երկու կողմից սիրամարգի փետուրներով նրանց վրա հով են անում ժեխուհիներ Նառան և Արփինեն:

Եվ ահա առաջինն ասպարեզ են մտնում գլադիատորներ Իշխանն ու Ալենը: Իշխանը զինված է Մաուզերով, Ալենը՝ սուր միկրոֆոնով: Նրանք կանգնում են կայսեր օթյակի առջև և բացականչում. «Մահվան գնացողները ողջունում են ձեզ»: Կայսրը ժպտում է, և մարտը սկսվում է:

Հենց սկզբից Իշխանը ճնշում է Ալենին: Չնայած Իշխանը կյանքում բանակում ծառայած չի լինում, բայց «Մաուզերին» լավ է տիրապետում: Դրանով երկու անգամ հարվածում է Ալենի քթին ու երեսին, վերջինս միկրոֆոնով խփելու հուսահատ շարժումներ է անում, բայց՝ ապարդյուն: Տեսնելով, որ ուժերն անհավասար են, Ալենը զենքը գցում է ու շարժվում է դեպի ելք:

«Էս ո՞ւր»,- հարցնում է ինքը: «Գնում եմ ոստիկանություն՝ հաղորդում տալու»,- ուսերը թոթվելով պատասխանում է Ալենը: Անմիջապես մի խումբ դաշնակ գլադիատորներ մուտքի մոտ մի իշաբեռ ավազ են լցնում, որ Ալենը չփախչի:

Օգտվելով դրանից, Իշխանը Մաուզերով զգետնում է Ալենին, ոտքը դնում վրան ու նայում օթյակին:

Հանդիսականներից 17-ը բացականչում են. «Սատկացրու դրան», ինքն էլ բութ մատը ներքև է ցցում: Կայսր Վազգենը հայացք է գցում կողքի օթյակում նստած ռուսական լեգեոնի հրամանատար Արթուրի ուղղությամբ: Վերջինս դեմքի արտահայտությամբ նշան է անում, և կայսրը հայտարարում է. «Գլադիատոր Ալեն, ես քեզ կյանք եմ պարգևում»:

Իշխանն ու Ալենը գլխիկոր հեռանում են, հաջորդը գլադիատորներ Գառնիկ Զուլումի և Նիկոլ Թավշեցու մարտն է: Սրանք առանց զենք են լինում: Պիտի ձեռնամարտի բռնվեն: Ուզում են ողջունել կայսերը, բայց վերջինս 20 րոպեով դուրս է եկել:

Գոնգը հնչում է, և մարտը սկսվում է: Բայց դեռ իրար չկպած, Գառնիկը տեսնում է Նիկոլի դեմքն ու ամֆիթատրոնին նայելով, գոռում է. «Մի միլիոն դինար եմ տալիս նրան, ով իմ տեղը կսպանի Նիկոլին»: 

Փողի անունը լսելով, մի քանի հայրենասեր ժեխ՝ Բագրատ Հունանեցու գլխավորությամբ, թափվում են արենա: «Քեզ չէի՞նք զգուշացրել, որ հանձնվես, թե չէ էն բանից ենք անելու»,- գոռում է Բագրատն ու հարձակվում Նիկոլի վրա: Մարտը շատ կարճ է տևում, ժեխերը բռնում են Նիկոլի ոտ ու թևից, ու նայում օթյակին: Ինքը բութ մատը տնկում է ներքև ու բացականչում. «Մահ, մահ Նիկոլին»:

Բագրատն ավտոմատը վերցնում է, որ խզակոթով խփի Նիկոլի գլխին, բայց այդ պահին ամֆիթատրոնի դռները թափով բացվում են ու ներս են լցվում մի խումբ խաղաղապահներ՝ թագավոր Վլադիմիրի գլխավորությամբ: Սրանք զինաթափում են բոլորին, Վլադիմիրը մոտենում է կայսեր օթյակին և հանդիսավոր տոնով հայտարարում. «Ողջունեք ձեր նոր կայսրին»: 17 հանդիսական բացականչում են. «Կեցցե՜ կայսրը»: 

Ինքը գույնը գցում է, բայց հետո խրոխտ հայացքով կանգնում է և գոռում. «Մահ, մահ Վլադիմիրին»: Վլադիմիրը բութ մատը վերև է տնկում, հետո՝ ներքև, հետո՝ նորից վերև ու խաղաղապահները բարձրանում են օթյակ:

Արթնանում է ԱԺՄ գրասենյակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ