...

Վախի աչքերը մեծ են

Վախի աչքերը մեծ են

Ս.թ. հունիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր դաշինքի անդամների հետ և մասնավորապես ասել. «Այսպիսի իշխանությանը առողջ հասարակությունը չպիտի քվեարկեր»: 

Սակայն այս արտահայտությանն անդրադառնալուց առաջ նշենք, որ «Հայաստան» դաշինքի լիդերը, փորձելով ներկայացնել իրենց անհաջողության պատճառները, խոսել է ընտրակեղծիքների, լրատվական տեռորի, հասարակության սոցիալական բևեռացման «թեզի» մասին՝ մեղադրելով իշխանություններին:  

Ռ. Քոչարյանը պնդում է, որ կա՛մ մեր հասարակությունը զրկված է ինքնապահպանման բնազդից, կա՛մ (ամենայն հավանականությամբ այդպես էլ կա) իշխանությունները մարդկանց խորը մոլորության մեջ են գցել:

Պնդումների հետ կարելի է համաձայնել, կարելի է նաև չհամաձայնել, սակայն ինքը՝ Ռ. Քոչարյանը, նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ ինչպե՞ս Ն. Փաշինյանին հաջողվեց իրեն և իր թիմակիցներին ներքաշել իռացիոնալ, մանիպուլյատիվ մի դաշտ, որտեղ պարտությունն անխուսափելի էր: 

Ի դեպ, քարոզարշավի սկզբում Ռ. Քոչարյանն իսկապես լուրջ տպավորություն էր թողնում, անգամ թվում էր, թե դասեր է քաղել անցյալից, մանավանդ երբ խոսում էր արժանապատիվ խաղաղությունից: Բայց…

Բայց հակառակորդները գտան հնարը: Նախ դիպան միակ տղամարդու թույլ կետին. Նիկոլ Փաշինյանը խոսակցություն բացեց տղամարդկությունից, և Քոչարյանը չդիմացավ ու սկսեց լաչառությանը լաչառությամբ պատասխանել: Հետո Փաշինյանին մուրճ նվիրեցին, և Քոչարյանի խորհրդատուներն անմիջապես հիշեցին բոլշևիկյան մեկ այլ խորհրդանիշի մասին: Շեֆի ձեռքը մանգաղ տվեցին: Թշվառ պատկերն ամբողջացավ: 

Նախընտրական հանդիպումների ժամանակ Ռ. Քոչարյանը չդիմացավ մեկ այլ գայթակղության ևս: Նա պնդեց, թե լավ է, որ իրենից վախենում են և վստահեցրեց, որ ճիշտ էլ անում են: Դրան հետևեց, որ «մաշեցնելու եմ մինչև քոքը», ինչին էլ հաջորդեց նրա «ոգևորիչ էներգետիկայով» երևանյան հանրահավաքը և դրեց վերջակետը: Մարդիկ իսկապես վախեցան Ռ. Քոչարյանի իշխանության վերադարձից և քվեարկեցին հօգուտ Փաշինյանի: Ահա այսպե՛ս վախը դարձավ գործոն: 

Իսկ հիմա անառողջ հասարակության մասին: Այստեղ ճշմարտության հատիկ կա: Սակայն այն բոլորովին էլ Քոչարյանի պատկերացրածը չէ: Այսպես.

1.    Պատերազմը շատ բան է փոխել: Մեր հասարակությունը շոկից դուրս չի եկել: Մենք ապրում ենք անդադար տագնապի վիճակում: Եվ ահա շատերի համար անվտանգային վախերին ավելանում է նաև քոչարյանական վախը: 

2.    Պատերազմից 7-8 ամիս անց նույնիսկ հաղթող հասարակությունն առողջ չէ, ուր մնաց թե պարտվածը հիվանդ չլիներ:

3.    Ռ. Քոչարյանի դաշնակից ՀՅԴ-ն իր ազգակործան, ոչմիթիզական ճառերով թեժացնում է պատերազմի սարսափը: 

Այսքանը՝ առողջության մասին: Իսկ Ռ. Քոչարյանին ասենք, որ

1.    Իրենք՝ նորընծա ընդդիմադիրները, անթաքույց արհամարհանքով էին վերաբերվում սոցիալական որոշակի խավի և չէին խորշում այլանդակ պիտակավորումից: Այդ խավը պատասխանեց համարժեք քվեարկությամբ:

2.    Արդեն նշել ենք, հիմա կրկնենք. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ընդդիմությանը թելադրել իր ուզած իռացիոնալ խոսույթը: Ռ. Քոչարյանն ու թիմակիցները խայծը կուլ տվեցին և մտան մի դաշտ, որտեղ կանխավ պարտված էին: 
Ի դեպ, արժե, որ պ. Քոչարյանը պատասխան պահանջի իր խորհրդականներից:

Ուրեմն նախ պետք է վերլուծել սեփական սխալները և խուսափել հասարակությանը որակումներ տալուց:

Վերջում նշենք, որ արտահերթ ընտրությունն իսկապես չի տեղավորվում բանականության դաշտում, որովհետև նոր ԱԺ-ում ունենալու ենք վտանգավոր, անմեղսունակ իշխանություն և նույնքան վտանգավոր ու հիշաչար ընդդիմություն: 

Կարևոր փաստը հետևյալն է. հասարակության բանական հատվածը պարտվեց՝ չկարողանալով փոխել մեծամասնությանը դրսից և ներսից թելադրված ապակառուցողական խոսույթը:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ