...

Վերածնվող Հայաստանի ներդրումը Ադրբեջանի բյուջեում

Վերածնվող Հայաստանի ներդրումը Ադրբեջանի բյուջեում

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որը փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄՆ դոլար: «Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաև հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանի մեկնարկն է, երբ արդեն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բյուջեն են հարստացնում»,- եզրակացրել է թերթի լրագրողը:

Ակամայից անեկդոտ հիշեցինք, երբ Հայաստանը մի ժամանակ գնում էր դեպի պայծառ ապագան, ու հանկարծ ավտոտեսուչը կանգնեցնում էր։ Հիմա մոտավորապես նույնպիսի իրավիճակային կոմիզմ է։ Հայաստանը գնում է դեպի խաղաղության դարաշրջան, իսկ հայրենական մամուլը պետավտոտեսուչի դերում է հանդես գալիս։ Բայց Նիկոլ Փաշինյանը խրոխտ է ու հպարտ, ուստի՝ չի բացառվում, որ խաղաղությունը չարագացնող հրապարակումները արգելող նոր օրենսդրական նախաձեռնություն սկսի, որով կքրեականացվեն, ասենք, հարևանների նկատմամբ «երբեմն թշնամի» ձևակերպումը գործածելու և խաղաղ համակեցությունը խոչընդոտելու բոլոր փորձերը։ Ինչ վերաբերում է խնդրի տնտեսական ասպեկտին, ապա դե, մեր բյուջեն գերակատարել ենք, հիմա էլ ժամանակն է զարկ տալ հարևանի բյուջեի զարգացմանը։ Վերածնունդը հենց այսպես էլ լինում է։  

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ