...

Վերջին տանգոն հայկական «Տիտանիկի» պարասրահում

Վերջին տանգոն հայկական «Տիտանիկի» պարասրահում

Հայ-ադրբեջանական սահմանի թշվառ վիճակի ու Հանրապետության հրապարակի ճոխության աչք ծակող կոնտրաստը միայն իշխանությունների չտեսության մասին չէ։ Մեծ հաշվով՝ դա ճշգրիտ արտացոլումն է այն կոնտրաստի, որն առկա է Հայաստանի շուրջ ընթացող զարգացումների և երկրի ներսում «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» տրամաբանությամբ շարունակվող առօրյայի միջև։ 

Թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Արցախի շուրջ՝ հասկանալի է։ Ադրբեջանը հերթով չեղարկում է պատերազմից հետո ձեռք բերված կամ իբր ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սկզբում «ջրվեց» Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման թեման, հետո՝ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության միջազգային մեխանիզմներ գտնելու վերաբերյալ իբր ձեռք բերված համաձայնությունը, հետո՝ Լաչինի միջանցքը բացառապես ռուսական վերահսկողության տակ թողնելու համաձայնությունը, և այս ամենն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը հրադադարին հաջորդած երկու տարիներն օգտագործել է բացառապես նոր պատերազմին նախապատրաստվելու համար, և որքան բարձրացնում է պատրաստվածության մակարդակը՝ այնքան մեծացնում է սադրանքների մասշտաբներն ու աշխարհագրությունը։ Ուշադրություն դարձրեք՝ միջազգային գրեթե բոլոր հեղինակավոր վերլուծական կենտրոնները նոր պատերազմը համարյա անխուսափելի են համարում, իսկ Ադրբեջանի պահվածքը գնահատում են որպես նոր պատերազմի քարոզչական նախապատրաստման փուլ (ընդ որում՝ ավարտին մոտեցող)։ 

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։ Նրանք, իհարկե, չեն կարող չհասկանալ դա, բայց ակնհայտորեն՝ մտադիր չեն կանխել պատերազմը ու չեն էլ աշխատում այդ ուղղությամբ։ Վերցնենք թեկուզ նույն «Մանկական Եվրատեսիլը»։ Այո, միջազգային չափանիշներով դա երկրորդական-երրորդական միջոցառում է, բայց խնդիրն այն չէ, որ կարելի էր, օրինակ, այդ մի քանի միլիոնով մի քանի տասնյակ դիրք կահավորել։ Խնդիրն այն է, որ եթե պետությունն իր թիվ մեկ խնդիրը համարեր նոր պատերազմը կասեցնելը, այդ նույն Եվրատեսիլը կծառայեցներ քարոզչական նպատակների և սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո պաշտոնապես կհրաժարվեր այդ միջոցառման կազմակերպումից՝ այն պատճառաբանությամբ, որ Հայաստանն ագրեսիայի է ենթարկվել, և այդ ագրեսիայի հետևանքները վերացված չեն։ Ու Եվրոպայի բոլոր երկրների լրատվամիջոցներն ուզած-չուզած գոնե մի քանի նախադասությամբ կանդրադառնային դրան։ Կամ՝ «պատերազմից հինգ պակաս» վիճակում գտնվող երկիրն անհեթեթ պատճառաբանություններով չէր հրաժարվի ռազմատեխնիկական աջակցությունից․․․ Իշխանությունները, իհարկե, տարբեր հարթակներից ինչ ասես՝ կարող են ասել, բայց նրանց կոնկրետ քայլերից տպավորություն է ստեղծվում, որ անհամբեր սպասում են, թե երբ է Ադրբեջանն «անսպասելիորեն» հարձակվելու և գրավելու այն, ինչն իրենք հրաժարվում են «թղթերով հանձնել»։ Իսկ տարբեր տեսակի շոուները հենց նրա համար են, որ հարձակումը շատերի համար իսկապես էլ անսպասելի լինի, ու ցայտնոտի մեջ հայտնված հասարակությունը չհասցնի հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ 

Երբ Խնձորեսկ գյուղի՝ Ջերմուկի «դժբախտ-դժգույն սարերում» ունեցվածքը կորցրած բնակիչն ասում է, որ ինքը շարունակելու է ապրել իր հայրենիքում, որովհետև «գրին-քարտ» չունի, նա, մեծ հաշվով, բավականին ճշգրիտ է բնորոշում մեր այսօրվա հասարակությունը։ Իշխանական (և ընդդիմադիր) վերնախավի մի քանի տասնյակ հազար ճարպիկները վաղուց արտասահմանում տուն-տեղ էլ ունեն, բիզնեսներ էլ, տանն էլ պատրաստ պահում են «տագնապի ճամպրուկները»՝ կանխիկ գումարով ու «վիզաները խփած» անձնագրերով, և նրանց համար նոր պատերազմն ընդամենը բնակավայրի փոփոխություն է լինելու։ Հետո՞ ինչ, որ մեր «Տիտանիկը» մեծ արագությամբ մոտենում է այսբերգին, չէ՞ որ իրենք նախօրոք ամրագրել են իրենց տեղերը փրկամակույկներում ու կարող են մինչև վերջին վայրկյանը վայելել կյանքը։ Իսկ ահա «սպասարկող անձնակազմին» պետք է մինչև վերջին վայրկյանը անտեղյակության մեջ պահել, թե չէ կհասցնեն աղմուկ բարձրացնել, ու այդ դեպքում ոչ մի «ամրագրում» չի օգնի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ