...

Վիրավոր գազանն ավելի վտանգավոր է

Վիրավոր գազանն ավելի վտանգավոր է

Քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է: Եվ, ցավոք սրտի, այդ հնարավորի զինանոցում միայն քաղաքական բարձր գիտակցությամբ քաղաքացիներ չեն, որ չենթարկվեն մանիպուլյացիաների, չդառնան ապատեղեկատվության և հակաքարոզչության զոհ:

Կարելի է երկար ծիծաղել և հեգնել Ծառուկյանի քաղաքական ու հռետորական հմտությունները, փորձել հիշել, թե վերջին երեք տարում Վանեցյանը որքան է դավաճանել, փորձել գուշակել, թե էլ ինչ պետական դավաճանության է պատրաստ Քոչարյանը, երբ վերջապես Մարուքյանը կձերբազատվի փեսայի խնամակալությունից և կլրջանա, երբ վերջապես Դաշնակցությունը կդառնա մի փոքր ազգային, երբ հանրապետականները վերջապես խիզախություն կդրսևորեն և կփոխեն թե՛ կուսակցության անունը, թե՛ կուսակցության առաջնորդին, բայց նաև սխալ կլինի անտեսել, որ նրանք միասին դեռ տիրապետում են մեծ ռեսուրսների և ներկայացնում են մեծ վտանգ Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:

Ռևանշիստների նախապատրաստությունները վկայում են, որ աշնանը նրանք պատրաստվում են իբրև վերջին մարտի: Իսկ ինչպես հայտնի է՝ վերջին մարտի ժամանակ չեն խորշում օգտագործել զինանոցի բոլոր այն զենքերը, որոնք մինչ այդ պահն ինչ-ինչ պատճառներով դեռ չեն օգտագործվել:

Հատկապես Քոչարյանին լրացուցիչ ներկայացնելու կարիք չկա, հանրությունը վաղուց գիտի, թե նա ինչի է ընդունակ՝ հանուն իշխանության և հարստության: Իսկ հանրային ակտիվությունը, տարատեսակ հարցազրույցներն ընդամենը իմիտացիա են, թե իբր նա սկսել է զբաղվել հրապարակային քաղաքականությամբ: Նա երբեք հրապարակային քաղաքականության շնորհիվ հաջողության չի հասել և վաղուց կորցրել է նրա միջոցով խնդիրներ լուծելու հնարավորության հանդեպ հավատը:

Նա կգնա ցանկացած սադրանքի, կօգտագործի աջակիցներին և մանր-մունր կուսակցություններին իբրև թնդանոթի միս, միայն թե հասնի իր նպատակին:

Գործող իշխանությունը պետք է չափազանց լուրջ վերաբերվի մարտահրավերներին, հասկանա, որ հակառակորդը ուշքի է եկել 2018 թվականի ջախջախումից հետո, շոկը անցել է և երկու տարի ժամանակ է տրվել կարգի բերելու իր շարքերը, հավաքելու նոր ռեկրուտներ, որոնք անհամեմատ ավելի ցինիկ ու վտանգավոր են, քան Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը, Հրանուշ Հակոբյանը, Հասմիկ Պողոսյանը և ուրիշները: Տարատեսակ սամսոնյանները և դանիելյանները, գիտնական դարձած արփինեները և եկամուտից կտրված հազարավոր նախկին պաշտոնյաները հիմա անհամեմատ ավելի վտանգավոր են: Վիրավոր գազանի համեմատությունը չափազանցություն չէ տվյալ պարագայում:

Իր հերթին իշխանությունը նույնպես պետք է առաջիկա սրացմանը պատրաստվի իբրև վերջին մարտի: Պարտության դեպքում նրանք ոչ միայն իշխանություն են կորցնելու, ոչ միայն վտանգելու են իրենց և իրենց հարազատների կյանքը, այլև պատմական հանցագործություն են կատարելու Հայաստանի առջև՝ իշխանությունը հանձնելով պետականության թշնամիներին:

Նախկիններին հրապարակային և շատ հանրամատչելի կերպով պետք է բացատրվի, որ թավիշն ավարտվում է, տունտունիկն այլևս ոչ միայն ձանձրացրել է, այլև դարձել է վտանգավոր: Ուստի այս անգամ հեղափոխությունը կավարտի այն, ինչ կիսատ թողեց 2018 թվականի մայիսին, քանի որ ինչ-որ ռոմանտիկներ հույսեր էին փայփայում, թե կարելի է վերադաստիարակել ռեցիդիվիստներին, մարդկանց, որոնք հանցագործությունը համարում են իրենց երկրորդ եսը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ