«Ռուսաստանը չի կռվի Ադրբեջանի դեմ, բայց, միևնույն ժամանակ, հայ ակտիվիստներն ու մեկնաբանները չպետք է բղավեն, թե իբր Մոսկվան «Հայաստանը վաճառել է թուրքերին»։ Ռուսաստանի Դաշնությունը հեռու է ԽՍՀՄ լինելուց, հետևաբար Հայաստանի ներսից հնչող նման հայտարարություններն էլ ավելի են մոտեցնում ընդհանուր տարածաշրջանային պատերազմը։ Ցանկանո՞ւմ եք, որ ռուսական կողմը ուղղակիորեն Ձեզ ընդունի, բայց նման իրավիճակում ոչինչ չի կարող անել, բացի պատերազմող կողմերի միջև ժամանակավոր զինադադարի հասնելուց։ Այո, նույնիսկ սա ավելի քան բավարար է Հայաստանի համար, քանի որ, կոպիտ ասած, ադրբեջանական բանակը դեռ գնալու տեղ ուներ։ Հակառակ դեպքում Երևանն այս պահին կստանար Հայաստանի քաղաքացիների ևս մի քանի հազար դիակ։ Ուստի ժամանակն է դադարեցնել նման աղմուկը, այլապես ամեն ինչ նորից կշարժվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։
Հայ ակտիվիստներն ու մեկնաբաններն, իհարկե, երկար և առանձին խոսակցության թեմա են։ Բայց մյուս կողմից էլ պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ ՌԴ-ն այս աղմուկը լռեցնելու կամ Հայաստանը թուրքերին վաճառելու բղավոցները ցածրացնելու հարցում կարծես թե առանձնապես շահագրգռված չէ։ Օրինակ՝ Հայաստանի սահմանային լարվածությունների ֆոնին ՌԴ-ն սկսում է սեթևեթել ՀԱՊԿ-ի մասով՝ հնարավորինս երկարաձգելով ընթացակարգը։ Շարքային քաղաքացու դիտանկյունից այս դանդաղկոտությունը ընկալվում է որպես երկիրը վաճառելու ևս մեկ փորձ, իսկ դրան ռուսական քարոզչամեքենան ոչ միայն չի արձագանքում, այլև հերթական առիթով միայն ընդգծում է Հայաստանի իշխանության հիմարության աստիճանն ու առաջ անցնում։ Տեսեք, քաղաքագետն ասում է, թե առավելագույնը, որ ՌԴ-ն կարող է անել զինադադարի հասնելն է, և սա ԱՎԵԼԻ ՔԱՆ բավարար է մեզ համար։ Հետո էլ վախեցնում է, որ Ադրբեջանը էլի գնալու տեղեր ունի, իսկ Հայաստանինը՝ մի քանի հազար դիակն է։ Թվում է, թե սա իրողությունների ռացիոնալ պատկերն է, որի հետ դժվար է չհամաձայնել, բայց հետպատերազմական դեպրեսիայի մեջ տառապող հանրության համար սա թիկունքից հարված է ընկալվում։ Քաղաքագետի անունն այս պարագայում չի էլ կարևորվում, փոխարենը մնում է նստվածքը՝ Ռուսաստանից և Պուտինից։ Մեկ էլ չարախնդությունը՝ խելոք մնացեք, թե չէ նորից պատերազմ կստանաք։
Գոհար Վեզիրյան