...

2016 թվականին խուսափեցինք աղետից

2016 թվականին խուսափեցինք աղետից

Այս հոդվածը երեկ չգրվեց, որպեսզի որևէ կերպ չանարգվի ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը: Բայց վերադառնալով այդ օրերին, պետք է փաստել՝ մեծ փորձանքից ենք պրծել, որ հեղափոխությունը տեղի չի ունեցել մինչև 2016 թվականի ապրիլը: Ինչ նկատի ունենք:

Նկատի ունենք, որ եթե հեղափոխությունը հաղթած լիներ մինչև 2016 թվականի ապրիլը, և Քոչարյանը, Սարգսյանն ու արբանյակներն արդեն այդ ժամանակ լինեին ընդդիմություն, թերևս շատ ավելի մեծ գին վճարեինք թե՛ զոհերի և թե՛ կորցրած տարածքների առումով: 

Իսկ այդպիսի հետևության ենք գալիս մեկ պարզ պատճառով: Դիտարկում ենք, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորում վերը թվարկված ուժերը պանդեմիայի ընթացքում, պրոյեկտում ենք այն ապրիլյան պատերազմի ժամանակաշրջանի վրա և հասկանում, որ աղետը անխուսափելի կլիներ:

Ադրբեջանի ռազմական նախապատրաստություններն առնվազն թարթած իշխանությունները մատի փաթաթան են սարքել, թե ինչու ՀՀ գործող իշխանությունները փետրվարի վերջին չէին հասկացել, թե ինչ մասշտաբի հետևանքներ է առաջացնելու կորոնավիրուսի տարածումը: Մինչդեռ նույն պատկերն է եղել աշխարհի բոլոր երկրներում: Մարտի սկզբին Թրամփը ասում էր, որ ոչ մի վտանգ էլ չկա, իսկ Պուտինը միայն մարտի երկրորդ կեսին չեղարկեց ապրիլի հանրաքվեն: Ներկայումս շատ հեշտ է օգտվելով համացանցից՝ վերականգնել քրոնիկոնը և հասկանալ, որ մերոնք անհրաժեշտ շատ գործողություններ արել են ավելի վաղ, քան հարևանները: Բայց իրենց պատերազմի միակ հաղթող անվանողները չէին նկատել ադրբեջանական զորքերի կուտակումները և հարձակման նախապատրաստությունները:

Տեսնելով ռևանշի ձգտող ուժերի այս օրերի հռետորաբանությունը՝ կարելի է պատկերացնել, թե ինչեր էին ասելու և անելու նրանք, եթե 2016-ին արդեն կորցրած լինեին իշխանությունը: Իհարկե, միանշանակ հայտարարելու էին, որ գործող իշխանությունները Ադրբեջանի գործակալներն են: Իրենց մեդիաներով տարածելու էին կեղծ փաստաթղթեր և բերելու էին անանուն աղբյուրների հավաստիացումները, որ Փաշինյանը հարյուր տոկոս վաճառվել է Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին ու ԱՄՆ-ին: Իհարկե, Սորոսը և մասոնները այդ հակաքարոզչության մեջ կունենային իրենց արժանի տեղը: Եթե հիմա ասում են, որ գործող իշխանությունները պետք է ռադները քաշեն և տեղը զիջեն պրոֆեսիոնալներին (միտքը պատկանում է քաղաքագետ Մելիք-Շահնազարյանին), ապա այդ ժամանակ, այդքան  բացթողումների դեպքում հաստատ կանցնեին գործի, որպեսզի վերադարձնեին իշխանությունը: Իհարկե, դա կարվեր իրենց համար հարազատ միակ ճանապարհով՝ զենքի միջոցով կփորձեին տապալել օրինական իշխանությանը:

Գործող իշխանությունը պետք է ի վերջո հասկանա, թե ինչ ռիսկեր կարող են ռևանշի ուժերն առաջացնել հետագայում՝ իրավիճակը սրվելու դեպքում: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ