...

36 տարի անց․ «զորիբալայանիզմից» «արմենգրիգորյանիզմ»

36 տարի անց․ «զորիբալայանիզմից» «արմենգրիգորյանիզմ»

Ղարաբաղյան շարժման 36-րդ տարեդարձն օրվա իշխանությունները, բնականաբար, որևէ կերպ չհիշեցին։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ այդ շարժումը ստեղծվել էր հատուկ այն նպատակով, որ Հայաստանը երբևէ անկախ պետություն չդառնա, հետևաբար՝ դա փաստացի հակահայկական շարժում էր։ Ղարաբաղի վերջին իշխանություններն էլ «հիշեցին» այնպես, որ ավելի լավ էր՝ ընդհանրապես չհիշեին։ ԼՂՀ-ն լուծարած չինովնիկները խրոխտ քայլերով մտան Եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին, մի երկու լրագրողի հրահանգեցին «ս․․․րները քաշել» ու ցրվեցին տներով։ Քաղաքական ուժերի ուղերձներն էլ մոտավորապես այն ոճի մեջ էին, թե «տեսա՞ք որտեղից ուր հասանք»։

Իրականում այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, 36 տարի առաջ սկսված ղարաբաղյան շարժման հետ կապ չունի։ Որովհետև 36 տարի առաջ սկսված այդ շարժումը 30 տարի առաջ ավարտվել է, ընդ որում՝ ավարտվել է փայլուն հաղթանակով։

Ո՞րն էր, ի վերջո, այդ շարժման նպատակը։ Ճիշտ է, Ադրբեջանի կազմում գտնվող, Հայաստանի հետ ցամաքային կապ չունեցող և տեղահանման մշտական սպառնալիքի ներքո ապրող Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին։ 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրված փաստաթղթով, որի տակ Ադրբեջանի ստորագրության կողքին նաև ԼՂՀ ստորագրությունն էր, այդ հարցը լուծվեց․ Լեռնային Ղարաբաղը (ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ «հլը մի բան էլ ավել») փաստացի վերամիավորվեց Հայաստանին, հուսալի ցամաքային կապն ապահովվեց, տեղահանման սպառնալիքն էլ չեզոքացվեց։ Այսինքն՝ ղարաբաղյան շարժումը հասավ իր տրամաբանական ավարտին, իսկ մնացածն արդեն միջպետական բանակցությունների հարց էր։ 

Ուշադրություն դարձրեք՝ այդ վեց տարիների ընթացքում տարբեր «ռազմավարական մոտեցումներ» կային։ Մեկը պայմանական «զորիբալայանական ռազմավարությունն» էր՝ մոտավորապես «Լենին-պարտիա-Գորբաչով» կարգախոսներով ու ռուսներին շողոքորթելու և նրանց իրենց իսկ շահերը բացատրելու միջոցով համոզելով, որ լավ կլինի՝ ռուսները Ղարաբաղը մեզ տան, իսկ մյուսը Ղարաբաղի ինքնապաշտպանությունը կազմակերպելն էր ու մարզի փաստացի ինտեգրումը Հայաստանին՝ հետագայում միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով։ Արդյունքում «զորիբալայանական ռազմավարությունը» պարտվեց, որովհետև պաշտոնական Կրեմլը (այսինքն՝ «Լենին-պարտիա-Գորբաչովը») որոշեց Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, բայց ԽՍՀՄ-ը փլուզվեց, և երկրորդ ռազմավարության կողմնակիցները փայլուն հաջողություններ արձանագրեցին։

Ցավոք՝ 1998-ի պետական հեղաշրջումից հետո «զորիբալայանական ռազմավարությունը» վերադարձավ, ու 20 տարի շարունակ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հիմքում այն համոզմունքն էր, թե Ղարաբաղի հարցում ոչ մի բան անելու կարիք չկա, կարելի է հանգիստ արհամարհել միջազգային իրողությունները, որովհետև եթե լավ շողոքորթենք ու ռուսներին բացատրենք իրենց իսկ շահերը՝ նրանք նոր պատերազմ թույլ չեն տա։ 

Իսկ հետո հայտնվեց Նիկոլ Փաշինյանը․․․ Հայտնվեց ու սկզբում ընդամենը մի թեթև խմբագրեց «զորիբալայանական ռազմավարությունը»։ Այն իմաստով, որ ռուսներին շողոքորթելու կարիք չկա, կարելի է նույնիսկ մի քիչ հայհոյել՝ Արևմուտքին շողոքորթելու շրջանակներում, որովհետև ռուսները, միևնույն է, իրենց իսկ շահերից ելնելով նոր պատերազմ թույլ չեն տա։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո այս խմբագրված «զորիբալայանիզմը» դարձավ, այսպես ասենք, «արմենգրիգորյանիզմ», որի իմաստը սա էր՝ «լավ, ռուսների հարցում սխալվեցինք ու Ղարաբաղը կորցրեցինք, բայց եթե Արևմուտքին լավ շողոքորթենք ու նրանց բացատրենք իրենց իսկ շահերը՝ հաստատ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա թույլ չեն տա»։ 

Ու պետք չէ զարմանալ, որ այսօրվա Հայաստանում ղարաբաղյան շարժման բուն իմաստն ու արձանագրած հաջողությունները մոռացության են մատնված։ Մի երկրում, որի «քաղաքական դաշտը» ճողված է «զորիբալայանիզմի» ու «արմենգրիգորյանիզմի» միջև, ո՞վ պիտի ցանկանա խոսել մի շարժման մասին, որի հաղթանակի գաղտնիքը հենց այդ կարգի կրավորական «իզմերից» հեռու մնալն էր։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ