...

«3+2», կամ «зря бороды сбрили»․․․

«3+2», կամ «зря бороды сбрили»․․․

Համաձայնվեք՝ հազվադեպ է լինում, որ ընտրությունների հաջորդ օրը մարդիկ արթնանան, ծանոթանան արդյունքներին ու շվարած իրար երեսի նայեն՝ այդպես էլ չհասկանալով, թե ով է հաղթել։ Երևանի քաղաքապետի ընտրությունների դեպքում հաղթողի փնտրտուքն անիմաստ է․ հաղթող չկա։ Նիկոլ Փաշինյանի «ուսապարկն» էլ է պարտվել, ընդդիմությունն էլ։ Պարզապես ՔՊ-ի խայտառակ ձախողումն ավելի աչք ծակող է։

Իսկ ինչո՞ւ է այդ ձախողումն այդքան խայտառակ։ Որովհետև իշխող քաղաքական ուժը մի տարի շարունակ գովազդում էր իր «ուսապարկին», ամբողջ պետական ապարատն ու վարչական ռեսուրսը դրել էր նրա տրամադրության տակ, քարոզարշավի ժամանակ ծախսեց ավելի շատ փող, քան բոլոր մյուս 13 ուժերը միասին, մոբիլիզացրեց հնարավոր բոլոր «տասովշչիկներին», ռելոկանտներին և այլն, Նիկոլ Փաշինյանն անձամբ մտավ «բորդյուր լիզեցնելու» իր հիստերիկ ամպլուայի մեջ, և․․․ ստացավ ընտրողների ընդհանուր ձայների ընդամենը 9,1 տոկոսը։ Մի խոսքով՝ ինչպես «3+2» ֆիլմի հերոսն էր ասում, «зря бороды сбрили»․․․  (Տիգրան Ավինյանը, ի դեպ, իսկապես էլ սափրել էր մորուքը, իսկ ընտրությունների արդյունքները 3+2 են՝ անցողիկ շեմը հաղթահարել են 3 ընդդիմադիր և 2 իշխանական ուժեր)։ 

Բայց ընդդիմությունը նույնպես պարտվել է, որովհետև մեծ հավանականությամբ՝ չի կարողանալու հասնել քաղաքապետի պաշտոնին, և քաղաքի կառավարումը փաստացի մնալու է այն ուժի ձեռքին, որի օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 9,1 տոկոսը։ Թե ինչ մեխանիզմներով է Նիկոլ Փաշինյանը պահելու քաղաքապետի աթոռը՝ այլ հարց է (տարբերակները բազմաթիվ են), բայց փաստն այն է, որ ընդդիմությունը չկարողացավ հաղթել 9,1 տոկոսանոց ուժին։ 

Հիմա՝ ամենակարևորի մասին։ Ընտրողների 71,5 տոկոսն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին, ու դա երևի կարգին ուրախացրել է ՔՊ-ականներին, որովհետև միայն այդպիսի խայտառակ ցածր մասնակցության դեպքում էր հնարավոր 75 հազար ձայնով ստանալ 32,5 տոկոս։ Մինչդեռ իրականում մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշը պիտի սարսափեցներ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին։ Թե ինչու՝ կարծում ենք, հասկանալի է։ Որովհետև փաստացի իրավիճակը հետևյալն է․ իշխող քաղաքական ուժի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը մեծանում է, ատելությունը՝ նույնպես, այդ ուժն ունի ընդամենը 9,1 տոկոս վարկանիշ, այսինքն՝ իշխանափոխության պահանջարկն ահռելի մեծ է, իսկ ժողովրդի 71,5 տոկոսը, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը, ընտրությունները չի դիտարկում որպես իշխանափոխության միջոց։ Հարց՝ այդ դեպքում ի՞նչն է դիտարկում։ Պատասխանն ակնհայտ է՝ փողոցային պայքարը։ Այսինքն՝ պետական հիմնարկներ շրջափակելն ու գրոհելը, «կախաղանները», «գնդակահարության պատերը» և այդպես շարունակ։ Ու հենց սա է, որ իսկապես պիտի սարսափեցներ իշխանություններին՝ իրենց նկատմամբ օրեցօր աճող խուլ ատելությունն ու միաժամանակ ընտրությունները որպես իշխանափոխության գործիք մերժելը։

Տրամաբանական կլինի, եթե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե փորձի «խաղեր տալ», «մուտիլովկաներով» զբաղվել և տարբեր կասկածելի մեխանիզմներով պահպանել Երևանի քաղաքապետի պաշտոնը, այլ հակառակը՝ սուսուփուս ընդունի սեփական պարտությունը։ Որովհետև այդ դեպքում իր իշխանությունը մերժող բացարձակ մեծամասնությունը կփոխի վերաբերմունքը ներքաղաքական գործընթացների նկատմամբ, կհավատա, որ այնուամենայնիվ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, ու հետևաբար՝ չարժե «այլ գործիքակազմ» կիրառել։

Բայց մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, հակառակը կանի․ կսկսի բոլորին իրար դեմ հանել, ուժայինների միջոցով պահպանել իշխանությունն ու այդպիսով մեծացնել իր իշխանության դեմ «այլ գործիքակազմի» կիրառման հավանականությունն ու «գործիքների» տրամաչափը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ