ԵՐԿԻՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ
Ի՞նչ կանեք, եթե իմանաք, որ ձեր երեխայի մաթեմատիկայի ուսուցիչը առարկան չգիտի: Ենթադրում եմ, որ կպահանջեք հեռացնել նրան դպրոցից և հրավիրել նորմալ մասնագետի:
Ո՞ւմ եք վստահում ձեր տան վերանորոգումը, մի՞թե թույլ կտաք, որ այդ պատասխանատու աշխատանքը կատարեն գործից ոչինչ չհասկացող մարդիկ: Իհարկե, դուք կվարձեք այնպիսի վարպետների, որոնք տեղը տեղին գիտեն իրենց անելիքը: Ավելին, նախօրոք կհետաքրքրվեք, կիմանաք, թե նրանք ինչի են ընդունակ:
Ի՞նչ կանեք, եթե ձեզ առաջարկեն դպրոցում մաթեմատիկա դասավանդել, սակայն դուք չունեք համապատասխան կրթություն և գիտելիք: Համոզված եմ՝ կհրաժարվեք նման առաջարկից, իսկ առաջարկ անողին կհամարեք առնվազն թեթևամիտ: Բայց... Բայց եթե մաթեմատիկայի ուսուցիչն ստանար 1 միլիոն դրամ աշխատավարձ, ի՞նչ կանեիք...
Եվ այսպես, մեր երեխային անգրագետ ուսուցչի չենք վստահի, մեր տունը ապաշնորհ վարպետի ձեռքը չենք տա: Մեր երեխային գրագետ մանկավարժ է պետք, որովհետև մենք չենք կարող նրա գործն անել, մեր տան համար սանտեխնիկայից գլուխ հանող վարպետ է պետք, մեզնից շատերը նրա գործը չեն կարող անել:
Իսկ երկիրն ո՞ւմ ենք վստահում: Մի՞թե երկիր կառավարելն ավելի հեշտ է, քան սանտեխնիկա վերանորոգելը: Ինչո՞ւ ենք կարծում, թե մեզնից յուրաքանչյուրը կարող է վարչապետ կամ նախագահ լինել: Ինչո՞ւ ենք կարծում, որ Ազգային ժողովի պատգամավորը օրենսդրի համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ չպետք է ունենա: Ինչու՞ ենք ընտրում մարդկանց, որոնք, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրենց բարձր կոչմանը: Եվ ինչո՞ւ են այդ մարդիկ ձգտում պատգամավոր, նախարար կամ վարչապետ դառնալ, եթե պետություն կառավարելու մասին շա՜տ աղոտ պատկերացումներ ունեն:
Գուցե ճի՞շտ էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ասում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Հովիկ Աբրահամյանը սա ասում էր, որովհետև ինքն ու իր կուսակցությունը ոչ թե քաղաքականությամբ էին զբաղված, այլ իրենց պաշտոնները չարաշահելով: Եվ դա գիտեինք բոլորս, դա հին պատմություն է, որի արմատները տանում են դեպի Խորհրդային Միություն: Այո՛, սիրելի երիտասարդ ընթերցողներ: Այդ երկրում, հատկապես նրա գոյության վերջին տասնամյակում պետական, կուսակցական աշխատանքը նյութական բարիքներից օգտվելու մեծ հեռանկար էր բացում: Եվ սա էր պատճառը, որ այդ ժամանակաշրջանում կոմկուսի անդամատոմսը արդեն վաճառվում էր: Երևանում այն արժեր 1000 ռուբլի: Փոքր գումար չէր:
Անկախ Հայաստանի առաջին իշխանությունները դժվարին երկընտրանքի առջև էին հայտնվել: Նախկին կուսակցականներին ժողովուրդը չէր վստահում, նորերը կառավարման փորձ չունեին: Սակայն Արցախյան շարժման 2 տարիները Հայաստանում երկիշխանություն էին ստեղծել, և 1990 թվականին երկրի կառավարումն ստանձնած մարդիկ գիտելիք և փորձ էին կուտակել նաև բարդագույն խնդիրներ լուծելու համար: Բացի սրանից՝ պետք է հիշեցնեմ, որ ՀՀ առաջին նախագահին ժողովուրդն ընտրեց՝ հաշվի առնելով նրա բացառիկ գիտելիքներն ու անձնային հատկանիշները, և չսխալվեց:
Սակայն դեռևս Խորհրդային Միությունում ձևավորված հոգեբանությունը կոտրել մեզ չհաջողվեց: Պետական պաշտոնը մինչ օրս համարում ենք անձնական հարցեր լուծելու միջոց, ոչ թե աշխատանք, որի համար անհրաժեշտ է հատուկ գիտելիք և հմտություն:
2018 թվականի հեղափոխության առաջնորդը խոստանում էր հետ բերել նախկինների թալանը: Շատերին թվում էր, թե նրանց ձեռքից խլվելիք հարստությունը նորերն անմիջապես տալու են ժողովրդին: Ինչպե՞ս: Այս հարցը ոչ ոք չի տվել: Ահա այս և նման ցածրակարգ այլ խոստումներով իշխանության եկածները շահեցին շատ-շատերի վտահությունը: Ձեզ նաև ներշնչեցին, որ յուրաքանչյուրդ կարող եք վարչապետ լինել, 3 միլիոն վարչապետ ունենք: Պարզվեց՝ ոչ մեկը չունենք: Հիմա էլ վստահության որոշակի տոկոս պահպանել են: Հիմա, երբ ապաշնորհ, անգրագետ գործունեությամբ, ավելի ճիշտ՝ անգործությամբ կորստյան մատնեցին Արցախը, 5 հազար երիտասարդների նահատակության, մոտ 10 հազարի հաշմանդամության պատճառ դարձան: Պահպանել են, որովհետև ձեզ ահաբեկում են նախկիններով:
Իսկ նախկինները երկնքից չէին ընկել, նախկինները նույնպես ձեզնից են, մեզնից են: Դուք եք նրանց մանդատ տվել փողով, ահաբեկումներով կամ հավատով: Ահաբեկողներն էլ են մեզնից, ձեզնից, մեր մենթալիտետի ծնունդն են:
Մտածենք սրա մասին: Իսկ երկիրը մեր երեխան է, ծնողը, երկիրը մենք ենք: Ուրեմն երկրի կառավարումը պետք է վստահենք նրանց, ովքեր մեզանից լավ են հասկանում կառավարման գործը:
Մաթեմատիկայի ուսուցչի պաշտոնից, հուսով եմ, կհրաժարվեք, եթե ձեզ նույնիսկ 1 միլիոն դրամ աշխատավարձ խոստանան, որովհետև կվախենաք խայտառակ լինելուց...
Զարուհի Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021