Իբր մեդիապաշտպան Աղասի Ենոքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են պետք։
Ադրբեջանցի դիվանագետները հայտարարում են, որ չեն կարող բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա ունակ չէ պայմանավորվածությունները կատարել։
Կրեմլին մոտ կանգնած ռուսական մեդիան միարժեքորեն պնդում է, որ ռուսական միջնորդության հիմնական խոչընդոտը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
Արևմտյան դիվանագետները լուռ են։
Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը, և միայն նա անձամբ կարող է վերացնել այդ խոչընդոտը, քանի որ այս հանգամանքներում բնական է, որ ոչ ընդդիմությունը, ոչ էլ ժողովուրդը չեն կարող դնել իշխանափոխության պահանջ»։
«ՉԻ». Պատերազմը դադարեցնելու համար պետք է դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային, հետ շպրտել նրան ելման դիրքեր ու բանակցություններ պարտադրել:
Հակառակ պարագայում լինելու է կապիտուլյացիա, ինչը թերևս կլինի Ենոքյանի երազանքը: Ռուսական մեդիան նման պնդումներ չի արել, Ենոքյանը իր երազանքներն է պատմում: Ռուսական մեդիան ցանկանում է խաղաղապահներ տեղադրել, որը կլինի Հայաստանի և Արցախի անկախության վերջը: Եթե Ենոքյանը դա է ցանկանում, կարող է ուղիղ տեքստով ասել:
Ինչ մնում է ընդդիմությանը, հատկապես այն շրջանակներին, որոնց ներկայացնում է Ենոքյանը, ապա նրանք ոչ մի վայրկյան չեն դադարեցրել իշխանափոխության պահանջը, և այս կարգի գրառումները դրա լավագույն ապացույցն են:
Այստեղ Ենոքյանի խնդիրը չէ: Ռազմական դրություն է հայտարարվել, և ԱԱԾ-ն պարտավոր է նման կարգի գրառումներ անողներին կարգի հրավիրել: Հակառակ պարագայում նրանց քայքայիչ գործունեությունը նորանոր դրսևորումներ է ստանալու: