...

Գնացեք, ձեր տներում ցնցվեք

Գնացեք, ձեր տներում ցնցվեք

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանում երբեք իշխանափոխությունը չի եղել անցնցում։ 1998-ին տեղի ունեցավ հեղաշրջում, 2008-ի իշխանափոխությունն ուղեկցվեց մարտի 1-ով, իսկ 2018-ին ամբոխը գրոհեց Ազգային Ժողովի վրա և սպառնալիքների տակ ստիպեց հրաժարական տալ։ Այնպես որ, իշխանափոխության ժամանակ ցնցումները Հայաստանում օրինաչափ երեւույթ են և ոչ բացառություն։ Ընդ որում, նշված առաջին 2 դեպքերում ցնցումներով իշխանափոխությունը բերեց երկրի անվտանգության համակարգի ամրապնդման, հաղթանակների ամրագրման և տնտեսական ու սոցիալական զարգացման»։

«ՉԻ». Գիտե՞ք՝ զավեշտը որն է. այն, որ այս տողերի հեղինակը որպես քաղաքագետ է ներկայանում:

Մարդը գրում է բաներ, որ հերքում են անգամ նրանք, որոնց օգտին ձոնվել են այս տողերը: Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, 2008 թվականի «իշխանափոխությունից» հետո տնտեսական աննախադեպ անկում է գրանցվել: Իսկ տնտեսական անկումից հետո, անգամ Ենոքյանը պետք է հասկանար, որ չէր կարող լինել սոցիալական զարգացում: Եթե Ենոքյանը մի փոքր իրեն նեղություն տար և ծանոթանար պաշտոնական վիճակագրությանը, ապա կտեսներ, որ 2008 թվականից հետո աճել է թե՛ գործազուրկների, թե՛ աղքատների քանակը: Մյուս բանը, որ աճել է, ֆեյսբուքյան ստատուսչիների քանակն է: Թերևս Ենոքյանը իր շրջապատում անցկացրած մոնիթորինգի արդյունքում է հանգել այն եզրակացության, թե տնտեսական ու սոցիալական զարգացում է տեղի ունեցել:

Նույնը վերաբերում է անվտանգային համակարգի ամրապնդման մասին հիշատակմանը: Ապրիլյան պատերազմի արդյունքում կորսվել են տարածքներ, սպառազինությունների բալանսը էլ ավելի է շրջվել հօգուտ Ադրբեջանի: Իսկ թե ինչ անվտանգության ամրապնդման մասին կարելի է պնդել, թերևս հայտնի է միայն Ենոքյանին:

Եվ վերջապես, ընդդիմադիր շրջանակներին սպասարկող քաղաքագետները պետք է կողմնորոշվեն: Եթե 2018 թվականին խորհրդարանի դիմաց ցույց անելը իշխանության բռնի զավթում էր, ապա իրենք այսօր հենց դրանով են զբաղված: Պարզապես իրենց հարձակումը տևում է արդեն 20 օր, մի փոքր տարբերությամբ՝ երեք տարի առաջ տեղի ունեցած դեպքերի համեմատ 20 անգամ ավելի քիչ ուժերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   729 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ