«Մեդիա պաշտպան» Աղասի Ենոքյանը գրել է. «Ապրում ենք Հայրենիքի համար բախտորոշ ժամանակաշրջան։
Հայաստանի որոշ քաղաքացիներ պարբերաբար հրապարակումներ ու հայտարարություններ են կատարում, որոնք կարող են վնասել մեր հանրության միասնականությանը, հետևաբար՝ պաշտպանունակությանը և անվտանգությանը։
Կոչ եմ անում լրտեսել, հայտնաբերել և մատնել քաղաքացիների և լրատվամիջոցների նման հրապարակումները։ Մասնավորապես, ուշադիր եղեք «Սորոս» և «Իմ քայլը» քաղաքական խմբակների անդամներին, ովքեր պախարակում են Հայաստանի ու Արցախի հերոսներին, կասկածի տակ են դնում մեր պաշտպանունակությունը:
Օգնենք իշխանություններին բացահայտելու դավաճաններին, պառակտողներին ու պրովոկատորներին»:
«ՉԻ». Բուլգակովի «Շան սիրտը» պատմվածքում պրոֆեսոր Պրեոբրաժենսկին ասում է. «Որոշ մարդիկ, երբ ասում են, թե հարվածենք ամենաթողությանը, ծիծաղս գալիս է, որովհետև նշանակում է, որ այդ մարդիկ առաջինը իրենց վզակոթին պետք է հարվածեն, քանի որ հենց նրանք ենք ամենաթողության քարոզիչները»:
Հիմա երբ ԱՄՆ-ում բնակվող Աղասի Ենոքյանը հայտարարում է, թե պետք է ուշադիր լինել «Սորոս» քաղաքական խմբակի անդամների հանդեպ, պետք է օգնել իշխանություններին՝ բացահայտելու դավաճաններին, պառակտողներին ու պրովոկատորներին, մեր ծիծաղը գալիս է, որովհետև նշանակում է, որ առաջինը իր հանդեպ պետք է ուշադիր լինել և իրեն հետևել, քանի որ տարիներ շարունակ՝ 2003 թվականից ի վեր, «Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության» նախաձեռնության անդամ է եղել, կարկառուն սորոսական, որը բազմաթիվ գրանտներ է ստացել Սորոսի գրասենյակից, մասնակցել նրանց ծրագրերին:
Այս ամենը հիմա գրում ենք, որպեսզի օգնենք իշխանություններին բացահայտելու դավաճաններին, պառակտողներին ու պրովոկատորներին: