Ադրբեջանում չափազանց լուրջ ներկլանային պայքար է ընթանում: Հակամարտող կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է ցանկացած արկածախնդրության՝ միայն թե պահպանի դիրքերը կամ նոր դիրքեր նվաճի: Իհարկե, խոսքը ոչ թե սահմանային դիրքերի, այլ պետության ներսում ֆինանսատնտեսական դիրքերի մասին է:
Ադրբեջանում արդեն բացահայտ խոսում էին, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օրերը հաշված են: Եվ դա ասում էին մարդիկ, որոնք շատ ամուր կապեր ունեն իշխանությունների հետ: Իսկ հաշվի առնելով այդ երկրի քաղաքական կառուցվածքը՝ այդպիսի անկեղծությունները չեն կարող ինքնաբուխ լինել:
Եվ հիմա, ամենայն հավանականությամբ այն կլանը, որի դիրքերը փորձում են գրավել, դիմել է արկածախնդրության՝ փորձելով առնվազն հետաձգել իր հեռացումը բանակի ղեկավարությունից:
Եթե ադրբեջանական հարձակումը հաջողվեր, ապա հնարավոր չէր լինի Հասանովին հեռացնել բանակի ղեկավարի պաշտոնից: Հողեր գրավածին չեն հեռացնում: Բայց ադրբեջանական հարձակումը ձախողվել է: Սակայն, որքան էլ տարօրինակ է, դա կրկին հետաձգում է Հասանովի պաշտոնանկությունը: Հաշվի առնելով այսօր Ադրբեջանում ստեղծված իրավիճակը՝ Հասանովին հեռացնելը կնշանակի նաև պաշտոնապես խոստովանել, որ Թովուզի ուղղությամբ Ադրբեջանը պարտություն է կրել:
Եվ որքան էլ Իլհամ Ալիևը փորձի տարանջատվել Հասանովից, միևնույն է, հասարակությունը առաջնահերթ նրա վրա է դնելու պատասխանատվությունը: Ուստի, չի հեռացնի Հասանովին, որպեսզի ստիպված չլինեն ընդունել պարտության փաստը:
Այս պահին կշարունակեն հեռահար կրակի միջոցով գոնե ինչ-որ հաջողության հասնել, որպեսզի դա կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով: Արդեն իսկ ցուցադրում են ինչ-որ հենակետի ռմբակոծություն՝ հընթացս խոստովանելով չորրորդ զոհի մասին:
Ադրբեջանական արկածախնդրության ֆոնին ակտիվացել են նրանց հայաստանյան արքադաշները: Փորձում են սեպ խրել ռազմական և քաղաքական ղեկավարության, ռազմական առանձին գործիչների միջև: Հասել են այնտեղ, որ իբր Հայաստանի բանակի գլխավոր շտաբը կապ չունի ադրբեջանցիների նկատմամբ ունեցած հաջողությունների հետ, և դա միայն կորպուսի հրամանատար Գրիշա Խաչատուրովի ձեռքբերումն է: Դա շատ լավ պլացդարմ է հետագայում նրանց քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ ընդհուպ հեղաշրջումների մասնակից դարձնելով:
Իշխանությունը և հանրությունը ստիպված են երկու ճակատով կռիվ տալ՝ արտաքին և ներքին թշնամիների դեմ: 90-ականների սկզբին ամբողջ ներուժը դրվեց Ադրբեջանին հաղթելու համար և ուշադրություն չդարձվեց ներքին թշնամիների քարոզչական պատերազմին: Իսկ այդ ժամանակ հյուսված լեգենդները իրենց արդյունքը տվեցին մի քանի տարի անց՝ իբր քաղաքական ղեկավարությունը տեղյակ չէր ռազմաճակատի հաջողություններից: Անցյալի սխալներից պետք է հետևություններ անել, որպեսզի չպարզվի, թե քաղաքական ղեկավարությունը ցանկանում էր հողերը հանձնել, բայց մի քանի բարձրաստիճան զինվորականներ կանխեցին ծրագրվող դավաճանությունը:
Արիս Վաղարշակյան