...

Ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել․ Հայաստանի ԱԳՆ-ն չի գաղտնազերծում

Ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել․ Հայաստանի ԱԳՆ-ն չի գաղտնազերծում

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների: Այդ հարցում Հայաստանի մոտեցումը և նախապայմանների առաջքաշումը «միանգամայն անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը: Համաձայն Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած այսօրվա հաղորդագրության՝ Բայրամովը նշել է, որ սահմանազատումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևոր տարրերից է, և Ադրբեջանը հանդես է գալիս այդ գործընթացն անհապաղ մեկնարկելու օգտին: Հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղարին հաղորդվել է, որ Ադրբեջանը սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների սկսելու կողմնակից է։

Հայաստանի արտգործնախարարությունն այս անգամ արագ է կողմնորոշվել՝ քիչ առաջ հանդես է եկել պարզաբանմամբ։ Մասնավորապես՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: «Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»: 

Ստացվում է, որ Ադրբեջանն այս պահին հապաղում է կամ հրաժարվում է սկսել զորքերի հետքաշման գործընթացը։ Թերևս հենց սա է որակվում Հայաստանի կողմից «նախապայմանների առաջքաշում», որոնք «միանգամայն անընդունելի են» Ադրբեջանի համար։ Դե, արդեն եկել՝ տնավորվել են, էլ ո՞ւր հետ քաշվեն։ Չնայած իրավիճակային ենթադրություններին՝ վերստին ամրագրենք, որ ԱԳՆ-ն այդպես էլ չի գաղտնազերծում, թե ինչ առաջարկներ է Լավրովի միջոցով փոխանցել ադրբեջանցիներին։ Ի դեպ՝ Լավրովն ինքն էլ իր հերթին է օգտագործել առաջարկ, այլ ոչ թե պայմանավորվածություն բառը։ Չենք կարծում՝ վրիպել է։

Հ․Գ․ Քիչ առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին՝ ինչ առաջարկություններ է Նիկոլ Փաշինյանն ուղարկել Իլհամ Ալիևին, ասել է․ «Ադրբեջանին ներկայացված առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները»։ Վերջինս նաև հավելել է․ «Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։ Առաջարկությունները ներկայացրել ենք գրավոր և այս պահին դեռևս արձագանք չենք ստացել, ակնկալում ենք գրավոր արձագանք»։ Ինչպես նկատեցիք՝ բանավոր հայտարարություն արդեն եղել է, գրավորն էլ չի ուշանա։

Գոհար Վեզիրյան    

ՎԱՐԿԱՆԻՇ

   1347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ