...

Աղե՞տ, թե՞ ճանապարհ դեպի «նիկոլական երջանկություն»

Աղե՞տ, թե՞ ճանապարհ դեպի «նիկոլական երջանկություն»

Արցախի փաստացի կործանումը 2021 թ․ հունիսյան արտահերթ ընտրությունների ուղիղ հետևանքն է, որովհետև հենց այդ ընտրություններում տարած հաղթանակը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց շարունակել «ինչ պետք ա՝ էն էլ բանակցում եմ» գործելաոճը և արդյունքում Հայաստանի ու Արցախի գլխին նորանոր աղետներ բերել։ Բայց այն, ինչ ունենք այսօր, միայն մե՛ր տեսանկյունից է աղետ, Նիկոլ Փաշինյանի ու նրա «նեղ քաղաքական թիմ» կոչվող փոքրաթիվ զոմբիների տեսանկյունից՝ ոչ թե աղետ է, այլ դեպի «երջանիկ ապագա» տանող ծրագրի հերթական, ընդ որում՝ հաջողությամբ ավարտին հասցված, փուլ։ 

Միայն թե չասեք, որ չգիտեիք այս մասին։ Նիկոլն ասում էր, չէ՞, որ դժբախտ-դժգույն բնակավայրերն ու ամայի-անբնակ սարերը մեզ պետք չեն, իսկ բանակը ոչ թե երկրի տարածքը, այլ բնակչությանը պաշտպանելու համար է։ Դե հիմա ի՞նչ եք ուզում, ինչքան կարողացել՝ պաշտպանել է։ Ասում էր, չէ՞, որ կարևորը մարդկանց երջանկությունն է, ընդ որում՝ նաև երջանկության իր պատկերացումն էր ներկայացնում, այն է՝ կուշտ փորով հաց ուտել, երեխաներ մեծացնել, սիրել ու սիրվել, և վերջ (այս վերջին հարցում նրա տիկինն ավելի ակտիվորեն էր քարոզում)։ Դե հիմա ի՞նչ է պատահել, իր պատկերացմամբ՝ այդ հարցն էլ է լուծել, որովհետև բռնագաղթած արցախցիները Հայաստանում երևի ավելի կուշտ կլինեն, երեխաները՝ ավելի ապահով, այսինքն՝ իր պատկերացմամբ, ինքը նրանց երջանկություն է պարգևել։ Իսկ որ հայրենիք են կորցրել, դե հիմա․․․ պատահում է, չէ՞ որ երջանկության համար պիտի վճարել։ Նիկոլն ասում էր, չէ՞, որ Հայաստանը պիտի «տարածաշրջանում դիրքավորվի ոչ թե որպես սեպ, այլ որպես հարևան և գործընկեր»։ Դե հիմա ինչի՞ վրա եք զարմանում, մարդը հենց դրանով էլ զբաղվում է։ Ավելի կոնկրետ՝ վճարում է այն գինը, առանց որի, իր պատկերացմամբ, հնարավոր չի լինելու հասնել դրան։

Իսկ ո՞րն է այդ գինը՝ ըստ Նիկոլի։ Սյունիքի փաստացի հանձնումը (ամբողջությամբ), ադրբեջանցի «փախստականների» վերադարձը ՀՀ մի քանի մարզեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ «անցյալի կնճռոտ հարցերը» մեկառմիշտ փակելով, և Հայաստանի արտաբլոկային կարգավիճակի ֆիքսումը։ Այնպես չէ, որ Նիկոլի ուշքը գնում է այս գինը վճարելու համար, բայց քանի որ առանց դրա չի ստացվի՝ որոշել է վճարել։ Սա է։

Թե ինչպես պիտի վճարի՝ նույնպես կամաց-կամաց ուրվագծվում է։ Անձամբ իր համար կարևորագույն «սկզբունքը» հետևյալն է՝ այնպես վճարել, որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի», իրեն էլ դավաճան չասեն։ Դրա համար էլ ՔՊ-ականները չէին կարողանում թաքցնել իրենց հրճվանքը, երբ Ստեփանակերտը ռմբակոծելուն զուգահեռ Ալիևը գովեց իրենց շեֆին, նրան անվանեց «կոմպետենտ» ու հայտարարեց, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հրճվում էին, որովհետև դա համապատասխանում էր Նիկոլի պատկերացրած «վճարման սխեմային»։ Ըստ դրա՝ խաղաղության պայմանագրում պիտի անպայման ներառվի «ադրբեջանցի փախստականների վերադարձի» հարցը (հասկանալի է՝ առաջին հերթին Սյունիք և Սևանի ավազան), փաստաթուղթը կստորագրվի, ադրբեջանցիները կլցվեն Սյունիք ու անմիջապես տեղում կհռչակեն «Գյոյչա-Զանգեզուրի հանրապետություն», կլինեն բախումներ, ադրբեջանական բանակը կմտնի այնտեղ, բայց՝ հարցն այնպես կներկայացնի, որ պատերազմը վարում են «տեղի ինքնապաշտպանական ուժերը», այդպիսով կգրավեն Սյունիքը, բայց այդ տարածքը կշարունակի մնալ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք։ Կարևորը՝ ժողովուրդը կապրի կուշտ ու երջանիկ (այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին 25 տարի երջանիկ ապրում՝ 7 շրջան կորցրած լինելով)։

Այնպես որ՝ քաղաքական հարայհրոցի և համատարած ողբ ու կականի փոխարեն պետք է հստակ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչ ծրագիր է իրականացվում, և ինչպես կանխել դա։ Որովհետև հիմա հուզականության ժամանակը չէ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ