...

Ակամա հաղթանակի վնասները

Ակամա հաղթանակի վնասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական դաշտը ճահիճի նման է. տեսականորեն հայտնի է, որ այնտեղ բազմաթիվ գորտեր կան, բայց մինչև քար չգցես ճահիճը՝ կռկռոց չես լսի: Դատելով ամեն ինչից՝ քարը նետված է. արտաքին աշխարհին պետք է ցույց տալ, որ մեր ճահճում էլ գորտեր կան:

Քաղաքական կուսակցությունները մեկը մյուսի հետևից հայտարարություններ են անում այն մասին, որ Ղարաբաղի անկախությունից բացի որևէ այլ լուծում մեզ համար անընդունելի է: Նույնիսկ հատուկ այդ նպատակով նորանոր կազմակերպություններ են ստեղծվում: Նախագահը Ֆլորիդայում ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրելու, և ահա նա կանչել է կուսակցություններին ու հրահանգ տվել՝ գնացեք-հայտարարություններ արեք: Կուսակցություններն էլ անում են՝ առանց մտածելու, որ այդ ամենը մի բան է նշանակում՝ պատերազմ: Իսկ ամենաահավորն այն է, որ հասարակությունը թքած ունի դրա վրա: Ո՞րն է պատճառը, և ո՞վ է մեղավորը, որ հասարակությունն առ այսօր չի հասկանում խաղաղության գինը, հանրահավաքներ չի կազմակերպում ու չի ստիպում ռազմատենչ հայտարարություններ անողների զավակներին առաջինը ուղարկել Հորադիզ:

Հիմնական պատճառն, ըստ էության, մեկն է. ժողովուրդն իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները: Առաջին հայացքից այս միտքը տարօրինակ է հնչում, բայց դա իրականություն է: Հայաստանը հաղթել է ծանր պատերազմում՝ առանց երկրում ռազմական դրություն հայտարարելու, առանց համընդհանուր զորահավաքի, և կարևորը՝ ռազմական գործողություններ իրականացնելով իր տարածքից դուրս: Սա է պատճառը, որ խոսելով 92-94 թվականների մասին, ոչ ոք չի ասում «պատերազմի տարիներ», ասում են «խավարի ու ցրտի տարիներ»: Թշնամի պետությունը Հայաստան մտնող գազամուղը պայթեցնում էր՝ ասում էին «մերոնք են պայթեցրել, որ մոմը լավ վաճառվի»: Եվ ովքեր էին ասում՝ նույն մոմ վաճառողները: Կամավորները մեկնում էին ճակատ՝ ասում էին «գնում են, որ հետ գան, բուդկա վերցնեն»: Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ պատերազմը զոհողություններ է պահանջում յուրաքանչյուրից՝ մարդիկ պիտի ավելի շատ աշխատեն և ավելի քիչ ստանան, որովհետև աշխատող ձեռքերը պակասել են, իսկ պատերազմը շատ թանկ «հաճույք» է: Պետությունն օրինական ու անօրինական ճանապարհներով հարկեր էր հավաքում, որ ճակատ պահի՝ ասում էին «իրենք են թալանում, ոչ մի կոպեկ տեղ չի հասնում»: Բա որ չէր հասնում՝ ո՞նց հաղթեցին պատերազմը:

Երևանում կարծես տեղյակ էլ չէին, որ երկիրը պատերազմի մեջ է: Գնում էին աշխատանքի, գալիս էին տուն, հայհոյում էին իշխանություններին, և այդպես շարունակ: Կարծես միայն իշխանությունների հոգսն էր պատերազմը: Իսկ ժողովրդի համար մեկ էր. կպարտվեն՝ ավելի շատ կհայհոյեն իշխանություններին, չեն պարտվի՝ կհայհոյեն մթի ու ցրտի համար: Չպարտվեցին: Հայհոյում են մթի ու ցրտի համար:

Ամբողջ խնդիրն այն է, որ դրանից հետո Հայաստանում շատ բան է փոխվել: Առաջին հերթին՝ փոխվել են իշխանությունները: Ընդ որում, դա անձերի փոփոխություն չէր, դա հոգեբանության ու բարոյական չափանիշների փոփոխություն էր: Եթե պատերազմը վերսկսվի, դա լինելու է միանգամայն այլ պատերազմ, որի ողջ ծանրությունն ընկնելու է ժողովրդի ուսերին: Այս անգամ իշխանություններն են բանից բեխաբար լինելու: Պարզապես հայտարարելու են համընդհանուր զորահավաք ու մարդկանց քշելու են դեպի արևելք. դեռ լավ է, եթե չմոռանան հրացաններ բաժանել: Ու զանազան «հատուկ ստորաբաժանումների» համազգեստ հագած բաշիբոզուկները ներխուժելու են ցանկացածի տուն՝ «բանակի կարիքների համար» կոնֆիսկացնելով ինչ իրենց դուր կգա: Այ դա կլինի «նորմալ» պատերազմ: Այ այն ժամանակ ժողովուրդը կհասկանա, որ խաղաղությունը լավ բան է:

Ընդհանրապես, մարդիկ լինում են երեք տիպի. նրանք, ովքեր սովորում են ուրիշների սխալների վրա, նրանք, ովքեր սովորում են սեփական սխալների վրա, և նրանք, ովքեր ընդհանրապես երբեք չեն սովորում: Մենք բացառություն ենք. մենք ոչ միայն ընդհանրապես չենք սովորում, այլև սեփական սխալները գնահատում ենք որպես հաջողություն և խորացնում դրանք:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 175, մարտի 30, 2001 թ.

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ