Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններում պարտվեց երեք ամենախոշոր համայնքներում, և ինչո՞ւ է նա Հայաստանում աջուձախ բոլորին «ասֆալտին փռում», իսկ դրսերում դառնում հազիվ կմկմացող չխոսկան։ Առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող այս հարցերն իրականում նույն պատասխանն ունեն։
Գիտե՞ք, թե որն է քաղաքական գործչի և պետական գործչի ամենաէական տարբերությունը։ Քաղաքական գործչի հիմնական աշխատանքային գործիքը լեզուն է, իսկ պետական գործչինը՝ միտքը, պետական շահի գիտակցումը, այդ շահն ամեն ինչից վեր դասելու կամքը, և այլն։ Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն, իհարկե, մեր իրականության լավագույն քաղաքական գործիչն է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ճարտար լեզու ունի (ժողովրդի ասած՝ «լեզուն չլիներ, ագռավներն աչքերը կհանեին»), այլ որովհետև կարողացավ դրա շնորհիվ օգտագործել իր միակ շանսը և հասնել իշխանության։ Էն մեկի պես չասաց՝ «կներեք, տունը մարդ էր եկել», էն մյուսի պես չգնաց ոստիկանապետի հետ աղոթելու, հնարավորությունը տեսավ ու չանթեց իշխանությունը՝ առանց մտածելու, թե ինչ է անելու դրա հետ։ Տեսականորեն նա, իհարկե, կարող էր իշխանությունը չանթելուց հետո դառնալ պետական գործիչ։ Բայց դա ոչ բոլորին է տրված, ու նա այդպես էլ մնաց քաղաքական գործիչ՝ որպես միակ աշխատանքային գործիք ունենալով ճարտար լեզուն ու միամիտ խալխի ականջներից լապշա կախելով։
Սկզբում նրան երևի թվում էր, թե այդ հնարքը «դրսերում» նույնպես կաշխատի, ու սկսեց խոսել ղարաբաղյան բանակցություններն «իր կետից սկսելու» մասին, «երեք կողմերին բավարարելու» մասին, նույնիսկ Ալիևի հետ հանդիպումներից մեկի ժամանակ փորձեց Տիգրան Մեծի մասին ինչ-որ բան կմկմալ, բայց շատ արագ հասկացավ, որ դրսերում ճարտար լեզուն բանի տեղ դնող չկա, աշխարհով մեկ ծաղրուծանակի է արժանանում (լեզուների իմացության խղճուկ մակարդակն էլ՝ մյուս կողմից), ու հրաժարվեց դրանից։ Բա ուրիշ ի՞նչ անի, եթե իր ունեցած միակ զենքը չի աշխատում։ Մնում է միայն շողոքորթելը, որի դեպքում, ի դեպ, նույնպես խելք պետք չէ՝ միայն լեզուն բավական է։
Հիմա՝ ՏԻՄ ընտրությունների մասին։ Համապետական ընտրությունների ժամանակ կարելի է հիստերիկ գոռգոռալ ու սպառնալ, որ բոլորին աջուձախ ծեփելու է պատերին, թալանածը ետ է բերելու և այլն։ Բայց համայնքներում դա չի անցնում, որովհետև մարդկանց ոչ թե ճառ ասող է պետք, այլ կոնկրետ հարցեր լուծող համայնքապետ։ Ղեկավար, որին եթե ինչ-որ հարցով դիմես, չի ասելու «գնա միջազգային այսինչ կոնվենցիայով հաստատված այնինչ համակարգչային ծրագիրը ներբեռնիր, առցանց հերթագրվիր և սպասիր պատասխանի՝ նախապես ուղարկելով պատվաստումդ հաստատող QR կոդը» կամ ընդհանրապես չի արհամարհելու՝ այն պատճառաբանությամբ, թե «տո դու ո՞վ ես, արա՛, որ ինձանից բան ես պահանջում, չգիտե՞ս, որ շեֆս պողպատյա մանդատ ա ստացել»։ Ճարտար լեզվով կարելի է խաբել միայն վերացական հարցերում, իսկ եթե հարցը վերաբերում է կոնկրետ մարդու կոնկրետ կենցաղային շահերին՝ հայ մարդուն «ֆռցընելը» դժվար է։ Դրա համար էլ գեղեցիկ խոսքերով հնարավոր է մարդկանց համոզել, որ 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքն առանց մեկ կրակոցի հանձնելն օբյեկտիվ անհրաժեշտություն էր, բայց փորձիր այդ նույն մարդկանց համոզել, որ իրենց տնամերձ ցանկապատը կես մետր ետ քաշեն՝ օձի լեզուն է՛լ չի օգնի։ Այդպես է, անձամբ իրեն չվերաբերող հարցերում հայ մարդն «ականջներով է սիրում», իրեն վերաբերող հարցերում՝ աչքերով։
Հիմա մարդիկ կամաց-կամաց սկսում են հասկանալ՝ Հայաստանն այնքան է փոքրացել, որ սահմանի ցանկացած հատվածում հնչած ցանկացած կրակոց անձամբ իրենց է վերաբերում։ Այսինքն՝ «ականջներով սիրելու», և հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակը մոտենում է ավարտին։
Մարկ Նշանյան