...

Ալիևի իշխանության մնալը ձեռնտու է

Ալիևի իշխանության մնալը ձեռնտու է

Այս օրերին հայ-ադրբեջանական դեռևս մասշտաբներով փոքր, բայց, այնուամենայնիվ, պատերազմի ելքը որոշվում է ոչ միայն սահմանին, այլ նաև այն գործընթացներով, որ ծավալվում են Երևանում և Բաքվում:

Գաղտնիք չէ, որ 90-ականների հաջողության գրավականներից մեկը եղավ նաև այն հանգամանքը, որ ռազմաճակատում առաջին իսկ անհաջողություններից հետո հարևան երկրում սկսվեց իշխանության համար պայքար, որը իր հերթին է՛լ ավելի թուլացրեց այդ երկրի դիմադրողականությունը:

20 տարի հայկական ընդդիմությունը հասկանում էր Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունների ապիկար բնույթը, սակայն չէր գնում սրացումների՝ գիտակցելով, որ դա կարող է է՛լ ավելի լուրջ բարդություններ ստեղծել պետականության համար:

Երկու օր առաջ ռևանշիստները փորձեցին ինչ-որ ակցիաներ սկսել, բայց այն աստիճան թույլ էր հասարակական աջակցությունը, որ հասկացան՝ ավելի լավ է տեղափոխվեն սոցիալական ցանցեր և զբաղվեն փոքր ու մեծ մանիպուլյացիաներով: Ավելի հեռանկարային է փորձել ապակողմնորոշել հասարակությանը վարչապետի տիկնոջ ուղերձի և կառավարության նիստի ժամանակ նույն Փաշինյանի հնչեցրած հարցի համատեքստում, քան դուրս գալ փողոց և պահանջել իշխանությունների հրաժարականը: Հասարակական տրամադրությունների գիտակցմամբ է պայմանավորված նաև հայտնի շրջանակներից ոմանց կոչերը, որ պետք է մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները և համախմբվել բանակի շուրջ: Դա նրանք անում են ոչ թե պետականության նկատմամբ պատասխանատվություն ունենալուց, այլ հաշվի են առնում չոր հաշվարկը: Այս պահին առճակատման գնալու դեպքում կզրկվեն հասարակական աջակցության վերջին փշրանքներից և մարգինալներից կվերածվեն սովորական դավաճանների:

Այլ է Ադրբեջանի վիճակը: Իշխանությունը չի վայելում հասարակության աջակցությունը, և իշխանությունը պահվում է ուժի միջոցով: Տեսակետներ կան, որ երեկվա ցույցերը կազմակերպել էին իշխանությունները, սակայն ժամեր տևած երթերի ժամանակ չէր հնչում գեթ մեկ դրական խոսք Իլհամ և Մեհրիբան Ալիևների հասցեին: Իսկ ուղիղ եթերների քոմենթներում պարզապես ծաղրում, վիրավորում և դավաճան էին անվանում իշխանական զույգին: Եթե անգամ սկզբում ցույցը ուղղորդված էր իշխանությունների կողմից, ապա մի պահից այն դուրս եկավ վերահսկողությունից, երբ ցուցարարները մտան խորհրդարանի շենք, և ոստիկանությունը ստիպված եղավ արցունքաբեր գազ ու ջրցաններ կիրառել: Ոչ մի իշխանություն չի ցանկանա հարկադրանքի միջոցներ կիրառել այն պահին, երբ ռազմաճակատում պարտություններ ունի: Պատահական չէ, որ ի պատասխան՝ ցուցարարները բղավում էին՝ մենք հայեր չենք, ինչո՞ւ եք մեզ ծեծում:

Մեզ համար գոնե մոտ ապագայի առումով լավագույն սցենարը կլինի, եթե Ալիևը շատ լուրջ ուժ կիրառելով՝ դեռ պահպանի իշխանությունը՝ դրանով էլ ավելի խորացնելով իշխանությունների և ժողովրդի միջև առկա անջրպետը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ