...

Ալիևի փաստաբանը՝ Հ1-ի եթերում

Ալիևի փաստաբանը՝ Հ1-ի եթերում

Գաղթի քարավանը դեռ Երևան չհասած՝ մեղավորների փնտրտուքի գզվռտոցն արդեն սկսվել է։ Որովհետև Արցախը, այո, այլևս չկա, բայց թեման շահարկելու հնարավորությունն էլ հո չի՞ սպառվել։ Քանի կար՝ «Արցախը ծախելու» մեղադրանքով էին իշխանություն զավթում ու «Արցախը փրկելու» պատրվակով՝ պահպանում իշխանությունը, հիմա՝ Արցախը կորցնելուց հետո, աղետի համար միմյանց մեղադրելով են փորձելու պահպանել կամ զավթել իշխանությունը (ամեն մեկն իր ամպլուայի մեջ)։ 

Բայց կա մի սահման, որը, թվում էր, ոչ մի դեպքում հատել չի կարելի, որովհետև միմյանց մեղադրելը մի՛ բան է, թշնամուն արդարացնելը՝ բոլորովին այլ բան։ Բայց երեկ հատվեց նաև այդ սահմանը։ Գաղթի առաջին շարքերում Երևան հասած Սամվել Բաբայանը «սպարտիվկան» փոխելուն պես հայտնվեց ուղիղ Հ1-ի եթերում ու ներկայացրեց «հաղորդում հանցագործության մասին»՝ պահանջելով Հայաստան հասնելուն պես դատել ԼՂ նախկին ու ներկա նախագահներին և 22 պատգամավորներին։ Դե հիմա պահանջեց՝ պահանջեց․ այդ մարդիկ այսպես թե այնպես կանգնելու են դատարանի առաջ, ու զարմանալի էլ չի լինի, եթե նրանցից մի քանիսը Հայաստան գալու «երեսատեղ չունենան» ու մնան Ստեփանակերտում։ Բայց ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ասում Սամվել Բաբայանը։ Նա փաստորեն հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախում ոչ մի էթնիկ զտում էլ չի արել, նրանց նպատակն Արցախը հայաթափելը չէր, հակառակը՝ իրենք համաձայնվել էին Ղարաբաղին «ինքնավար հանրապետության» կարգավիճակ տալ, այն էլ՝ 4,4 հազար քկմ տարածքով (այսինքն՝ Հադրութով ու Շուշիով), մի խոսքով՝ Ադրբեջանը բացառիկ քաղաքակիրթ մոտեցում էր ցուցաբերում, բայց Ղարաբաղի հայերը չհամաձայնվեցին․․․ 

Երբ գաղթի առաջին ժամերին ադրբեջանցիները Հակարիի կամուրջն անցնող հայերին ստիպում էին տեսախցիկների առջև ասել, որ կամովին են լքում իրենց տները, ու նրանցից շատերն էլ՝ մի քանի մետր այն կողմ կանգնած ադրբեջանցի ավտոմատավորներից զգուշանալով, ասում էին, դա հասկանալի էր։ Բայց Սամվել Բաբայանն այդ նույն բանը ոչ թե Հակարիի կամրջի վրա է ասում, այլ Հ1-ի տաղավարում առոք-փառոք նստած։ Մարդն ասում է՝ չէ, ի՞նչ էթնիկ զտում, ի՞նչ բռնի տեղահանում, մեր բարեկիրթ հարևանը նման մտադրություններ չուներ։ Հասկանալի է, չէ՞, թե հետագայում Ադրբեջանն ինչ ինտենսիվությամբ է օգտագործելու նրա այդ ելույթը։ Ճիշտ այնպես, ինչպես ՄԱԿ-ում օգտագործեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հայ բնակչության համար անվտանգության ուղիղ սպառնալիք չկա։ Բայց Սամվել Բաբայանին ի՞նչ, նա հասել էր Երևան, իսկ այստեղ «արևի տակ տեղ ունենալու համար» պետք է անպայման տեղավորվել նիկոլականության «ծիրին մեջ», ընդ որում՝ ցանկալի է դա անել Հ1-ի եթերով։ 

Խոսքը, կրկնում ենք, այն մասին չէ՝ արդարացի՞ են Սամվել Բաբայանի հնչեցրած մեղադրանքները, թե ոչ։ Դրանք ակնհայտորեն արդարացի են, և նրա հիշատակած արկածախնդիրները հատ-հատ կանգնելու են առնվազն պատմության դատաստանի առջև (եթե անգամ ինչ-ինչ պատճառներով երկրային արդարադատությունից խուսափեն)։ Խոսքն այն մասին է, որ Սամվել Բաբայանը, հանուն սեփական շահերի կամ ամբիցիաների, Հ1-ի եթերում Ադրբեջանի ճակատից սրբում է ցեղասպանի խարանը։ Գուցե սա հենց այն գի՞նն է, որի դիմաց ադրբեջանցի «բանից բեխաբար զինվորները» Հակարիի կամրջի վրա «չեն ճանաչել» Սամվել Բաբայանին։ Գուցե գիտեի՞ն, թե Երևան հասնելուն պես ուր է շտապելու՝ «սպարտիվկան» փոխելուց անմիջապես հետո, ու ինչպես է աշխարհին տեղեկացնելու Արցախին «ինքնավար հանրապետության» կարգավիճակ տալու պատրաստ քաղաքակիրթ Ադրբեջանի մասին։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Դեռ լավ է, որ այդ գնի մեջ չի մտել Հ1-ի եթերից հայտարարելը, թե հնարավոր է՝ բենզինի պահեստի պայթյունը նույնպես արկածախնդիր հայ դավաճան չինովնիկների ձեռքի գործը լինի։ Չնայած՝ չի իմացվի, գուցե այդ տեքստն էլ մի ուրիշի համար են թողել։

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1501 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ