...

Իրական և կեղծ դավաճանների մասին

Իրական և կեղծ դավաճանների մասին

Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մոտավորապես այսպիսի միտք է հայտնել՝ պետք է սատկացնել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե ժամանակին ազատագրված տարածքները (այդ թվում՝ Քելբաջարի շրջանը) վերադարձնելու գնով ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորելու ծրագիրը մերժելը դավաճանություն էր։ Պրն Բաբայանն իր այս «միտքը» հիմնավորել է նրանով, որ Քելբաջարը մեզ համար ռազմավարական նշանակություն ուներ, ու հիմա հենց այդ տարածքից են ադրբեջանցիները ներխուժել ՀՀ տարածք։

Սամվել Բաբայանի վրդովմունքն ինչ-որ իմաստով տեղին է․ առանց դատ ու դատաստանի մի քանի հոգու, այդ թվում՝ իրեն, դավաճան են անվանում։ Իսկ ինչո՞ւ միանգամից դավաճան, գուցե իրենց արածն ընդամենը հիմարությո՞ւն էր։ Որևէ մեկը կարո՞ղ է ապացուցել, որ 1997-ին իրենք լավ էլ գիտակցում էին, որ կարգավորումից հրաժարվելը վաղ թե ուշ հանգեցնելու է աղետալի հետևանքների, բայց թքած ունեին դրա վրա և գերադասեցին այդ պատրվակով զավթել իշխանությունն ու անարգել թալանել երկիրը։ Եթե ապացույցներ կան՝ դա իսկապես պետական դավաճանություն էր, եթե չկան՝ գործ ունենք սովորական հիմարության հետ, որի համար, որպես կանոն, չեն դատում (մեկառմիշտ վռնդում են ասպարեզից, և վերջ)։

Բայց խնդիրն այն է, որ սրանք «կամ դավաճանություն, կամ հիմարություն» երկընտրանքը չեն ընդունում ու համառորեն պնդում են, որ իրենք ճիշտ էին։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ 1997-ին սրանց կողմից դավաճանաբար կամ հիմարաբար մերժված առաջարկներով Ղարաբաղն ու Լաչինի ամբողջ շրջանը դառնում էին փաստացի անկախ, Քելբաջարի շրջանի վերադարձն էլ տեղի էր ունենում միայն ԼՂՀ կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո, ընդ որում՝ այդ շրջանը մնում էր ապառազմականացված, և Ադրբեջանն իրավունք չէր ունենում զորք մտցնել այնտեղ։ Զավեշտը սրանց հիմնավորումներն են՝ «դեմ էինք, որովհետև Քելբաջարը մեզ պետք էր»։ Համաձայնվեք՝ սա ոչ թե քաղաքական միտք է, այլ մտքի բացակայություն։ Կա տարածք, որն իսկապես էլ լավ կլիներ մերը լիներ, բայց աշխարհը դա չի ընդունում, և ակնհայտ է, որ վաղ թե ուշ ստիպված ենք լինելու տալ, բայց չենք տալիս, որովհետև «ախր շատ լավ տարածք ա ու մեզ վիզ պետք ա»։ Սա շատ նման է «կապիկի սինդրոմին»։ Կճուճի մեջ նարինջ են դնում, հետո կճուճի բերանը նեղացնում այնքան, որ նարինջը դուրս չգա, կապիկը թաթը մտցնում է կճուճի մեջ, բռնում նարինջը, բայց հանել չի կարողանում։ Իսկ թաթն ազատել կարող է միայն մի դեպքում՝ եթե բաց թողնի նարինջը։ Ու պատկերացրեք՝ մի քանի փորձից հետո, համոզվելով, որ ոչ կճուճն է կարողանում ջարդել, ոչ նարինջը հանել, կապիկն ի վերջո «ֆայմում է» բաց թողնել նարինջն ու ազատել ձեռքը, չնայած «ախր շատ լավ նարինջ ա, իրեն էլ վիզ պետք ա»։ 

Նույնը, ի դեպ, կարելի է ասել նաև նախկինում ազատագրված մյուս շրջանների մասին, որոնց վերադարձը ժամանակին բացառում էին այն հիմնավորմամբ, թե դա անվտանգության գոտի է։ Եվ ի՞նչ, օգնե՞ց այդ անվտանգության գոտին։ Գուցեև օգներ, եթե մեր դեմ միայն Ադրբեջանը պատերազմեր, բայց մեր դեմ պատերազմին մասնակցեցին նաև Թուրքիան, վարձկան ահաբեկիչները․․․ Իսկ սա նշանակում է, որ մեր իրական «անվտանգության գոտին» ճշգրիտ արտաքին քաղաքականությունը պիտի լիներ, պարզ ասած՝ երկրորդ պատերազմից խուսափելու հնարավորություններ գտնելն ու դրանց խելամիտ օգտագործումը։ Հենց սա է, որ առ այսօր համառորեն չի ընկալվում, ու շատերը մինչև հիմա վստահ են, թե ամեն ինչ ճիշտ ենք արել, պարզապես բախտներս չբերեց՝ պարտվեցինք։ 

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն էլ, ի դեպ, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելը չէր (այդ իրավիճակում նրա փոխարեն ով էլ լիներ՝ երևի ստիպված կլիներ ստորագրել), նրա ամենամեծ սխալն այն էր, որ երկուսուկես տարի միջազգային տարբեր հարթակներում անիմաստ տրտինգ տալով՝ Հայաստանն ու Արցախը հասցրեց 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Այսինքն՝ գերադասեց շարունակել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, թեև պատերազմից խուսափելու իրական շանս հաստատ ուներ։ Եվ դրա համար պատմության դատաստանի առաջ (եթե այլ դատաստան չլինի) նրանք միասին են կանգնելու։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ