Երեկ օրը անցավ Ռոբերտ Քոչարյանի երկու դատավարությունների նշանաբանի ներքո: Մեկը չկայացավ, իսկ մյուսն էլ չկայացածի հաշիվ է: Դատավոր Դանիբեկյանը վերջում դառնալու է Գինեսի գրքի ռեկորդակիր՝ սկսված, բայց ըստ էության չսկսված դատավարության շնորհիվ:
Եվ այս ֆոնին գրեթե աննկատ անցավ այն հանգամանքը, որ պայթեց ռևանշիստների երկու տարի շատ խնամքով պատրաստված ամենամեծ տեղեկատավական փուչիկը: Երկու տարի է, ինչ նախկինները իրենց մեդիաներով, իրենց տեղական և ռուսական փորձագետներով հայտարարում են՝ Հայաստանը Արցախի վերաբերյալ վարում է շատ ինտենսիվ բանակցություններ և մոտ է Ադրբեջանի հետ խնդրի վերաբերյալ հանգուցալուծման: Իհարկե, նաև շարունակում էին, որ հանգուցալուծում ասելով՝ նկատի ունեն, որ հայկական կողմը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները:
Բայց նախկիններին հարվածեցին շատ անսպասելի տեղից: Երկու տարի հայկական ռևանշիստների բնական դաշնակից դարձած Իլհամ Ալիևը բռնեց և քաշեց: Մեջբերենք նրա ուղիղ խոսքը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատասխանում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, թե Ղարաբաղը Հայաստան է: Ինչո՞ւ չի պատասխանում. չէ՞ որ այդ հայտարարությունը առ ոչինչ է դարձնում իրենց հովանու տակ արվող աշխատանքները: Այդ հայտարարությունը փաստացի անիմաստ է դարձնում բանակցությունները: Արե՞լ են համանախագահները ադեկվատ արձագանք այս հայտարարությանը, ո՛չ: Հայաստանն արդեն 2 տարի է՝ փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը ու հայտարարում, որ Հայաստանը պետք է բանակցություններ տանի «ինքնակոչ» Լեռնային Ղարաբաղի ղեկավարի հետ: Այս հայտարարությանն էլ ադեկվատ պատասխան չի եղել: Մենք հստակություն ենք պահանջում: Բանակցությունների ընթացքն իրենց չի գոհացնում, այսօր «փաստացի չկան կարգավորման ուղղությամբ բանակցություններ: Չկա ոչ մի արդյունք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից: Դա ընդամենը ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի իմիտացիա է, իսկ մենք իմիտացիայով բանակցություններ չենք ցանկանում: Եթե կլինի առարկայական ընթացք, մենք բանակցություններին կմասնակցենք, հակառակ դեպքում անիմաստ բանակցություններից օգուտ չկա: Մենք սա ենք պահանջում Մինսկի խմբից և ամուր կառչած ենք մեր դիրքորոշմանը»:
Սա իսկապես գոտկատեղից ներքև հարված է Քոչարյանին, Սարգսյանին և նրանց սպասավորներին:
Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի առաջնորդը հիմա արեց այդ հայտարարությունը:
Նախ, Ադրբեջանում նույնպես շատ պայթունավտանգ իրավիճակ է: Նավթի գների աննախադեպ անկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել բյուջեի կատարման պահով: Սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է ավելի արագ, քան հարևան երկրներում: Եվ Ադրբեջանի ղեկավարը փորձում է միլիտարիստական հռետորաբանության միջոցով փոքր-ինչ շեղել հասարակության ուշադրությունը:
Բայց կա նաև երկրորդ պատճառ: Եթե ոչ ուղիղ, ապա միջնորդավորված Հայաստանի ռևանշիստները Ադրբեջանի ղեկավարությանը համոզել էին, որ Հայաստանի գործող կառավարությունը չունի երկար կյանք, իրենք հեղաշրջման միջոցով վերադարձնելու են իշխանությունը, պարզապես պետք է լռություն պահպանելով պաշտպանել այն տեղեկատվական փուչիկի գոյությունը, թե կան բանակցություններ և կոնկրետ փաստաթղթեր:
Հայաստանի իշխանությունը չէր կարող շատ ուղիղ և բաց տեքստով հայտարարել, որ բանակցություններ չկան: Եվ նախկինները շատ լավ գիտակցելով՝ դա օգտագործում էին արհեստական լարվածություն ստեղծելու և հասարակական վախեր առաջացնելու համար:
Առաջիկայում նախկինները գոնե որոշ ժամանակով ստիպված կլինեն դադարեցնել հնչեցնել «Արցախի ողբը» և կկենտրոնան միայն «Հայ-ռուսական հարաբերությունների ողբի» վրա: Ռեպերտուարում այն այնքան ժամանակ կլինի, մինչև մի նմանատիպ հարված էլ Ռուսաստանից չեն ստանա: Եվ արդյունքում, «մենյույում» կմնան Հայու գենը և ԼԳՏԲ վերաբերյալ մտահոգությունները: Հուսանք, որ գոնե վերջիններս չեն քաշի նախկիններին և չեն պայթեցնի նրանց արսենալի վերջին «ռումբը»:
Արիս Վաղարշակյան