Նախագահ Արմեն Սարգսյանը «Չորրորդ Հանրապետություն» է ցանկանում: Երևի Երրորդ Հանրապետությունն այլևս ակտուալ չէ կամ էլ չի արդարացրել իր սպասելիքները:
Չգիտենք, երբ կլինի այդ Չորրորդ Հանրապետությունը, ինչ դերակատարում կունենա Արմեն Սարգսյանն այնտեղ, բայց քանի որ նրա սիրտը «Չորրորդ» է ցանկանում, ապա մենք այդքան սպասելու փոխարեն նրան ռացիոնալիզատորական առաջարկ ենք անում. որ աշխատանքի անցնի «Չորրորդում»: Բայց ոչ թե «Հանրապետություն», այլ «Իշխանություն»: Այսինքն, մեր մոտ:
Իսկ ի՞նչ է, վատ գաղափար չէ: Նման համոզմունքներով մարդը լավ էլ կարող է «Չորրորդ իշխանությունում» նախագահի հաստիքով աշխատել: Հատուկ իր համար նման հաստիք կստեղծենք: «Չորրորդ իշխանության» նախագահ Արմեն Սարգսյան: Հնչում էլ է, է՜:
Խոստանում ենք, որ եթե համաձայնվի, ապա մեր բոլոր որոշումները, հոդվածները, նյութերը նախ իր հետ կհամաձայնեցնենք, հետո նոր կհրապարակենք: Ձեռքը կնիք էլ կտանք:
Ավելին ասենք, կարող ենք նրան մեր էջերում տեղ հատկացնել. շատ հաջող հետաքննող լրագրող կլիներ: Օրինակ, թող գրի Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ստվերային խութերի մասին: Չափազանց ինֆորմացված մարդ է, աղմկահարույց բացահայտումներ կանի:
Կամ՝ նավթի արդյունահանման համաշխարհային տենդենցների, հայ-ղազախական հարաբերությունների ու Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության մասին: Գժական բան կստացվեր: