«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղի ունեցավ Հայաստանի պատմության մեջ ամենաձախողված, ապիկար ու անիմաստ կառավարության ղեկավարի ամենաանհանջող ու տապալված մամուլի ասուլիսը»:
«ՉԻ». Տպավորություն է, թե այս երիտասարդը կամ երեկ է որոշել Հայաստան ներգաղթել կամ էլ վերջին 20 տարիներին սառեցրել էին և միայն հիմա են դուրս թողել սառնարանից: Քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրածը պետք է գոնե մի փոքր, գոնե մակերեսային պատկերացում ունենա Հայաստանի նորագույն պատմությունից:
Ղազինյանը նման գնահատականներ հնչեցնելուն զուգահեռ նաև դիֆերամբներ է ձոնում Քոչարյանին և Սարգսյանին՝ թերևս այդպիսով վարձահատույց լինելով նրանց, որ թույլ էին տվել իր ընտանիքին ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը տարիներ շարունակ Մալաթիայի տոնավաճառի վերածել: Ֆակուլտետ, որտեղ կային տոնավաճառի բոլոր ատրիբուտները, բացառությամբ սակարկելու հնարավորությունից: Այստեղ ընդունված չէր բանակցել ստուգարք և քննություն ստանալու արժեքի շուրջ:
Ղազինյանը պետք է ժամանակ գտնի և անպայման Քոչարյանի ու Սարգսյանի մի քանի ասուլիսներ դիտի: Իհարկե, դրանց ասուլիս անվանելը շատ մեծ ճոխություն է: Երկուսը միասին 20 տարվա ընթացքում չունեցան գեթ մեկ իսկապես լիարժեք ազատ ասուլիս: Կանչում էին մեկ, երկու, առավելագույնը 10 լրագրողի, նախապես իրար հետ քննարկում, կազմում հարցերը և այնուհետև իբր հնչեցնում: Բայց անգամ դա չէին կարողանում օնլայն հեռարձակել, որովհետև Քոչարյանը և Սարգսյանը ի վիճակի չէին առանց մոնտաժելու քիչ թե շատ բանական միտք արտահայտել:
Բացառություն է Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի ասուլիսը, որտեղ նա հնչեցրեց մտքեր, որ այսօր մաս են կազմում իրեն մեղսագրվող արարքների մեջ: Նույնը վերաբերում է Սարգսյանին: 2016 թվականին ինքնաթիռում հավատարիմ լրագրողների հետ ունեցավ ասուլիս, որտեղ հնչեցին պատասխաններ, որոնց տակից նա առ այսօր չի կարողանում դուրս գալ: Խոսքը մասնավորապես ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքների չափի և նշանակության մասին է:
Ղազինյանը հավակնում է դառնալ նախորդ իշխանությունների ամենաձախողված և անիմաստ հաճախորդներից մեկը: