...

Անդունդի վրա բացվող «հնարավորությունների պատուհանը»

Անդունդի վրա բացվող «հնարավորությունների պատուհանը»

Հայ հասարակությունը, երկու մասի բաժանված, հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին ու չարախնդում։ Մի մասը Զելենսկու վրա է չարախնդում («բա լավ ա՞, որ երկու տարի առաջ մենք էինք մենակ մնացել, իսկ դուք Ադրբեջանի հաղթանակն էիք շնորհավորում»), մյուս մասը՝ Պուտինի («բա լավ է՞ր, որ երկու տարի առաջ Արցախում Թուրքիայի հետ համատեղ բարդ օպերացիա էիք իրականացնում, դե հիմա գնացեք ոնց ուզում եք՝ պաշտպանվեք նույն «բայրաքթարներից», գուցե վերջապես հասկանաք, թե ով է ձեր իրական դաշնակիցը»)։ Մարդիկ էլ կան, որ այս ամենի մեջ «հնարավորությունների պատուհան» են տեսնում, իբր՝ մեկ էլ տեսար, մեզ մոտ էլ «մի բան կըլնի», ու Ղարաբաղը հետ կբերենք, Նախիջևանն էլ հետը։

Նման հակասական գնահատականների պատճառն ըստ երևույթին այն է, որ ամենօրյա քարոզչական հեղեղը մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Ամենատարածված մոլորությունները սրանք են․

1․ «Արևմուտքը վախեցավ և Ուկրաինային միայնակ թողեց, Զելենսկին նման բան չէր սպասում, բայց արդեն ուշ է»։ Իսկապե՞ս։ Բայց Արևմուտքը, ավելի կոնկրետ՝ ՆԱՏՕ-ն, բազմիցս հայտարարել էր, որ ոչ մի պարագայում ուղղակի ռազմական առճակատման չի գնա Ռուսաստանի հետ։ Եվ ընդհանրապես՝ Արևմուտքի նպատակը ոչ թե Ուկրաինային օգնելն է, այլ Ռուսաստանին վնասելը, իսկ դրանք տարբեր բաներ են։ Դրա համար էլ Արևմուտքն ընտրեց մասշտաբային պատժամիջոցները։ Դրանց արդյունքում Կիևի կամ Խարկովի վրա թափվող հրթիռների թիվը հազիվ թե պակասի, բայց Ռուսաստանն էապես կթուլանա, ընդ որում՝ երկար ժամանակով։ Այնպես որ՝ Արևմուտքն իր առջև դրած խնդիրը գոնե մասամբ լուծեց, իսկ ահա Ռուսաստանն արդեն իսկ պարտված է, ընդ որում՝ պարտվել է արդեն այն պահին, երբ առաջին զրահամեքենան հատեց ռուս-ուկրաինական սահմանը։

2․ «Արևմուտքը, ինչպես Պուտինն ասաց, «քցել է» Ռուսաստանին։ Խոստացել էր, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, բայց լկտիաբար խոստումը դրժում է»։ Իսկապե՞ս։ Իսկ ինչ է, Պուտինը լրջորեն հավատո՞ւմ էր այդ խոստումներին։ Եվ ընդհանրապես՝ աշխարհաքաղաքական հարցերում «քցել» հասկացություն գոյություն չունի։ «Քցվողներ»՝ այո, կան, դրանք այն պետություններն են, որոնք ուժային բևեռներին թույլ են տալիս օգտագործել իրենց, և վերջում, որպես կանոն, «քցվում են»։ Արևմուտքը ժամանակին այդպես է վարվել նաև Վրաստանի դեպքում, Ռուսաստանը՝ Սերբիայի ու Հայաստանի, և բոլոր դեպքերում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը «քցել են» հանուն իրենց սեփական շահերի։ Եթե Սաակաշվիլին, Զելենսկին կամ Նիկոլը սա չեն հասկանում՝ իրե՛նց պրոբլեմն է, բայց Ռուսաստանն ամեն դեպքում ոչ թե «քցվողների» քաշային կատեգորիայի մեջ է, այլ «քցողների»։ 

3․ «Գերտերությունների առճակատման ժամանակ պետք է ճիշտ կողմնորոշվել և կանգնել ուժեղի կողքին, որովհետև դա հնարավորություն կտա բաժին ստանալ հաղթանակից»։ Իսկապե՞ս։ Առաջին համաշխարհայինի ժամանակ էլ, երկրորդի ժամանակ էլ Հայաստանը հաղթողների ճամբարում էր, ի՞նչ ստացավ։ ՆԱՏՕ-ն այսօր անհամեմատ հզոր է Ռուսաստանից, և ի՞նչ, 2008-ին «ՆԱՏՕ-ի դաշնակից» Վրաստանն ի՞նչ ստացավ, Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմից ի՞նչ է ստանալու։ Շախմատի խաղատախտակի վրա զոհաբերվող զինվորի համար ի՞նչ տարբերություն, թե իրեն զոհաբերելուց հետո ով կհաղթի։ 

Մի խոսքով՝ այս ամենի մեջ «հնարավորությունների պատուհան» տեսնելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Որպեսզի հանկարծ չպարզվի, որ պատուհան կա, բայց դեպի անդունդ է բացվում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ